Հայաստանը և Վրաստանը սերտորեն համագործակցում են մարզական բժշկության ոլորտում

Հայաստանը և Վրաստանը սերտորեն համագործակցում են մարզական բժշկության ոլորտում

ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին օլիմպավանում անցկացվեց «Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումներիօգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության եւ վնասվածքներիբուժման ոլորտում» թեմայով սեմինար: Միջոցառումը կայացավ «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում:

Սեմինարին հրավիրված էր Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի սպորտային բժշկության ֆակուլտետի դեկան Պավլե Կասրաձեն: Պրոֆեսոր Կասրաձեն արեւելաեվրոպական տարածաշրջանի հակադոպինգային կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ է եւ Վրաստանի հակադոպինգային ծառայության ղեկավարը: Միջոցառման շրջանակներում պրոֆեսոր Կասրաձեն ելույթ ունեցավ զեկույցով, որի թեման էր «Պլազմոլիֆտինգի օգտագործումը մարզական վնասվածքների բուժման նպատակով»:

«Արդեն վաղուց մենք համագործակցում ենք մեր հայ գործընկերների, մասնավորապես, Հայաստանի օլիմպիական հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանի եւ ֆուտբոլի հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հետ: Հաճախ մեթոդների հետ կապված կարծիքներով ենք փոխանակվում, որոնք էլ կիրառում ենք մեր գործունեությունում: Մեր ոլորտում փորձի փոխանակումը շատ կարեւոր է: Վրաստանում մենք նոր մեթոդ ենք կիրառում, որը կոչվում է պլազմոլիֆտինգ»:

Իր զեկույցում Պավլե Կասրաձեն մանրամասն պատմեց պլազմոլիֆտինգի մասին: Պլազմոլիֆտինգը բժշկական ներարկման ընթացակարգ է, որը ենթադրում է սեփական արյան տրոմբոցիտներով հարուստ պլազմայի ենթամաշկային ներարկում:

Այս մեթոդը գիտական չափանիշներով Եվրոպայում ծագել է ոչ այդքան վաղ՝ 2004 թվականին: Վրաստանում շուրջ ինը տարի գործնականում հաջող կերպով կիրառում ենք այն: Կցանկանայինք, որ Հայաստանում եւս սկսեին կիրառել այդ ընթացակարգը: Նման անհրաժեշտություն կա, եւ մենք պատրաստ ենք այդ հարցով սերտ համագործակցել»,-ՀԱՕԿ լրատվականին հայտնեց պրոֆեսոր Կասրաձեն: