ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ երկրների ներկայացուցիչները ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ կապված մնացած հարցերն արդեն համարում են Հայաստանի Հանրապետության անելիքը: Մասնավորապես նրանք նշում են, թե ԵՄ-ն ամեն ինչ արել է, եւ հիմա գործելու հերթը Հայաստանինն է:

Մասնավորապես օրեր առաջ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանի իշխանություններին կոչ էր արել բրյուսելյան գագաթնաժողովից առաջ կատարել տնային աշխատանքը: «Էլի եմ ուզում կրկնել՝ սկսեք ձեր ներքին նախապատրաստական աշխատանքներն այդ օրվա համար: Պատրաստվե՛ք, կատարե՛ք ձեր տնային աշխատանքը, եւ այդ օրը, հուսով եմ, կգա», – նշել էր նա:
Դրանից առաջ էլ Սվիտալսկին վստահեցրել էր, թե ամեն ինչ պատրաստ է՝ նոյեմբերին համաձայնագիրը ստորագրելու համար: «Ամեն ինչ իր հետագծով առաջ է շարժվում: Մարդիկ աշխատում են ջանասիրաբար, որպեսզի մենք կարողանանք փաստաթղթի ստորագրումն իրականություն դարձնել՝ նոյեմբերին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Մեր կողմից՝ ԵՄ-ի կողմից, մենք ամեն ինչ պատրաստում ենք ե՛ւ թուղթը, ե՛ւ թանաքը՝ ստորագրելու նոր համաձայնագիրը նոյեմբերին», – հայտարարել էր նա:
Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, որ այժմ ամեն ինչ կախված է միայն Հայաստանից:
-Նոյեմբերին նախատեսվում է ստորագրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Ի՞նչ եք կարծում՝ այս անգամ այն կստորագրվի՞:
-Պայմանագիրը պետք է ստորագրել եւ դրան հետեւել: Հայաստանն ազատ երկիր է, որը կարող է լուծել իր խնդիրները: Եվ ինչու նա չի կարող պայմանագիր ստորագրել: Եթե Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, դա չի նշանակում, որ չի կարող համագործակցել նաեւ ԵՄ-ի հետ:
-Պյոտր Սվիտալսկին վերջերս նշել էր, թե ամեն ինչ պատրաստ է ստորագրման համար, եւ Հայաստանը պետք է կատարի իր տնային աշխատանքը:
-Ես չեմ կարող հստակ ասել՝ հստակ կստորագրվի, թե ոչ, սակայն մեկ բան կարող եմ ասել, որ հիմա ամեն ինչ կախված է միայն Հայաստանից: Վստահ չեմ կարող ասել՝ ինչ կլինի, սակայն լիահույս եմ, որ, ի վերջո, պայմանագիրը կստորագրվի:
-Ի՞նչ հետեւանքներ կլինեն այն չստորագրելու դեպքում:
-Գիտեք, ես հաշվի եմ առնում Հայաստանի գեոքաղաքական իրավիճակը: Այն բարդ է, եւ հասկանում եմ Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ հասկանում եմ նաեւ, թե ինչու է այն այնպիսին, ինչպիսին կա: Քաղաքականության մեջ պետք է հաշվի նստել գերտերություն հանդիսացող հարեւան երկրների հետ: Դրանով ես ցանկանում եմ ասել, որ չեմ կարող Հայաստանին մեղադրել այն բանի համար, որ նա Հարավային Կովկասում ուրույն պրոռուսական դեր է խաղում:
-Սակայն, եթե այս անգամ պայմանագիրը չստորագրվի, Եվրոպան եւս մեկ շանս կտա՞:
-Քաղաքական գործընթացները միշտ դանդաղ են առաջ գնում: Ղարաբաղյան կոնֆլիկը դրա վառ ապացույցն է: Այն արդեն երկար տարիներ է ձգվում՝ 25 տարի, եւ դեռ կշարունակվի: Ես կարծում եմ, որ հիմա պետք է եւ օգտակար է լուծել Ղարաբաղի հարցը, այսինքն՝ պետք է սկսել Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթաց: Իհարկե, շատ լավ կլինի, որ այդ համաձայնագիրը ստորագրվի, սակայն ես հասկանում եմ, թե ինչ իրավիճակում է Հայաստանը գտնվում: Ես հավատում եմ, որ Հայաստանը խելացի կգտնվի:
-Հայաստանը պե՞տք է սկսի այդ գործընթացը:
-Դա կախված է Հայաստանից, բայց ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որպեսզի հենց Հայաստանի կողմից ճանաչվի Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն:
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ՌԴ-ն ինչպե՞ս է վերաբերում ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու ՀՀ-ի որոշմանը: Կարո՞ղ է որեւէ կերպ խոչընդոտել:
-Ես կարծում եմ, որ ՌԴ-ն բացասաբար է վերաբերում այդ դիրքորոշմանը: Բայց ես կարծում եմ, որ հայկական դիվանագիտությունը բարձր մակարդակի վրա է գտնվում, եւ կկարողանան այս հարցը լուծել եւ այնպես անել, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները չանդրադառնան ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա: Ես կարծում եմ, որ որքան էլ Ռուսաստանը փորձի խանգարել պայմանագրի ստորագրմանը, միեւնույն է՝ հայկական հպարտությունը դա թույլ չի տա:

 

 

 

ՄԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ խորհրդարանում կազմակերպել էր «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ոլորտի ներկայացուցիչներ: Բնապահպան Ինգա Զարաֆյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ՀՀ-ում առկա են թե՛ տեխնածին, թե՛ բնական աղետներ, եւ դրանից չենք կարող խուսափել:

-Տիկի՛ն Զարաֆյան, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ աղետների եւ արտակարգ իրավիճակների:
-ՀՀ-ում առկա են թե՛ տեխնածին, թե՛ բնական աղետներ, եւ դրանից չենք կարող խուսափել: Բերեմ մեկ լավ օրինակ, մեկ՝ վատ: Ես կարծում եմ, որ երբ հրդեհների ժամանակ շատ ծանր պայմաններ էին, եւ այդ ծանր պայմաններում ունեինք ռեսուրսների կոնցետրացիա: Եվ ինչը շատ դժվար է ՀՀ-ի պարագայում. մի քանի գերատեսչություններ կարողացան միասին գործել, եւ դա լավ օրինակ է: Արդեն շատ է խոսվել, որ մենք տեխնիկապես պատրաստ չենք: Գաղտնիք չէ, որ այն ֆինանսավորում է պահանջում: Ես ուզում եմ ասել, որ մենք ունենք կառավարման խնդիր, բայց որ երկու նախարարություններ կարող են դա անել, երեւաց: Բայց չեմ կարծում, թե մյուս նախարարություններն ակտիվ էին՝ նույն տարածքային կառավարման նախարարությունը կամ առողջապահության նախարարությունը: Մենք այնտեղ ակտիվություն չտեսանք: Հիմա ուզում եմ մի վատ օրինակ բերել այդ աղետների մասով. մենք ունենք տեխնածին աղետներ, եւ հիշու՞մ եք՝ «Նաիրիտ»-ի հրդեհը: Ինչը մենք տեսանք որպես արդյունք: Մենք տեսանք, որ՝ մի՛ անհագստացեք, դա անվտանգ է: Մենք ունեցել ենք ո՛չ պրոֆեսիոնալ մոտեցում, ո՛չ պրոֆեսիոնալ գնահատում, որը ոչ մեկին չի բավարարել:
-Եթե ամփոփենք ամռանը տեղի ունեցած հրդեհները, ի՞նչ եզրակացության կարող ենք գալ: Օրինակ՝ բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարները տարբեր տեսակետներ են հայտնում: Ի վերջո, «Խոսրովի անտառ»-ի հրդեհն ինչի՞ հետեւանք կարող է լինել:
-Ամփոփելով մենք կարող ենք ասել՝ եթե մեղադրանք կա, որ դա միտումնավոր է, համապատասխան մարմինները պետք է դա ընդունեն որպես ահազանգ եւ սկսեն իրենց հետաքննությունը: Ես կարծում եմ, որ այդ հետաքննության քայլերը պետք է պատշաճ ներկայացվեն՝ ի՞նչ են հայտնաբերել, ո՞ւմ են հայտնաբերել, եւ այլն: Սա շատ կարեւոր հարց է: Ես չեմ կարող բացառել կամ չբացառել որեւէ գործոն, մենք սպասում ենք համապատասխան մարմինների արձագանքին:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԱԺ ԿԲԵՐԵՆ
Երեքշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը քննարկելու համար: Մինչ այս արդեն շատերի կողմից քննադատված հայտնի նախագծի վերաբերյալ մի քանի լսումներ կազմակերպվել էին, որոնցից մեկի ժամանակ միջադեպ էր գրանցվել: Մասնավորապես, երբ օրենքի ընդդիմադիրներին ձայնի իրավունք չէին տվել, վերջիններս սկսել էին բորբոքվել եւ «հարձակվել» արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի վրա, թե իրենց կանչել են, որպեսզի «լոլոներ» լսեն: Հիշեցնենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ, որը լինելու է ՀՀ վարչապետին կից խորհրդատվական մարմին եւ ունենալու է կոնկրետ գործառույթներ. նախապատրաստել ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության նախագիծը, դրա իրականացմանն ուղղված ծրագրերը, քննարկել ընտանեկան բռնության կանխարգելմանն առնչվող առանձին հարցեր, հրատապ խնդիրներ եւ մշակել համապատասխան առաջարկություններ։

 

 

 

ԿՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչեւ 2018 թվականի վերջ «Հայփոստ» ընկերությունը կմասնավորեցվի: Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերի 14-ին ստորագրվել է հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով ժամկետը սահմանվել է 9 ամիս` 2017 թվականի սեպտեմբերի 30-ը: Ի դեպ, «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ 2017 թվականի հունիսի 9-ի օրենքում: Ինչպես հայտնի է` փոստի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը, որը մասնավորեցումից հետո «հանձնվելու» է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին, ու մասնավորեցման մասին այս նախագիծը մշակվել է հատուկ նրա համար։ Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել էր «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը, որով առաջարկվել էր մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում ավելացնել «Հայփոստ» ընկերությանը:

 

 

ՃԱՆԱՉԵԼ Է ԳՈՂՈՆԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շահումյանի թռչնաֆաբրիկայի գողության գործով օրերս քննչական գործողություններ են իրականացվել: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները կրկին հարցաքննության են հրավիրել Շահումյանի թռչնաֆաբրիկայի տնօրենին եւ ճանաչման ներկայացրել մի քանի իր: Տնօրենը ճանաչել է դրանք ու ասել է, որ հայտնաբերված իրերը պատկանել են իր ընկերությանը: Հիշեցնենք, որ գողության գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանին եւ նրա մի քանի աշխատակիցներին: Մեզ հասած լուրերի համաձայն` նախագահ Սերգեյ Ստեփանյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:

 




Լրահոս