ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԾԸ ԼԻՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որի շրջանակում ընտրվելու է միության նոր նախագահ եւ վարչություն: Որպես նախագահի թեկնածու առաջադրվելու են Վահե Գեւորգյանցը` միության նախկին նախագահ Ռուբեն Գեւորգյանցի որդին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, Հարություն Խաչատրյանը, որը վերջերս իր դիմումի համաձայն ազատվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Շրջանառվում են այլ թեկնածուների անուններ եւս։ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հարություն Խաչատրյանի հետ։

-Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս որոշեցիք, որ առաջադրվելու եք կինոմիության նախագահի պաշտոնում, արդյոք դժվար չէ՞ր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահությունից հրաժարվելը։
-Ես հիվանդ եմ կինոյով, կինոյի մտածելակերպը իմն է, կինոլեզուն իմ լեզուն է։ Այն քիչ մարդկանցից եմ, որը շատ անհանգիստ է կինոյի համար։ Ես միշտ կարծել եմ, որ երկրի համար կինոն նույնքան անհրաժեշտ է, որքան «Իսկանդերը»՝ Հայաստանի համար։ Կինոն շատ կարեւոր զենք է՝ աշխարհին պատմելու քո երկրի պատմության, մշակույթի, անցյալի, ներկայի ու ապագայի, նաեւ քո թերությունների մասին, ինչո՞ւ ոչ։ Կինոն այնքան ուժեղ երույթ է, որ նաեւ թերությունները վերացնելու գործիք է։ Այնինչ՝ այսօր չկան երիտասարդական ծրագրեր, չկա ֆինանսավորում, ոչ ոքի մոտ չկա երիտասարդներին հաշվի առնելու, աշխարհին ծանոթացնելու ցանկություն։ Մարդիկ պատկերացնում են, որ կինոհիմնարկությունը մի գրասենյակ է, որտեղ պետք է նստեն, թեյ կամ սուրճ խմեն ու զրուցեն։ Կինոյի մարդկանց միջեւ չկա համախմբվածություն, չկա հետաքրքրվածություն մեկը մյուսի ապագայի հանդեպ։ Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրանին», այն արդեն հասել է մի մակարդակի, որ կարող է ինքնուրույն քայլել։ Այսօր իմ՝ «Ոսկե ծիրանով» զբաղվելը հաճելի է, շատ հաճելի, բայց էգոիզմ է։ Ես, իհարկե, շատ հանգիստ, գեղեցիկ ապրում էի, իսկ կինոմիությունը մեծ չարչարանք է պահանջում, պետք է հավաքել մարդկանց եւ հոգեւոր, մտավոր, նյութական ներդրումներ անել։ Քանի որ իմ շատ ընկերներ, բարեկամներ շատ համառորեն խնդրեցին, ես համաձայնեցի, որ առաջադրվեմ։ Ես զարմանում եմ, որ կան մարդիկ, որոնք ուզում են կինոմիության նախագահ լինել, որպեսզի ոչինչ չփոխեն ու նստեն սենյակում. դա իմաստ չունի։ Այն հիվանդագին անհանգստությունը, որը այսօր պետք է կինոյին, ես չեմ տեսնում, դրա համար համաձայնեցի առաջադրվել։ Բայց դա չարչարանք է, նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար ոչ թե պետք է պայքարել, այլ քեզ պետք է խնդրեն, որ դա անես։
-Մամուլը գրեց, որ Դուք Սերժ Սարգսյանի նախընտրած թեկնածուն եք, ի՞նչ կասեք։
-Ճիշտն ասած՝ շատ ուրախ կլինեի դրա համար, որովհետեւ ինքն իմ գործերը գիտի։ Ես գիտեմ, որ կարող եմ կինոմիության նախագահի պարտականությունները կատարել։ Երբ «Ոսկե ծիրանը» ստեղծեցինք, ոչ մի օգնություն չունեինք, իսկ այսօր արդեն ապահովված ենք եւ կայացած։
-Խոսքն այն մասին է, որ Ձեր առաջադրումը ձեւական է, որ Դուք արդեն ընտրված եք, այդ պատճառով էլ Ձեր դիմումի համաձայն ազատվեցիք փառատոնի տնօրենի պաշտոնից՝ կանխավ իմանալով, թե Ձեզ ինչ է սպասվում։
-Չէ, այդպես չէ։ Ես մի բան եմ որոշել, որ ազնիվ խաղամ։ Ես իրավունք ունեի մնալ «Ոսկե ծիրանում» եւ միաժամանակ երկու ՀԿ-ներ ղեկավարել,հո պետական պաշտո՞ն չէի զբաղեցնելու, բայց որոշեցի ժամանակ ծախսել՝ հայ կինոյի խնդիրները լուծելու համար։
-Կինոմիությունը Հայաստանի մի շարք այլ միությունների համեմատ, թերեւս, ֆինանսապես ապահովված է: Ռուբեն Գեւորգյանցի նախագահության օրոք բանկային հաշիվ է ստեղծվել: Շատերն ասում են, որ թեկնածուներից ոմանց աչքը այդ գումարի վրա է: Դո՞ւք ինչ կասեք։
-Դա ծիծաղելի գումար է, դա ի՞նչ փող է, համաշխարհային կինոյում այդպիսի փողով մի ֆիլմ էլ չես նկարի, եթե մարդիկ ուշադրություն են դարձնում, թող դարձնեն, կարելի է նաեւ ավելացնել այդ գումարը, բայց իմ հույսը դրա վրա չէ։
-Կինոմիության նախագահի թեկնածուներից ո՞ւմ եք համակրում։
-Բոլորին էլ հարգում եմ շատ, գիտեմ, որ բավական լավ, հետաքրքիր մարդիկ են, վաստակ ունեն, բայց չեմ կարծում, որ աշխարհի հետ այնքան կապեր ունեն, որ վստահեի իրենց, հարգելով իրենց՝ կարծում եմ, որ դա (աշխարհի հետ կապ հաստատելը-հեղ.) ես ավելի լավ կանեմ։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԵՌ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»
«Իքս Ֆակտոր 2», «Պրեմիերա» նախագծերից հայ հանրությանը հայտնի երգչուհի Լենա Ղազարյանը շուտով ամերիկաբնակ երգիչ Զարեհ Թեւանի հետ հանդես կգա դուետով։ Տեսահոլովակն առաջիկայում կհանձնվի երկրպագուների դատին։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ երգչուհին: «Երգը սիրո մասին է, ուրախ եմ, որ նման տաղանդավոր անձնավորության հետ համագործակցության առիթ եմ ունեցել։ Հոկտեմբերին Երեւանում կկայանա Զարեհ Թեւանի համերգը, պատրաստվում ենք նաեւ դրա շրջանակում միասին ներկայանալ»,-պատմեց երգչուհին։
Մեր այն դիտարկմանը, որ Լենայի երգացանկում գերակշռող են մելոդիկ, հանգիստ երգերը, վերջինս պատասխանեց. «Այո՛, ճիշտ եք նկատել, այդ պատճառով էլ առաջիկայում երկրպագուներիս կներկայանամ աշխույժ, ռիթմիկ եւ պարային երգով, հավանաբար՝ արտասահմանյան ոճի»։
Իսկ հարցին, թե երբ երկրպագուները սպասեն Լենայի հերթական մենահամերգին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հիմա ինձ մոտ բավական լարված պրոցես է, «Արենա լայֆ» ծրագրի շրջանակում համերգով հանդես գալուց հետո կենտրոնացել եմ վոկալի եւ դիմահարդարման դասեր տալու պրոցեսի վրա»։
Ի դեպ, նշենք, որ բացի երգարվեստից՝ Լենան հետաքրքրվում է եւ պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում է նաեւ մեյք-ափով, անգամ մեյք-ափի անհատական դասեր է տալիս։ Դե, իսկ այն հանգամանքը, որ Լենան, ով նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիայի սան է, վոկալի դասեր է տալիս, նորություն չէ։
Երգչուհին նաեւ տեղեկացրեց, որ մտադիր է մասնակցել միջազգային մրցույթների. «Մյուս տարի, օրինակ, նպատակադրվել եմ մասնակցել «Նոր ալիքին», տեսնենք՝ ինչպես կստացվի»։
«Ժողովուրդ»-ը, բացի գործնական կյանքից, երգչուհու հետ զրուցեց նաեւ նրա անձնական կյանքում տեղի ունեցող զարգացումներից։ Քանի որ Լենան արդեն նշանադրվել է, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք առաջիկայում սպասվում է ամուսնություն: «Ամուսնության մասին դեռ խոսք լինել չի կարող»,-ասաց Լենան։
Իսկ դիտարկմանը, թե նշանադրությունն, այնուամենայնիվ, բավական հապշտապ տեղի ունեցավ, մեր զրուցակիցը համաձայնեց. «Այո՛, իրադարձություններն իսկապես շատ անսպասելի ծավալվեցին, սակայն ամուսնության մասին, ինչպես նշեցի, դեռ վաղ է խոսել»։
Նա հավելեց, որ իր նշանածը շոու-բիզնեսի հետ կապ չունի, զբաղվում է բիզնեսով:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ

Երբ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներկայացրել է մայրաքաղաքի փողոցները վերանվանելու հարցը եւ զբաղեցրել իր տեղը, դահլիճում իրարանցում է սկսվել:

Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանը (Ծիտը) այդ պահին սկսել է անհարգալից տոնով խոսել «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ՝ վերջինիս դիմելով՝ «Անո», «պարո՛ն Բախշյան»: Այդ ամենից հետո վիճաբանություն է սկսվել Հանրապետական եւ «Ելք» խմբակցության անդամների միջեւ:
ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցել է երգիչ, երգահան, Երեւանի նախկին ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի հետ: «Այդ ի՞նչ խոսելու ժառգոն էր, այդ ի՞նչ խոսելու ձեւ էր, այդ ի՞նչ շփման կուլտուրա էր: Չեմ ուզում վիրավորեմ գյուղսովետին, բայց նույնիսկ սովետներում այսպես չէին վերաբերվում իրար: Ո՞նց կարելի է տիկին Բախշյանին «պարոն»-ով դիմել: Տիկին Բախշյանի նման մայր ունենային, «պարոն»-ով չէին դիմի»,- ասաց նա:
Արթուր Իսպիրյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկվա դեպքերից հետո շատ հիասթափված է. «Երեւանն այսօր հազարավոր խնդիրներ ունի, իսկ այսօր ժամանակը վատնում են ինչ-որ ինքնահաստատման, իրար վիրավորելու վրա, որովհետեւ ոչ մեկ իր տեղում չէ: Մարդիկ կան, որ ընդհանրապես ավագանու անդամ չպետք է լինեն, հենց իրենց խոսելու ձեւից երեւում է, որ չպետք է այնտեղ նստեն, նույնն էլ Ազգային ժողովում: Ողղակի անհարմար է նման վերաբերմունք կնոջ նկատմամբ: Այսօր մի հատ շարժ չեմ տեսնում` տրանսպորտը փոխելուց սկսած, ապօրինի շինություններ կառուցելուց բացի, նույն Երեւանն է` առանց փոփոխության: Հազար ու մի հարց կա քննարկելու, ի՞նչ են ընկել իրար ինքնահաստատվելու հետեւից, ի՞նչ են ուզում իրար ապացուցեն: Երեւի այս ամեն ինչը պետք է միշտ օնլայն լինի, որպեսզի սթափվեն, թե չէ հետո կկանգնեն, իրար կխփեն, շշով կտան իրար գլխի, իրար կծեծեն…»:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս