ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԹՈՆՐԱՏԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի կետում կրակոցներ էին հնչել, որից հետո իրավապահները բերման էին ենթարկել «Հին թոնրատուն» արագ սննդի կետի տնօրեն, 43-ամյա Հրաչյա Առաքելյանին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղի ունեցած կրակոցներից մանրամասներ են հայտնի դարձել, թե որտեղից է սկսվել վիճաբանությունը:

Ժամը 21:00-ի սահմաններում «Հին թոնրատուն» արագ սննդի կետի տնօրեն, 43-ամյա Հրաչյա Առաքելյանը իր աշխատավայրում «Ռյոմ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ էր արձակել՝ այս կերպ խախտելով հասարակական կարգը:
Դեպքի հաջորդ օրը իրավապահները նրան Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի կետից բերման էին ենթարկել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնել էին, որ Հրաչյա Առաքելյանը բացատրություն է տվել, որից հետո ազատ արձակվել: Եւ դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում:
Ավելին՝ հայտնել էինք, որ Հրաչյա Առաքելյանը երգչուհի Լիդուշիկի` Լիդա Առաքելյանի հայրն է, որը հայտնի է որպես թաղային հեղինակություն` Ղզղըզ մականունով:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հնչած կրակոցներից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես միջադեպին ականատես մարդկանցից մի քանիսը պատմեցին, որ դեպքից մի քանի օր առաջ Հրաչյա Առաքելյանը գազային ատրճանակ է ձեռք բերել, այն տարել, գրանցել է իր անունով: Ու երբ զենքը գրանցել է, մտածել է, թե արտոնյալ է եւ ինչ ուզում է, կարող է անել: Տեղեկացանք, որ սեպտեմբերի 26-ին Հրաչյա Առաքելյանը ընկերների հետ երեկոյան գնացել է իրեն պատկանող օբյեկտ՝ հաճելի ժամանակ անցկացնելու: Տղամարդիկ հարբում են, ու սկսվում է «կռիվ կինոն», որի պատճառը եղել են շները:
Պարզվում է՝ թոնրատան աշխատակիցները սննդի կետի թափոնները սովորաբար լցնում են շենքի հետնամասում: Բնականաբար սննդի մնացորդների վրա հավաքվում են փողոցային կենդանիներ: Թոնրատան կետի տնօրեն Հրաչյա Առաքելյանը, որ իր ընկերների հետ ընթրելիս է եղել հարազատ օբյեկտում, զայրացել է շների բարձրացրած աղմուկից եւ փորձել նրանց հեռացնել տարածքից: Նա իր օրինական զենքով սկսել է աջ ու ձախ կրակոցներ արձակել: Ահա այդ ձայները շրջակա միջավայրի մարդկանց մոտ կարծիք է ստեղծել, թե այնտեղ ծեծկռտուք է ու կրակոցներ: Ու այդ ահազանգերի հիման վրա ՀՀ ոստիկանները նրան սեպտեմբերի 27-ին բերման են ենթարկել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հրաչյա Առաքելյանը իրավապահներին սկզբում ասել է, թե քաղաքում չի եղել, ապա փոշմանել է եւ խոստովանել, թե գինովցած է եղել, չի գիտակցել՝ ինչ է անում: Ավելին՝ նա ասել է, թե որեւէ մեկին վնասելու ցանկություն չի ունեցել, ընդամենը օդ է կրակել:
Ահա այսպես՝ մի գազային ատրճանակը դարձել է պատմություն սեփականատիրոջ գլխին:
Իսկ ի՞նչ փուլում է գտնվում այս գործը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ հետաքննությունը շարունակվում է: Ու, ամենայն հավանականությամբ, քրեական գործ չի էլ հարուցվի, քանի որ շների ուղղությամբ անվնաս գազային կրակոցը դժվար թե քրգործի հիմք դառնա: Համենայնդեպս իրավապահների՝ մինչ այս ունեցած տրամադրությունները գործընթացը տանում են այնտեղ, որ ամեն ինչ ավարտվի առանց քրգործի եւ լուրջ պատիժների:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐ
2015թ. նոյեմբերի 25-ին ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցավոր խմբավորման պարագլուխ Արթուր Վարդանյանը դատի է տվել ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ ոստիկանությանը՝ պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանության համար: Իսկ ինչի՞ մասին է խոսքը: Ինչպե՞ս են ոտնահարվել Արթուր Վարդանյանի պատիվն ու արժանապատվությունը: Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ «Արթուր Վարդանյանի ձերբակալման ժամանակ պետական լիազոր մարմինների կողմից տեսանյութ հրապարակվեց, որտեղ երեւում էր, որ Արթուր Վարդանյանը նստած էր կիսամերկ վիճակում: Ավելի քան ակնհայտ էր, որ օպերացիան ավարտված էր, բոլորին նստեցրել էին բազմոցին՝ այդ թվում իմ պաշտպանյալին: Մի կողմ թողնենք անմեղության կանխավարկածը, մի կողմ թողնենք, թե պետական լիազոր մարմինները սկզբում հայտնեցին, որ տեռորիստական ակտ պետք է անեին, բայց այսօր գործը գտնվում է դատարանում եւ միանգամայն այլ ֆորմատով է քննվում: Բայց կոնկրետ դեպքը մենք դիտում ենք պատվի եւ արժանապատվության հետ կապված աղերս ունեցող հարց եւ դրա համար մտել ենք դատարան»:
Այսինքն՝ ՀՀ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունն իրավունք չունեին մարդու կիսամերկ, ծաղրական լուսանկարը հրապարակել՝ այդպիսով ոտնահարելով քաղաքացու՝ թեկուզ հանցանքի մեջ կասկածվողի, արժանապարվությունը: Թվում էր, թե արժանապատվության այս տարրական ոտնահարման հարցը պարզ պետք է լիներ նաեւ դատավորին, ով քննել է գործը: Բայց ոչ: Իշխանական պատվերի շրջանակներում գործող ու քծնանքով առաջնորդվող դատարաններում արժանապատվության մասին այլ պատկերացումներ կան: Իսկ ո՞վ է եղել դատավորը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հայցը մակագրվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանին: Ու վերջինս առանց փաստերի մեջ խորանալու, մարդու արժանապատվությունն ու պատիվը առանց առաջնային պլանում դիտարկելու կարեւորությունը զգալու՝ վերցրել ու մերժել է Արթուր Վարդանյանի հայցը: Ու այստեղ ամենեւին կարեւոր չէ, թե Վարդանյանն ինչում է կասկածվում: Նա առաջին հերթին մարդ է, որին ծնել է Հայարփի Զարգարյանի նման մի կին՝ մայրական բնազդով, չարչարանքներով ու գուրգուրանքներով: Ու նրա պատիվը եւ արժանապատվությունը երկրի բոլոր օրենքներով պաշտպանված է: Եւ լավ է, որ ՀՀ վերաքննիչ դատարանում գտնվել է առաքինի մի դատավոր՝ ի դեմս Կարեն Չիլինգարյանի, որը բեկանել է Զարգարյանի կայացրած անարժանապատիվ որոշումը՝ գործն ուղարկելով նոր քննության:

Ք. Մ.

 

 

 

 

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվում էր Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատաքննությունը: Նիստում հարցաքննվել են գործով այն ամբաստանյալները, որոնք մեղադրվում են փողերի լվացման մեջ: Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով փողերի լվացման դրվագով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ: Դավիթ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, օգնել է ամբաստանյալներից Կարեն Քոչարյանին Մոսկվայից 5 հազար եվրո Երեւան տեղափոխելու հարցում: Դատավոր Արշակ Վարդանյանը որոշել է հրապարակել ամբաստանյալի՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները: Նախաքննության ընթացքում Դավիթ Հարությունյանը պատմել է, որ ինքը Սամվել Բաբայանին անձամբ չի ճանաչել, իմացել է միայն, որ Կարեն Քոչարյանն է նրան ճանաչել, որը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Նշենք, որ նա նույնպես հրաժարվել է ցուցմունք տալուց: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է Անդրանիկ Քոչարյանի նախաքննական ցուցմունքը: Նշենք, որ դատարանում արդեն իսկ հարցաքննվել են վկաները, ուսումնասիրվել են գործում առկա ապացույցները:

 

 

ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ զինված ուժերի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հայտնել է՝ նոր Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերին, որը կարեւորագույն գործիք է՝ միջազգայի հարաբերութուններում բախումնային իրավիճակները նվազեցնելու, ճգնաժամերը կարգավորելու համար: «Տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքական, տնտեսական, էթնիկ հողի վրա հակամարտությունների առաջացումը շարունակում է շատ բարձր մնալ: Դրանք հնարավոր չէ ժամանակին կարգավորել առանց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի»,-ասել է Հակոբյանը: Ըստ նրա` բոլոր երկրների ներկայությունը վկայում է մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ արձագանքելու ընդհանուր պատրաստվածության մասին:

 

 

ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներն առաջին փուլում չեն կարողացել վեհաժողովի նոր նախագահ ընտրել, քանի որ թեկնածուներից որեւէ մեկը ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել: ԵԽԽՎ նախագահի պաշտոնին հավակնում են Ստելլա Կիրիակիդեսը՝ Կիպրոսից, եւ Էմեանուելիս Զնիգերիսը՝ Լիտվայից։ Կիրիակիդեսը, որին պաշտպանում է հայկական պատվիրակությունը, ստացել է 126 քվե, իսկ Զնիգերիսը՝ 84 քվե։ Թեեւ Կիպրոսի թեկնածուն առաջատարն էր, սակայն ընտրվելու համար անհրաժեշտ է 152 կողմ ձայն: ԵԽԽՎ նախագահի ընտրության երկրորդ փուլում Կիպրոսի պատվիրակության ղեկավարը ստացավ 129 ձայն, իսկ իր մրցակիցը՝ 69 քվե: ԵԽԽՎ նախագահը կընտրվի վաղը, որի համար պահանջվում է ձայների հարաբերական մեծամասնություն:

 




Լրահոս