Վերնիսաժի կրակոցներից տուժած քրեական հեղինակությունը մանրամասներ է պատմել. ում է նա կասկածում

Վերնիսաժի կրակոցներից տուժած քրեական հեղինակությունը մանրամասներ է պատմել. ում է նա կասկածում

Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում հնչած կրակոցներից տուժող ճանաչված Վահագն Աբգարյանը տարբեր կասկածներ ունի, թե ով կարող էր լինել այն անձը, որ ցանկանար իրեն սպանել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա իր մտերիմների շրջապատում կարծիք է հայտնել, որ իրեն կրակող անձանց հետ նա հաշիվներ չէր կարող ունենալ, ու իրեն կրակողները ունեն պատվիրատու:

Կրակոցներից 16 օր անց

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում կրակոցներին էին հնչել, ինչի արդյունքում սպանվել էր Լոռու մարզի բնակիչ Գագիկ Մոսինյանը, իսկ ահա Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Հայտնի դարձավ, որ հնչած կրակոցները Ալավերդի քաղաքում գործող երկու հանցավոր խմբավորման միջեւ տարիներ շարունակ առկա կռվի հետեւանքն են:

Բանն այն է, որ Ալավերդիում գործում է թշնամի երկու հանցավոր խմբավորում, մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու միաժամանակ թշնամի Վահագն Աբգարյանը: 2015-ի սեպտեմբերին՝ Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, հիմնական թեկնածուները մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին:

Հաղթեց մարզպետի թեկնածուն, որից հետո «ռազբորկաներից» մեկի ժամանակ Տարոնի տղաներից Վարդան Փիրուզյանը Վահագնի խմբի երկու տղաներին՝ Էդվարդ Պողոսյանին եւ Վարդան Ավագյանին, սպանեց: Վահագնի խմբի անդամ Վալերի Դավթյանն էլ սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին: Եւ ահա վերոնշյալ օրը կրակեցին Վահագնի ուղղությամբ, բայց սպանվեց թիկնապահը:

Դեպքից հետո հետախուզում հայտարարվեց երեք անձի նկատմամբ՝ Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի, Ռաֆիկ Խաչատրյանի: Իրավապահները օրերս ձերբակալեցին Ռաֆիկ Խաչատրյանին, որը հայտնել էր, թե ինքը Վահագն Աբգարյանի հետ խնդիր չի ունեցել, այլ Բլբուլյանն ու Կարադավիդովն են նրա նկատմամբ թշմամանք ունեցել իրենց մտերիմների սպանության համար, իսկ ինքը ընդամենը դեպքի օրը եղել է տղաների հետ՝ որպես վարորդ:

Կրակոցներից անցել է 16 օր, իրավապահները դեռեւս փնտրում են մյուս երկու հետախուզվողներին` Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովին: Իսկ այդ ընթացքում իրավապահները հարցաքննել են Վահագն Աբգարյանին, որը ճանաչվել է գործով տուժող:

Ինչ է պատմել քրեական հեղինակությունը

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ է հայտնի դարձել, թե ինչ է իր մտերիմներին պատմել Վահագն Աբգարյանը կատարվածի մասին: Նա ասել է, որ սեպտեմբերի 13-ին Երեւան է եկել՝ շատ կարեւոր մի աձի հետ հանդիպելու: Ըստ նրա՝ հանդիպումը տեղի է ունեցել, որի ժամանակ իրեն մի առաջարկ են արել, ինչը ինքը մերժել է:

Վերջինիս մտերիմները հետաքրքրվել են, թե ում հետ է հանդիպել, եւ ինչ առաջարկի մասին է խոսքը եղել, Վահագն Աբգարյանը ոչինչ չի ասել, միայն նշել է, որ այդ հանդիպումից հետո վստահ էր, որ իրեն վատ բան է սպասվելու: Վահագն Աբգարյանի մտերիմների խոսքով՝ նա հանդիպումից հետո գնացել է իր սիրելի Թուֆենկյան հյուրանոց, նրա հետ եղել են իր սանիկ Գագիկ Մոսինյանը եւ մի քանի տղաներ: Այդ օրը ամեն ինչ անցել է խաղաղ, առանց որեւէ արտառոց դեպքի:

Ինչպես եղան Վերնիսաժի կրակոցները

Վահագն Աբգարյանը պատմել է, որ առավոտյան հերթական անգամ հանդիպում պետք է ունենար այլ մարդկանց հետ, իսկ հանդիպման նպատակը կապված էր Ալավերդիում նոր բիզնես հիմնելու հետ: Առավոտյան տղաներին ասել է, որ իջնեն, ուսումնասիրեն տարածքը, տեսնեն՝ ամեն ինչ կարգի՞ն է, մաքո՞ւր է: Թիկնապահները իջել են, ստուգել են տարածքը եւ նրան հայտնել, որ ամեն ինչ «մաքուր» է: Բայց երբ հյուրանոցի դռնից մեկ քայլ դուրս է եկել, հնչել են կրակոցները:

Վերջինիս մտերիմները մեզ փոխանցեցին, թե Վահագը պատմել է, որ սկզբում չի հասկացել, թե ինչ է կատարվում. «Չի պատկերացրել, մտածել է՝ թշնամին հարձակվեց, հետո զգացել է մարմնում տաքություն ու ընկել է, սկսել է սողալով գնալ, մի «Հոնդա» մեքենայի հետեւը թաքնվել»: Ըստ նրա մտերիմների՝ դեպքից երեք ժամ հետո ուշքի է եկել եւ իմացել, որ իր սանիկ Գագիկ Մոսինյանը մահացել է:

Ուր են տանում կասկածները

Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը մտերիմների շրջանում խոսել է նաեւ իր կասկածների մասին, թե ով կարող էր ցանկանալ սպանել իրեն եւ դեռ ավելին՝ ով կարող էր իր դեմ սպանություն իրականացնող անձանց ասել, թե որտեղ է նա գտնվում եւ ուր է պատրաստվում գնալ:

Բայց այս հարցի պատասխանը նա դեռեւս չի կարողանում հստակ գտնել: Նա իր հարազատների շրջանում կասկածներ է հայտնել, որ միգուցե կիլլերները հյուրանոցից են իմացել, որ ինքը պատրաստվում է դուրս գալ, կամ այլ անձ է նրանց դա հայտնել: Ինչեւէ, նա կարծիք է հայտնել, որ իրեն կրակող անձանց հետ նա հաշիվներ չէր կարող ունենալ, ու իրեն կրակողները ունեն պատվիրատու, որը, չի բացառվում, կարող է լինել քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, ում հետ թշնամիներ են:

Սակայն նրա կասկածները այսքանով չեն ավարտվում, քանի որ նա չի բացառում, որ միգուցե իրեն սպանելու հրահանգը եկած լինի նաեւ Ռուսաստանից: Բանն այն է, որ նա երկար տարիներ ապրել է այնտեղ, բիզնես է հիմնել եւ այնտեղ էլ շատ թշնամիներ է ունեցել:

Ուժեղացված հսկողություն

Ինչեւէ, հաշվի առնելով, որ կրակոցների գործով դեռեւս երկու անձ հետախուզման մեջ է, եւ դեռ ավելին՝ Վահագն Աբգարյանը, ինչպես նաեւ իրավապահ համակարգը չեն բացառում, որ նրան սպանելու վտանգը դեռ կա, ուստի այս օրերին, ինչպես իրավապահ համակարգը, այնպես էլ նրա մտերիմ շրջապատը խիստ հսկողություն են իրականացնում նրա եւ նրա մտերիմների շրջանում:

Քնար Մանուկյան