«ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻՆ «ՉԽԱՅԹԵՆՔ», ՍԵՎ ՀՈՒՄՈՐ ՉԱՆԵՆՔ, ԲԱ ԷԼ Ի՞ՆՉ ՄՆԱՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը «Քաղաքում» եւ «Բանակում» սերիալներից, մի շարք հումորային նախագծերից հայտնի դերասան Հովհաննես Դավթյանի հետ զրուցել է Հայաստանում հումորիստների ազատության, սերիալներում չնկարահանվելու պատճառների, հաղորդումների ժամանակ հնչեցրած համարձակ որակումների եւ այլ թեմաների շուրջ։

-Հովհաննե՛ս, կա՞ նոր ներկայացում, որի վրա աշխատում եք, եւ կա՞ մի թեմա, որին մտադիր եք անդրադարձ կատարել։
-Այո՛, կա նոր ներկայացում, այն, հավանաբար, հանդիսատեսի դատին կհանձնեմ գարնան վերջին։ Արծարծելու եմ խառը, ակտուալ թեմաներ։ Առհասարակ, ես իմ առջեւ որեւէ կոնկրետ թեմայի անդրադառնալու խնդիր չեմ դնում։ Սովորաբար վերցնում եմ հասարակությանը հետաքրքրող, երբեմն նաեւ հանրության համար ցավոտ թեմաներ, այդ թվում՝ քաղաքական բնույթի։ Առանց քաղաքական թեմաների ոչ մի ներկայացում չեմ արել, չեմ էլ պատրաստվում անել։ Կարծում եմ՝ եթե բեմի մարդը ցանկանում է ակտուալ լինել, պետք է ամեն ինչից տեղյակ լինի, այդ թվում՝ քաղաքականությունից։
-Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում հումորիստների համար ազատ դաշտ ստեղծվա՞ծ է։
-Ոչ այնքան։ Ամեն բան անում ենք, որ ստեղծվի այդ դաշտը, աշխատում ենք այդ ուղղությամբ։ Իհարկե, պետք է պահել մեր ավանդույթներն ու սկզբունքները, բայց նաեւ պետք է ազատ թեմաներով կատակենք, չասենք՝ «18+» թեման ամոթ է, սեւ հումոր չի կարելի անել, չի կարելի անդրադառնալ քաղաքական թեմաների, «խայթել» դեպուտատներին ու օլիգարխներին, իշխանավորներին եւ այլն։ Բա էլ ի՞նչ մնաց, ինչի՞ն անդրադառնանք։
-Ձեր նոր ներկայացումը նախորդներից ինչո՞վ է առանձնանալու։
-Ի տարբերություն նախորդների՝ այս ներկայացման մեջ երկրորդ, երրորդ պերսոնաժներ կմտնեն։ Կարող է ներառվել նաեւ որեւէ պարային համար, փոքրիկ երաժշտական մաս՝ թարմ, հետաքրքիր թեմաներով եւ այլն։
-Հովհաննե՛ս, նախկինում նկարահանվում էիք սերիալներում, հիմա նման առաջարկ, ցանկություն չունե՞ք։
-Ո՛չ, այնքան լարված գրաֆիկով եմ աշխատում, որ դրա համար ժամանակ էլ չունեմ։ Տեւական ժամանակ է՝ նկարահանվում եմ հումորային փոքրիկ տեսանյութերում, բարձրացնում եմ հասարակությանը հուզող թեմաներ։ Այսինքն՝ շաբաթական երեք անգամ ինքս եմ պրոդուկտ տալիս։
-Ի դեպ, բավական համարձակ որակումներով եք անդրադառնում այս կամ այն խնդրին։ Շատերը կհարցնեն՝ չե՞ք վախենում։
-Այո՛, իսկապես հարցնում են, ես էլ հումորով պատասխանում եմ՝ վախենում եմ։ Ախր, եթե վախեցող լինեի, պարզապես չէի անի ոչինչ։
-Գուցե ուրիշների՞ն եք վախեցնում, նրանց, ում անդրադառնում եք։
-Գուցե, գուցե։ Բայց ասեմ, որ ավելի եմ ակտիվացնելու թողարկումներս։ Շուտով մեր ֆեյսբուքյան հետեւորդների համար վիկտորինաներ ենք պատրաստելու՝ ակնկալելով սրամիտ պատասխաններ։ Հետո արդեն ամենաակտիվներին կընձեռվեն արժեքավոր մրցանակներ։
-Չեք ափսոսու՞մ, որ Ձեր պրոդուկտը ներկայացնում եք միայն ֆեյսբուքյան տիրույթում։ Օրինակ՝ այն հեռուստատեսությամբ հեռարձակելու մտադրություն չունե՞ք։
-Դեռ նման առաջարկ չի եղել, ճիշտն ասած՝ հեռուստատեսությունն այս պարագայում ինձ հետաքրքիր էլ չէ։ Եվ հետո՝ մի բան, որն իմն է, ինչո՞ւ տամ հեռուստատեսությանը։
-Հենց թեկուզ գումար աշխատելու համար։
-Ես աշխատում եմ իմ գումարը՝ ներկայացումների, այլ միջոցառումների միջոցով, այնպես որ, նման խնդիր չունեմ։
-Հովհաննե՛ս, մի փոքր էլ խոսենք Ձեր անձնականից։ Ամուսնալուծությունից հետո երկրորդ կյանք սկսելու ցանկություն չունե՞ք։
-Դեռ չեմ մտածում այդ ուղղությամբ, նորություններ չունեմ, եթե ինչ-որ բան լինի, կասեմ։
-Համաձա՞յն եք այն կարծիքին, որ միայնակ մնալու դեպքում մուսան ավելի հաճախ է այցելում ստեղծագործող մարդուն։
-Իհարկե, համամիտ եմ։ Եթե ունես կողակից, կամ մեկը, որին սիրում ես, նրան տրամադրում ես ժամանակ, ուշադրություն, էներգիա, որը, բնականաբար, անսահմանափակ չէ։
-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր կողքի կինը։
-Ինձ հետ համահունչ, խելացի, կանացի, նվիրված։ Իմ կողքի կինը պետք է նաեւ գնահատի իմ գործունեությունը, հասկանա մասնագիտությանս հետ կապված դժվարությունները։ Իսկ եթե կարճ՝ կարեւորը իրար արժանի լինենք։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ՝ ՈՉ, ԲԱՅՑ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ ԽՆԴՐԵԼ Է ԻՐԵՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՏԱԼ

Ինչպես հայտնի է՝ Երեւանի ավագանին այսօր հրավիրած իր արտահերթ նիստում բնակարաններ կտրամադրի Երեւան քաղաքի պատվավոր քաղաքացի Ռուբեն Մաթեւոսյանին եւ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանին։ Երգչին կտրամադրվի 62.7 քմ մակերեսով բնակարան Սիսակյան փողոցում։ Նա իր կնոջ, որդու ընտանիքի, մյուս որդու եւ դստեր հետ բնակվում է մեկ հարկի տակ` փոքր բնակարանում: Նույն շենքից բնակարան կստանա նաեւ Ռուդոլֆ Ղեւոնդյանը։

«Ժողովուրդ»-ը նրանցից հետաքրքրվել է՝ ի՞նչ պայմաններում էին մինչեւ այժմ ապրում, արդյո՞ք իրենք են քաղաքապետին խնդրել բնակարան տալ, թե՞ դա հենց վերջինիս նախաձեռնությունն է։
Մենք Ռուբեն Մաթեւոսյանին հարցրինք՝ ինչպե՞ս էր պատահել, որ մինչեւ այսօր իրեն բնակարան չէին տրամադրել. «Չեմ կարող ասել, ես ուղղակի շատ շնորհակալ եմ, որ ինձ նկատել են։ Դա քաղաքապետի նախաձեռնությունն է եղել, ինքն է որոշել այդ քայլին գնալ։ Սա երեւի թե 56-57 տարվա իմ կատարած աշխատանքի լավագույն գնահատականներից մեկն է»,-մեկնաբանեց երգիչը։
Նա նաեւ հավելեց, որ թեեւ իր բնակարանը մեկ սենյականոց է, որտեղ մինչ օրս ապրել են ինքը, կինը, երեք երեխաները, հարսը, թոռները, ինքը երբեք չի դժգոհել այդ վիճակից. «Հակառակը, միշտ ուրախացել եմ, որ ուրիշներին մի սենյակ են տվել, հետո՝ բաներ կան, որ չի կարելի բարձրաձայնել, ամոթ է»։
Իսկ ահա Ռուդոլֆ Ղեւոնդյանը մեզ տեղեկացրեց, որ բնակարանի տրամադրման հարցով ինքն է դիմել քաղաքապետին. «Խնդրել եմ, անպայման, իհարկե, դիմել եմ, եւ նրանք հարգել են դա։ Բայց դիմելուն էլ կարգ կա, ձեւ կա։ Մենք ցիվիլ մարդիկ ենք, ամեն ինչ ձեւ ունի։ Գալիս է մի պահ, երբ արվեստագետը ցանկություն է ունենում ազատ մթնոլորտում ստեղծագործելու, աշխատելու»,-ասաց նա։
Պարոն Ղեւոնդյանը նշեց, որ մինչեւ այժմ բնակվում էր կնքահոր բնակարանում. «Բայց սպասողական վիճակի մեջ էի, ակնկալում էի, որ մի օր ինձ կգնահատեն»,-եզրափակեց նա:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 




Լրահոս