Ինչ գույք է հափշտակվել Բրյուսովի անվան համալսարանից. մեկնաբանում է նախկին ռեկտորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարությանը, ասաց, որ 2016 թվականին մենք անցկացրեցինք պաշարների գույքագրում եւ պարզվեց, որ 2008, 2009 եւ 2010 թվականներից կան մնացած պարտքեր: Դրանց վերաբերյալ ցուցակները Գայանե Գասպարյանն անձամբ է իր ձեռքով հանձնել դատախազությանը:

«Ոչ թե խախտումներ են, այլ ընդամենը պաշարների գույքագրում չի իրականացվել. ամբիոնների ստորաբաժանումների ունեցած նյութերի գույքագրում չի եղել: 2016 թվականին ուսումնասիրություններ ենք արել, բոլորը արձանագրել ենք եւ հանձնել ենք դատախազությանը»,- ներկայացրեց Գ. Գասպարյանը:

ArmLur.am-ի հարցին` այս ամենի հետ ի՞նչ անմիջական կապ ունի ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայր Արթուր Ավագյանը, ով ի դեպ, համալսարանի ֆինանսական գծով պրոռեկտորն է, նախկին ռեկտորը պատասխանեց. «Ես որեւէ բան չեմ կարող ասել: Դե, գույքագրումը, իհարկե, ֆինանսների հետ է կապված»:

Ապա ընդգծեց, որ նոր պարտքեր գրեթե չկան: «Շատ քիչ է: Դա էլ տարբեր ստորաբաժանումներիից անձանց կողմից վերցված գրքեր, ժողովածուներ են, որոնք դուրս չեն գրվել: Հիմնականում գրքեր են ու ժողովածուներ. թանկարժեք նկարներ, աթոռներ կամ սեղաններ չկան: Սրանք ոչ թե գողացված, յուրացված բաներ են, այլ դրանց փաստաթղթավորումը ճիշտ չի կատարվել: Այսինքն, պետք է ակտեր կազմվեին, որը չի արվել: Այդ ամբողջ ցուցակում, որն իմ կողմից ներկայացվել է դատախազություն, կան մարդիկ, որոնց մենք նույնիսկ չենք էլ ճանաչում, կան մարդիկ, որոնք հանրապետությունից դուրս են:

Դրանք հնուց եկած պարտքեր են, եւ ես անմիջապես իրենց հասցեներով ուղարկել եմ գրություններ, որպեսզի գան լրացնեն պարտքերը: Ով եկել է համալսարան, եկել է, ով չէ` նրանք ներկայացել են դատախազություն»,- ArmLur.am-ին ներկայացրեց համալսարանի նախկին ռեկտորը` նշելով, որ այդ ցուցակում տեղ չի գտել ֆինանսական գծով պրոռեկտոր Արթուր Ավագյանի անունը:

Մեր այն հարցին` Սուրեն Զոլյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ, Գայանե Գասպարյանը անկեղծացավ. «Հիմնականը իր տարիներին է եղել, իսկ մի փոքրիկ պոչիկ էլ մնացել է իմ տարիներին»:

Ի դեպ, նշենք, որ Գայանե Գասպարյանը ռեկտորի պաշտոնին եղել է 2012 թվականից մինչ այս տարվա հունիս:




Լրահոս