«ՎԱՐԴԱՇԵՆ» ՔԿՀ ՊԵՏԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՓՈԽԵ՞Լ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նշանակումից անցել է 2 ամիս, սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, նորանշանակ նախարարը շարունակում է ՔԿՀ պետերի փոփոխությունների իր սկսած գործընթացը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հերթը հասել է «Վարդաշեն» ՔԿՀ պետ ՀՀ արդարադատության գնդապետ Հովհաննես Հակոբջանյանին:

Մայիսի 25-ին, երբ Դավիթ Հարությունյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար, սկսեց կալանավայրերում իրավիճակ փոխելու քայլեր իրականացնել՝ հերթով փոխելով քրեակատարողական հիմնարկների պետերին:
Մասնավորապես, «Ժողովուրդ»-ը հունիսի 12-ին գրել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից եւ նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ պետ, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը ղեկավարելու է «Դատապարտյալների հիվանդանոցը»: Եվ ահա մեր հրապարակումից կարճ ժամանակ անց՝ հունիսի 17-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից հրապարակել էին, որ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը նշանակվեց «Աբովյան» ՔԿՀ-ի, իսկ Մանուկ Միքայելյանը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ:
Սակայն ՔԿՀ պետերի փոփոխությունը այսքանով չի ավարտվում, եւ մեզ հասած տեղեկություններով՝ հերթը հասել է «դիվանբաշուն». ՔԿՀ-ներում այս օրերին տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատրաստվում է փոխել «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հովհաննես Հակոբջանյանին եւ նրա փոխարեն ՔԿՀ պետ նշանակել Դավիթ Զաքարյանին:
Իսկ ով է Դավիթ Զաքարյանը եւ ինչով է աչքի ընկել: Պարզվում է, որ Դավիթ Զաքարյանը դեռեւս 2009-2010 թվականներին եղել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ, ու վերջինիս անունը կապված է ՔԿՀ-ում բացահայտված աղմկալի դեպքերի հետ:
Մասնավորապես դեռեւս 2010 թվականի հունիսի 25-ին «Վարդաշեն, քրեակատարողական հիմնարկի պետ Դավիթ Զաքարյանի լիազորությունները կասեցվել էին: ՀՀ քրեակատարողական վարչության լրատվական բաժինը վերջինիս պաշտոնի կասեցումը պատճառաբանել էր հետեւայլ կերպ. «Այն պայմանավորված է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացվող ծառայողական քննությամբ, որի արդյունքները հայտնի լինելուց հետո պարզ կլինի` Զաքարյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե՞ ոչ»:
Իսկ ինչի համար էր ծառայողական քննություն նշանակվել, ըստ մամուլում տարածված լուրերի՝ Դավիթ Զաքարյանի լիազորությունների կասեցման պատճառը եղել է այն, որ նա «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկին քրեակատարողական հիմնարկից «հանել է դուրս»: Հետագայում, մոտ մեկ ամիս անց, հայտնի է դարձել, որ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկից «դուրս հանելու» համար Զաքարյանի կողմից արված գրանցումն իրականությանը չի համապատասխանում: Այլ կերպ ասած՝ այն հիմքը, ըստ որի դատապարտյալը ՔԿՀ-ում չի գտնվել, իրականությանը չի համապատասխանել: Արդյունքում ծառայողական քննություն է սկսվել: Ավելին՝ ծառայողական քննության շրջանակում ԱԱԾ աշխատակիցները «Ալֆայի» տղաների ուղեկցությամբ այցելել էին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրվել էին մի շարք քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված դատապարտյալների գործերը:
Սա թերեւս միակ վարկած չէր, որ մամուլը առաջ էր քաշել:
Ըստ տարածված լուրերի՝ բացառված չէ, որ ՔԿՀ պետի լիազորությունների դադարեցման պատճառը եղել էր ԱԱԾ-ում գործունեություն ծավալած բանդայի հետ: Բանն այն է, որ դեռեւս տարիներ առաջ իրավապահները բացահայտել էին, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում են պահվել երկու կալանավոր, որոնք ուղղակի առնչություն ունեն ԱԱԾ-ի կողմից կատարված ապօրինի գաղտնալսումների հետ: Այսինքն՝ նրանց միջոցով գաղտնալսվել են ինչ-որ մարդկանց հեռախոսազրույցներ, որոնց վերծանումները բավականին թանկ գներով վաճառվել են օլիգարխներին:
Սակայն աղմկահարույց այս բացահայտումներից հետո ՔԿՀ պետը «ջրից չոր դուրս եկավ» եւ նրա լիազորությունները վերականգնվեցին: Ու հիմա չի բացառվում, որ նա կրկին ստանձի «Վարդաշեն» ՔԿՀ պետի պաշտոնը:
Արդյո՞ք Դավիթ Հարությունյանի «կադր» Դավիթ Զաքարյանին կրկին կվստահվի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը: «Ժողովուրդ»-ը այս հարցն ուղղեց ՀՀ քրեակատարողական վարչության լրատվական բաժնին, որտեղից հայտնեցին. «Նման տեղեկության չենք տիրապետում եւ առաջին անգամ Ձեզանից ենք նման տեղեկություն լսում»:
Մեզ մնում է սպասել զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՄԻԵԴ-ԻՑ ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ԽՆԴՐԵԼ
Հուլիսի 18-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչեւ օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի գործով ՄԻԵԴ ներկայացված բողոքի վերաբերյալ իրենց պարզաբանումները ներկայացնեն: Մեզ հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է տրամադրել Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը, ինչից ՀՀ-ում խուսափել են մինչ օրս:
Հիշեցնենք, որ Շիրխանյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, նրան դատարան են բերում պատգարակով, վերջինս ինքնուրույն չի կարողանում քայլել: Բայց նրա նկատմամբ շարունակվում է որպես խափանման միջոց կիրառվել կալանքը. մի հանգամանք, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն երկու հոդվածի խախտում է: Ի դեպ, մեզ տեղեկություններ էին հասել, որ իշխանությունները եվրոպացի որոշ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ լրջորեն անհանգստություն են լսել Շիրխանյանի գործով: Արդեն Հայաստանում քննարկումների ժամանակ որոշ չինովնիկներ խոստովանել են, որ այս գործը պրոբլեմ է դառնալու:
Այսպիսով՝ լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած ժամկետը, եւ «Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարարությունից հետաքրքրվեց, թե արդյոք ՄԻԵԴ-ի պահանջը իրականացվել է, ինչին ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արտակ Ասատրյանը հայտնեց. «Տեղեկացնում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ Եվրոպական դատարան) ՀՀ կառավարության խնդրանքով «Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 54547/16 գանգատի կապակցությամբ Եվրոպական դատարանի կողմից առաջադրված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումը ներկայացնելու ժամկետը Եվրոպական դատարանի կողմից երկարացվել է մինչեւ ս.թ. օգոստոսի 17-ը: ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարանին կտրամադրի վերջինիս կողմից պանաջվող բժշկական փաստաթղթերը սահմանված նոր ժամկետում»:
Չի բացառվում, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ՄԻԵԴ-ի կողմից սահմանված ժամկետում չի կարողացել ստեղծված իրավիճակից գլուխ հանել եւ լրացուցիչ ժամանակ է խնդրել Եվրոպական դատարանից բոլոր բժշկական փաստաթղթերը կազմելու համար: Ըստ էության Վահան Շիրխանյանի գործը գլխացավանք է դարձել ՀՀ իշխանությունների համար: Իսկ թե ինչ է սպասվում բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ցույց կտա ժամանակը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի քաղաքացու, որը մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է դարձել: Ձերբակալվածը 1995թ. ծնված տղամարդ է: Քննությունը պարզել է, որ ձերբակալված Գ. Չ.-ն, որը վարել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա, օգոստոսի 5-ին վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջը եւ նրա 5-ամյա երեխային, որոնք եղել են մայթի վրա: Նրանք տեղում մահացել են: Վարորդի մեղքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է 6-10 տարվա ազատազրկում:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է
Երեկ կամավոր ոստիկանություն է ներկայացել կին, որին երեւանյան խանութներից մեկի գանձապահը սխալմամբ 475 հազար դրամ էր տվել՝ 25 հազար դրամի փոխարեն: Նա հայտնել է, որ վերադարձրել է իրեն ավել տված գումարը: Նա հայտնել է, որ շփոթմունք է եղել, գումարը վերադարձվել է:

 

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Երեւանի կենտրոնի բնակիչներից մեկը ֆիզիկական բռնության է ենթարկվել ծնողի կողմից: Աղջիկը զանգահարել է ոստիկանության բաժին եւ հայտնել, որ վիճաբանության ժամանակ հայրն աթոռով հարվածել է իր գլխին, ինչի հետեւանքով իրեն պատճառվել է վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

 

 

ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
Երեկ ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղում գայլերը հոշոտել են ոչխարներ: Պարզվել է, որ գայլերը հոշոտել են 5 ոչխար եւ 20 այծ, իսկ 45 մանր եղջերավոր կորել է: Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Սասնա ծռեր» խմբի երկու անդամներ՝ Վարդան Գերավետյանը եւ Տիգրան Մանուկյանը, դեռ շարունակում են հացադուլը: Կալանավորների առողջական վիճակը բավարար է գնահատվում, եւ նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո: Հիշեցնենք, որ Վարդան Գերավետյանը հացադուլի մեջ է գտնվում հուլիսի 21-ից, իսկ Տիգրան Մանուկյանը՝ հուլիսի 24-ից:

 

 
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա: Պարզվել է՝ քաղաքացին, որը նախնական վարկածով ինքնասպանություն է գործել, մոտ 30 տարեկան երիտասարդ է: Դիակի ինքնությունը պարզվել է, նրա հարազատները եւս եղել են դեպքի վայրում:




Լրահոս