Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը դատի է տվել երկրի գլխավոր դատախազությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը երկրի գլխավոր դատախազության դեմ հայց է ներկայացրել Սաբաիլի շրջանի դատարան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը: «Մուսավաթ» կուսակցությունը 2017-ի ապրիլ- մայիս ամիսներին միջազգային մամուլում հայտնված և մեծ հնչեղություն ստացած «Պանամայի փաստաթղթեր»-ից բացահայտված տեղեկատվության հետ կապված, որում շոշափվում էր նաև Ադրբեջանի նախագահի աղջիկների անունները դիմել էր Ադրբեջանի գլխավոր դատախազություն` պահանջելով մանրազնին ուսումնասիրել այդ տեղեկությունների մանրամասները, սակայն Ադրբեջանի գլխավոր դատախազությունն անտեսել էր կուսակցության դիմումը:

Կուսակցությունը դատարան ներկայացրած հայցում նշել է, որ Գլխավոր դատախազության կողմից ընդդիմադիր կուսակցության դիմումի անտեսումը օրենքի խախտում է: «Մուսավաթ»-ը դատարանից պահանջում է որոշում կայացնել, ըստ որի գլխավոր դատախազությունը կուսումնասիրի «Պանամայի փաստաթղթերից» ստացված տեղեկատվության մանրամասները: 2017-ի ապրիլին Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի անդամները հրապարակել էին «Պանամայի փաստաթղթերի» հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքները:

Պանամայի փաստաթղթերը պարունակում են ավելի քան 50 երկրների տարբեր աստիճանի պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց անուններ: Փաստաթղթերում տեղ էին գտել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևեի դուստրերի անունները: Տեղեկության հրապարակումից անմիջապես հետո «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլըն տեղեկությունների ուսումնասիրության պահանջով դիմել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին:

«Մուսավաթ» կուսակցության առաջնորդը, մասնավորապես, պահանջել էր, ուսումնասիրել Լեյլա և Արզու Ալիևաների Լոնդոնում միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունենալու հանգամանքները:

Գլխավոր դատախազությունը անտեսել էր կուսակցության պահանջը, ինչի պատճառով էլ կուսակցությունը դիմել է դատարան: Ադրբեջանում հաստատված ալիևյան բռնատիրական ռեժիմի պայմաններում երկրի ուժային կառույցներն ու իշխանությունը խիստ սերտաճած են և ուժային կառույցները փորձում են ամեն կերպ ծածկել, մասնավորապես նախագահական ընտանիքի և նրանց մերձավորների հանցավոր գործողությունները:




Լրահոս