Կառավարությունը ռեյտինգամանիայով է տարված. բարելավում են՝ իրավիճակը թողնելով նույնը

Կառավարությունը ռեյտինգամանիայով է տարված. բարելավում են՝ իրավիճակը թողնելով նույնը

Վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս անցկացված խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքին: Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետին զեկուցվել է, որ այս տարվա համար նախատեսված 49 միջոցառումներից իրականացվել է 22-ը, իսկ մնացած 27-ը գտնվում են ընթացքի մեջ. դրանք նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ նոյեմբերի վերջ: Իսկ այդ ամենի արդյունքում կառավարությունն ակնկալում է, որ Համաշխարհային բանկի անենամյա զեկույցում մեր երկիրն իր դիրքը կբարելավի մի քանի կետով:
Նկատենք, որ նախորդ տարի էլ Հայաստանը Doing Business-ում զբաղեցրել էր 38-րդ հորիզոնականը՝ իր դիրքերը բարելավելով 5 կետով:

Մի քանի օր առաջ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանն այս տարի 6 հորիզոնականով իր դիրքերը բարելավել է Մրցունակության գլոբալ ինդեքսի վարկանիշային աղյուսակում. 137 երկրների մեջ զբաղեցրել է 73-րդ տեղը (բայց այսքանից հետո անգամ էապես զիջել է տարածաշրջանի երկրներին. Մրցունակության գլոբալ ինդեքսի վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը 35-րդ հորիզոնականում է, Թուրքիան` 53-րդ, Վրաստանը՝ 67-րդ եւ, վերջապես, Իրանը` 69-րդ տեղում):


Կառավարությունն ամեն անգամ հրճվում է իր այդ «ձեռքբերումներով», փորձում է վարկանիշային աղյուսակներում այս տեղաշարժերը ներկայացնել որպես լրջագույն առաջընթաց, եւ շարունակում են աշխատել հնարավորինս բարձր տեղ զբաղեցնելու ուղղությամբ: Միայն թե, նկատենք, միջազգային տնտեսական կազմակերպությունների զեկույցներում նման վարկանիշներ ունենալը դեռ չի նշանակում, որ Հայաստանում տնտեսության վիճակն իրականում բարելավվել է: Ի վերջո, նախորդ տարի Doing Business-ում ՀՀ-ն 5 կետով բարելավել էր իր դիրքերը, բայց հիշում եք՝ տարին ամփոփեցինք 0.5 տոկոս տնտեսական աճով: Նույնն է նաեւ այս անգամ. տնտեսական դաշտում լուրջ տեղաշարժեր չեն նկատվում: Ընդհակառակը, այդքան թմբկահարված տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այս թեմային՝ տեղեկացնելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը եթե հունվար-հուլիսին 6,2 տոկոս էր, ապա արդեն հունվար-օգոստոսին դարձավ 5,5 տոկոս, իսկ 2018թ. տարվա պետական բյուջեի նախագծում կառավարությունն այս տարվա համար կանխատեսում է մոտ 4,2 տոկոս տնտեսական աճ (եթե համեմատության համար որպես հիմք վերցնենք 2016թ. 0.5 տոկոս աճը, ապա այս տարի սպասվող ցուցանիշն իրականում այնքան էլ բարձր չէ):

Եւ հետո՝ Հայաստանում այդպես էլ չեն վերացել տնտեսության զարգացմանը խոչընդոտող գործոնները: Իսկ դրանք, հայտնի փաստ է, որ քաղաքական են՝ ոչ լեգիտիմ իշխանություն, տնտեսական մենաշնորհներ, տնտեսական-հարկային դաշտի անկայունություն, արդարադատության, անկախ դատական համակարգի իսպառ բացակայություն, հարեւանների հետ փակ սահմաններ, ԼՂ հակամարտություն, շարունակական արտագաղթ, որի արդյունքում երկրից պակասում են արտադրողներն ու սպառողները, եւ այսպես շարունակ: Ու քանի դեռ չեն լուծվել այս բոլոր խնդիրները, անկախ նրանից, թե Հայաստանն այս կամ այն միջազգային կազմակերպության զեկույցում որերորդ հորիզոնականն է զբաղեցնում, տնտեսության վիճակը, միեւնույն է, շարունակելու է մնալ նույնը:

Մեկ փաստ էլ. կառավարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումներն իրականացվում են հետեւյալ ուղղություններով՝ բիզնես սկսելու եւ զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցում, շինարարական թույլտվությունների ստացում, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրում, սեփականության գրանցում, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավում, ՓՄՁ խթանում, ներդրողների պաշտպանվածություն, վարկերի հասանելիություն: Այսինքն՝ այս կամ այն երկրի վարկանիշը հաշվարկելիս Doing Business-ը մեծ տեղ է տալիս փաստաթղթաշրջանառության հեշտացմանը, վարչարարական հնարավորությունների պարզեցմանը: Հայաստանում վերջին տարիներին այս առումով իրավիճակը բարելավվել է, եւ խնդիրները ծագում են բիզնես հիմնելուց հետո արդեն: Իսկ այդ դեպքում որքան էլ Doing Business-ում կամ Մրցունակության գլոբալ ինդեքսում Հայաստանը բարձր դիրք գրավի, միեւնույն է՝ իրավիճակը չի փոխվի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ