ԱՀԱԶԱՆԳ ՊԵՏՔ Է ՀՆՉԵՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում արձանագրված սպանությունները խիստ մտահոգության տեղիք են տալիս: Անհանդուրժողականության, անպատժելիության հետեւանքները շարունակում են ծանր դրսեւորումներ ունենալ: Մարդիկ իրենց առաջ ծառացած խնդիրները լուծում են՝ ինքնադատաստան տեսնելով: Մի դեպքում որդին հոր մահվան համար սպանում է մեկ այլ երիտասարդի, տարիներ շարունակ բռնության ենթարկված կինը կացնահարում է ամուսնուն, պարտքի շուրջ առաջացած տարաձայնությունների արդյունքում սգո սրահում սպանվում են 4 հոգի, եւ այսպես շարունակ:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ:
-Պարո՛ն Աբրահամյան, վերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում արձանագրված սպանությունները, կրակոցները, դանակահարությունները ցույց են տալիս, որ մարդիկ խնդիրները լուծում են՝ ինքնադատաստան տեսնելով: Ինչի՞ հետեւանք է սա:
-Բավականին ակտուալ եւ բարդ հարց եք տալիս: Ցավոք սրտի, իմ կարգի մարդիկ սիրողական գնահատականներ չեն կարող տալ: Օբյեկտիվ եւ ճիշտ գնահատական տալու համար պետք է տիրապետես հանցագործության ստատիստիկային, դինամիկային գոնե երկու-երեք տարվա ընթացքում:
-Վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրված դեպքերը արդեն մտահոգիչ են:
-Ուրեմն մեկընդմիշտ հիշե՛ք՝ հանցագործությունները բոլորը անխտիր սոցիալական երեւույթ են հասարակության մեջ, եւ հանցագործության հիմնական պատասխանատուն ոչ թե փոքրիկ կամ մեծ ոստիկանական կառույցն է, այլ գործող իշխանությունն է: Կոնկրետ հանցագործությունների բացահայտման ողջ պատասխանատվությունը ոստիկանության վրա է, հանցագործների հետախուզման, ձերբակալման ամբողջ գործողությունները ոստիկանների պատասխանատվությունն է, բայց կրկնում եմ՝ ամբողջ հանցագործության աճը, տեսակը, դինամիկան գործող իշխանությունների պատասխանատվության խնդիրն է:
-Կոնկրետ ինչո՞վ են պատասխանատու իշխանությունները ստեղծված իրավիճակի համար:
-Ցավոք սրտի, ամենալավ գրված օրենքները քիչ են՝ հասարակության գործողությունները, ապրելակերպը կարգավորելու համար, քանի որ գործող օրենքներից բացի՝ գոյություն ունի հասարակության արժեհամակարգ: Ամենապրիմիտիվ ձեւով բացատրեմ. ինչպես ասել է Մայակովսկին՝ «Ինչ բան է լավ, ինչ բան է վատ»: Ցավոք սրտի, հասարակության արժեհամակարգի փոփոխությունների հետ կապված չկարողացան նորը ստեղծել, այդ ուղղությամբ գործողություններ չկատարվեցին, ինքնահոսի թողեցին, հիմա երբեմն ֆիզիկայի կանոններին համապատասխան՝ մեր հասարակության մեջ որոշակի հարաբերությունները Բրոունյան շարժումն են դարձել իրենց ամենաայլանդակ, բռի դրսեւորումներով: Տարրական բան. շաբաթը երեք անգամ Կիեւյան կամրջից ինքնասպանության փորձեր են լինում, եւ ոստիկանական հսկողություն դնելով՝ խնդիրը չեն լուծի: Նորից եմ կրկնում՝ ընդամենը սոցիալական վիճակը մի քիչ լավանա, այդ ոստիկանների կարիքը այնտեղ չի լինի: Մեկ է՝ 10 ոստիկան էլ դնեն, միեւնույն է՝ սոցիալական դեգրադացիան հասարակությանը սպանում է, սոսկալի հիվանդություն է:
-Ի՞նչ անել՝ հիվանդությունը կանխելու համար:
-Դա լուծելու համար հասարակությանը պետք է բուժես, ոչ թե ոստիկաններին կանգնեցնես կամրջի տակ: Ոստիկանությանը այնքան հարցերի մեջ կարող եք մեղադրել, բայց այս երեւույթների համար ոստիկանությանը մեղադրելը սխալ է, ինքը այդ լծակները չունի: Հիմա բացատրեմ իրավիճակ, մարդը նստել է, դուրս է եկել, նախկինում կարողանում էին սոցիալական ադապտացիայի հարց լուծել, շատ արագ տեղավորում էին աշխատանքի, ցավոք սրտի, հիմա ոստիկանությունը այդ հնարավորությունը չունի: Կոպիտ ասած՝ երկուսից մեկը այսօր չի աշխատում: Այսինքն՝ իշխանությունը անտերի նման թողնում է մարդուն, որը իր օգնության կարիքն ունի: Հասկանում եք՝ հատակի տիղմը բարձրացել է հասարակության վերեւ, ամեն ինչ խառնվել է իրար:
-Բայց իշխանությունները լռում են:
-Այո՛, ցավոք սրտի, այդ կարեւոր հարցի վերաբերյալ ես լուրջ գիտական քննարկումներ չեմ տեսնում ո՛չ կառավարության մակարդակով, ո՛չ Ազգային ժողովի մակարդակով:
Ձեր անհանգստությունը կիսում եմ, սոսկալի բան է, հային ոչ բնորոշ դրսեւորումներ` մայրը երեխային է խեղդում, երեխան հորն է սպանում, սկեսրայրը՝ հարսին, դա մեր վարքագծի, մեր բարոյական նորմերի մեջ չտեղավորվող բաներ են: Ահազանգ պետք է հնչեցնեն, կառավարությունում մի ամբողջ նիստ պետք է նվիրեն սրան, թե որոշակի ինչ լուծումներ պետք է անել:
-Դուք մի քանի լուծում կնշե՞ք:
-Քիչ է մնում՝ այսպես ասեմ, տվե՛ք ինձ հենման կետ, եւ ես աշխարհը շուռ կտամ: Տվե՛ք ինձ իշխանություն, եւ ես այս հարցի լուծումը կտամ, սա, իհարկե, կատակ: Խելոք մասնագետներ կան, այս խնդիրը երկրորդ պլան չպետք է մղվի, որպեսզի կարողանան հասարակությանը առողջացնելու լուրջ ծրագիր իրականացնել: Այն, որ իբր ուզում են՝ տնտեսությունը զարգացնեն, այս ոլորտն էլ առաջին անհրաժեշտության ոլորտ պետք է լինի: Դրան գումարած մեր հասարակության մոտ արատավոր պրակտիկան պետք է արմատախիլ անել, որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր… անպատժելիության մթնոլորտը, իրավապահ համակարգի նկատմամբ հասարակության անվստահությունը:
Ասում են՝ սուտ մատնության համար հանցագործությունների թվի աճ կա, ասենք՝ քաղաքացին հայտնում է՝ իր նկատմամբ սեռական բռնություն են կատարել, հետո գնում, ասում է, թե նման բան չկա: Այս բոլորը ոչ թե այդ անձի մեջ է, այլ այս բոլորը ունի սոցիալական արմատներ, փողը տվել են, ինչ ուզում, անում են, բոլորը շահի խնդիր է, այսինքն՝ բարոյական նորմեր չկան, ինքը թքած ունի հասարակական կարծիքի վրա, դրա համար այսօր սա կասի, վաղը այլ բան: Կան զարմանալի դեպքեր. ով ում տեղը ուզեք, գնում, հանցանքը վերցնում է իր վրա, հասկանո՞ւմ եք՝ այս բոլորը սոսկալի հետեւանքներ են ունենում, դրա համար բոլորդ միահամուռ այս ոլորտի հետ կապված պետք է ահազանգեք իշխանություններին: Կարելի է խնդիրը լուծել, իրոք, ժողովուրդը մեղք է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ
Բնակչության անապահով խավերին աջակցող «Հուսո առագաստ» հիմնադրամը, որը Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցության հետ էր համագործակցում, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հիմնադրամի տնօրենին կալանավորել են:
Եվ այսպես՝ դեռեւս 2015 թվականին Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչները ահազանգել էին, որ իրենց գյուղում ձեռքի օճառ, ամանի հեղուկ, ապակի մաքրելու միջոց, զուգարանի թուղթ են բաժանում: Դրա դիմաց բնակիչներից 5 հազար դրամ գումար են վերցնում: Բնակիչների պատմելով՝ իրենք տարվա մեջ մի անգամ վճարում են 5000 դրամ եւ ողջ տարվա ընթացքում 8 անգամ օգտվում են այդ «բարեգործական բարիքից»: Ավելին՝ բնակիչները պատմել էին, որ դրանք մարդկանց բաժանվում են Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի անունից:
Ավելի ուշ պարզվել է, որ նման «բարեգործությամբ» զբաղվում է «Հուսո առագաստ» հիմնադրամը, որի նպատակը անապահով ընտանիքներին օգնելն էր: Ի դեպ, գրել էինք, որ «Հուսո առագաստ» հիմնադրամի տնօրենը նախկին դատապարտյալ Գեւորգ Կոշկերյանն է, ով 17 տարի անազատության մեջ է եղել խմբակային բռնաբարության եւ սպանության մասնակցության համար:
Եվ ահա, ինչպես ցույց են տալիս զարգացումները՝ անապահով ընտանիքներից 5000 դրամներ հավաքագրած հիմնադրամի տնօրենը խաբել է բնակիչներին: Պարզեցինք, որ բնակչության անապահով խավերին աջակցող «Հուսո առագաստ» հիմնադրամի հիմնադիր Գեւորգ Կոշկերյանին կալանավորել են, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2011 թվականի հունիսից լինելով «Հուսո առագաստ» բնակչության անապահով խավերին աջակցող հիմնադրամի հիմնադիրը, ՀՀ մարզերում եւ Երեւան քաղաքում բնակվող շուրջ 40.000 քաղաքացիներից 2015 թվականի հուլիսից մինչեւ 2016 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում հավաքագրել է 5000-ական դրամ, սակայն նախաքննությունը իրականացնող մարմինը բացահայատել է, որ նա այդ գումարները հափշտակել է:
Ավելին՝ ըստ նախաքննություն իրականացնող մարմնի՝ նա մի շարք քաղաքացիների խոստացել է ապահովել աշխատանքով, ուսանողների ուսման վարձերը զեղչել, հաշմանդամության կարգեր տրամադրել եւ թոշակավորել, արտոնյալ պայմաններով վիրահատություններ կազմակերպել եւ այդ խոստումների դիմաց գումար է ստացել, սակայն դրանք եւս չեն կատարվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻ
Վրաստանի փրկարար ծառայության աշխատակիցները Աջարիայում գտնվող Ցիխիսձիրի հանգստավայրի ափ են դուրս բերել երիտասարդ տղամարդու դի: Տղամարդը կորել էր ծովում երեկ՝ օրվա երկրորդ կեսին: Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացած երիտասարդը Ռուսաստանում ապրող հայ էր: Նա ժամանել էր Աջարիա հանգստի համար:

 

 
ԱՆԱՐԴՅՈՒՆՔ
Արդեն 18-րդ օրն է, ինչ իրավապահները փնտրում են Շամիրամ գյուղում կրակոցների հեղինակին, սակայն ինչպես ցույց է տալիս իրավիճակը, փնտրտուքները դեռեւս արդյունք չեն տվել: Ինչպես հայտնի է` օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում սգո սրահում կրակոցներ էին հնչել: Արմավիրի մարզի բնակիչ Թելման Քալաշյանը զինված մուտք էր գործել գյուղում գտնվող սգո սրահ եւ կրակելով սպանել 4 հոգու: Կատարվածից հետո Քալաշյանը փախուստի էր դիմել, եւ մինչ օրս իրավապահները չեն կարողանում նրան գտնել: Ավելին՝ ոստիկանությունը դեպքից 3 օր անց հայտարարություն տարածեց, որ խոշոր դրամական պարգեւատրում կտրամադրի այն անձանց, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Թելման Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը:

 

 

ՍԱԼՈՐԻ ԾԱՌԻ ՏԱԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է կատարվում նորածին երեխային վտանգի մեջ թողնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2017թ. օգոստոսի 12-ին Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հողամասում՝ ծառի տակ, թողնվել է նորածին երեխա: Նախնական տվյալներով՝ իգական սեռի նորածին երեխային հայտնաբերել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչը իրենց տան բակում գտնվող սալորի ծառի տակ: Փոքրիկն անմիջապես շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ նորածին երեխային վտանգի մեջ թողնող անձին հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

 

ՔԿՀ-ՈՒՄ ԿԱՊՈՑ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Օգոստոսի 17-ին ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հսկիչ-արահետային գոտուց հայտնաբերել են էլեկտրոդի վրա կպչուն ժապավենով ամրացված կապոց, որի մեջ առկա են եղել կանաչավուն զանգվածով լցված, ընդհանուրը 29 գրամ քաշով 10 փաթեթներ: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս