Դոպինգի օգտագործման կանխումը պետք է իրականացնել նաեւ ուսուցանելով. Կառլոս Ռոու

Դոպինգի օգտագործման կանխումը պետք է իրականացնել նաեւ ուսուցանելով. Կառլոս Ռոու

Մրցել ազնիվ՝ այս նպատակի շուրջ են մեկ հարկի տակ հավաքվել հայ ըմբիշներն ու մարզիչները, Հայաստանի հակադոպինգային ծառայության ներկայացուցիչները եւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հակադոպինգային հարցերի պատասխանատու Կառլոս Ռոուն:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհի շրջանակներում Երեւանում կայացավ հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինար:

Հայաստանի հակադոպիգային ծառայության հրավերով Հայաստան ժամանած Կառլոս Ռոուն ներկայացրեց 2018 թ. UWW-ի արգելված նյութերի ցուցակն ու դրանք օգտագործելու դեպքում կիրառվելիք պատժամիջոցները.

«Դոպինգի դեմ պայքարն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր ուղղություններից մեկն է: Ես եկել եմ Հայաստան, որ բացատրեմ հակադոպինգային քաղաքականության նոր հիմնական տարրերն եւ կատարված փոփոխությունները: ՄՕԿ-ը շատ մեծ ուշադրություն է դարձնում, թե որքանով են մաքուր մարզաձեւերը: Դոպինգի օգտագործումը սպառնում է ամբողջ սպորտին»,- ասաց UWW-ի հակատոպինգային հարցերի պատասխանատուն:

Կառլոս Ռոուն նշեց, որ դոպինգ օգտագործելու դեպքում ֆեդերացիան ենթարկվելու է դրամական տույժի (20 հազար շվեյցարական ֆրանկ), իսկ մարզիկի որակազրկման չափը կախված կլինի արգելված նյութի տեսակից եւ քանակից.

«Դոպինգի օգտագործման կանխումը միայն ստուգելով եւ որակազրկելով չէ: Պետք է մարզիկներին ուսուցանել դրանց վնասակար հատկությունների մասին: Հատկապես այս տարածաշրջանում, որտեղ ըմբշամարտը գլխավոր մարզաձեւերից է եւ կան օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ»,- ասաց Ռոուն:

Նախորդ տարի աշխարհում դոպինգ թեստերի դրական դեպքերով ըմբիշները գրավել են առաջին տեղը: Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանի խոսքով, դա կապված է մելդրոնատի օգտագործման հետ: Ըմբշամարտում այն շատ օգտակար դեղամիջոց է համարվել:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը կարեւորեց նման սեմինարների անցկացումը՝ խստորեն դատապարտելով դոպինգի օգտագործումը.

«Մենք հետեւողական պայքար ենք մղում այդ չարիքի դեմ: Նախարարության կողմից կազմակերպվող նմանատիպ ուսուցողական միջոցառումների նպատակն է բարձրացնել ազգային հակադոպինգային կրթական ծրագրերի արդյունավետությունը»,- նշեց Գաբրիել Ղազարյանը:

Վաղը հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինարը կանցկացվի Գյումրիում: