«Իրավունք չունեին խոչընդոտել ավտոպահեստամաս ներկրելուն». Վարդան Հարությունյանը խոստովանում է` բաց թողումներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Բագրատաշենի մաքսակետում Նոյեմբերյանի տարածաշրջանի աշխատող բնակիչներին աշխատանքից ազատել են, իսկ նրանց փոխարեն աշխատանքի են ընդունել հիմնականում երեւանցիների: Նշել էինք նաեւ, որ ըստ որոշ դժգոհությունների` մաքսակետում նոր աշխատանքի ընդունվածների մի մասը ռուսերենին լավ չի տիրապետում: Իսկ ՀՀ-ի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մաքսային օրենսդրությանը տեղյակ չէ, չի էլ ձգտում սովորել, Բագրատաշենի մաքսակետի աշխատողները սահմանը հատողներին մաքսային օրենքները չեն պարզաբանում` ասելով, որ քաղաքացիներն իրենք պիտի իմանան օրենսդրությունը:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանի հետ, ով անկեղծացավ` նշելով, որ այս ոլորտում բազմաթիվ բացթողումներ կան, որի արդյունքում մաքսակետի պետն անգամ աշխատանքից հեռացվել է: «Ընդհանրապես բողոքներից զերծ մնալը անհնար է, հիմա կարող է մեկ-երկու հոգի դժգոհ լինի կամ մեկ-երկու հոգի բարեկամ ունենա, որոնց մենք ազատել ենք աշխատանքից, եւ ձեզ դժգոհել են` նշելով, որ բոլորին հանում ենք աշխատանքից: Իսկ մաքսային օրենսդրությանը տեղյակ չլինելու մասով նշեմ, որ Եվրոպական միության կողմից մոնիտորինգ է անցկացվել, եւ պարզվել է, որ իմացության աստիճանը բարձր է»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահը:

Բացի այս՝ ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցինք, թե ինչու Բագրատաշենի մաքսակետով չի թույլատրվում ոչ մի ավտոպահեստամասի ներկրում այն դեպքում, երբ ԵՏՄ մաքսային օրենքներով թույլատրվում է առանց մաքսի ավտոպահեստամասեր ներկրել: Մեր հարցին ի պատասխան՝ Վ. Հարությունյանն ասաց. «Մենք ուսումնասիրություն ենք անում, հայտնաբերելու դեպքում պատժվելու են, որովհետեւ իրավունք չունեին նման բան անելու, խոչընդոտելու: 100 տոկոսանոց հասնել նրան, որ համակարգում աշխատեն անաչառ մարդիկ, հնարավոր չէ: 2000-3000 աշխատողների մեջ հնարավոր չէ՝ մեկ-երկու հոգի չփորձեն շեղվել»:

Ս. Համբարձումյան




Լրահոս