Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքում է իրականացվում հաշմանդամի վերափորձաքննությունը

Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքում է իրականացվում հաշմանդամի վերափորձաքննությունը

ՀԱՐՑ․Խնդրում եմ կոնկրետ նշել, թե ո՞ր դեպքում է իրականացվում հաշմանդամի վերափորձաքննությունը: Եվ ուզում եմ իմանալ՝ ի՞նչ ժամկետում է հաշմանդամ չճանաչելու մասին որոշումը տրամադրվում քաղաքացուն։

Ստեփան Կարախանյան (59 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաեւ նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։

Միաժամանակ հայտնում ենք, որ հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հաշմանդամ չճանաչելու մասին հանձնաժողովի որոշումը: Անձին հաշմանդամ չճանաչելու մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Նշենք, որ բժշկասոցիալական մարմիններին դիմող անձին` բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում տրամադրվում է հաշմանդամության խումբ՝ 1-ին, 2-րդ , 3-րդ եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ (մինչեւ 18 տարեկան)։ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է հաշմանդամություն ունեցող 200․177 անձ, որն ընդհանուր բնակչության 6,6%-ն է: Նրանցից 7 801-ը՝ 3,9 %-ը, հաշմանդամ երեխաներն են: Ի դեպ, հաշմանդամություն ունեցող անձանց 31,4 %-ը հաշմանդամ է ճանաչվել սրտանոթային խանգարումների հետեւանքով։