Իրանցիները մտադիր են Մեղրիում թռչնաֆաբրիկա հիմնել. գործարարները հետաքրքրված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին առաջիկայում տարածք է տրամադրելու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այն պայմանավորված է ՀՀ Սյունիքի մարզում Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ:


ՀՀ կառավարությունը նախատեսում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու կառուցման առաջին փուլում կառուցապատել մաքսային կետի հարակից տարածքը` ապահովելով հիմնական վարչական, արտադրական եւ պահեստային տարածքները: Մաքսային հսկողության եւ ազատ տնտեսական գոտու անմիջապես հարեւանությամբ գտնվում է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը, որի դիրքը եւ կառուցվածքը հարմար են ԱՏԳ-ն շահագործելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս խնդրին կառավարությունը լուծում է գտել. մասնավորապես ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից առաջարկվել է ՍԱՊԾ-ից նշված տարածքը վերցնել եւ տրամադրել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին: Ինչի փոխարեն ՍԱՊԾ-ին կհատկացվի ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տարածքը:
Նշենք, որ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն հիմնադրվել է այս տարվա օգոստոսի 8-ին, իսկ հիմնադիրն է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանվել է 50 հազար դրամ, որը բաժանված է 10 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5 հազար դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ եռամսյա ժամկետում նախատեսվում էր հաստատել ընկերության կանոնադրությունը, ձեւավորել ընկերության գործադիր մարմինը, ապահովել ընկերության պետական գրանցումը եւ օրենքով սահմանված` ընկերության հիմնադրի մյուս լիազորությունների իրականացումը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերության ստեղծումից անցել է երեք ամիս, բայց կանոնադրությունը դեռ հաստատված չէ: Մեր հարցին՝ ո՞ր փուլում են գտնվում Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները, ընկերության տնօրեն Աշոտ Զարբաբյանն ասաց. «Մինչեւ տարեվերջ կհայտարարենք ազատ տնտեսական գոտու մեկնարկի մասին: Սկզբնական փուլում ենք եւ ինտենսիվ աշխատանքներ են կատարվում այս ուղղությամբ: Մեղրիի ազատ տնտեսական գոտու մեկնարկը կհայտարարվի մինչեւ տարեվերջ»:
Ի դեպ, տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ բացի Մեղրիի ազատ տնտեսական գոտուց՝ առաջիկայում հարեւանությամբ ստեղծվելու է եւս մեկը, որը ծրագրված էր վաղուց, եւ այդ գոտու սեփականատերը ՀՀ առեւտրի արդյունաբերական պալատն է: Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու միտքը կար նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության մոտ: Ավելին` նա իր վարչապետության օրոք նույնիսկ այցելել էր Մեղրիի տարածաշրջանի այն հատվածը, որտեղ նախատեսվում է ստեղծել: Ու, փաստորեն, ՀՀ վարչապետը նախորդ պայմանավորվածությունները կատարելու փոխարեն մեկ այլ ազատ առեւտրի գոտի է ստեղծում՝ կառավարության 100 տոկոս մասնաբաժնով: Այս հարցին ի պատասխան՝ Զարբաբյանն արձագանքեց հետեւյալ կերպ. «Ես տեղյակ եմ միայն Մեղրիի ազատ տնտեսական գոտուց եւ զբաղված եմ դրա ստեղծման աշխատանքներով: Կա, թե չկա մեկ այլը, կամ մեկնարկ կա մեկ ուրիշի, տեղյակ չեմ»:
Իսկ ահա Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այս ընթացքում իրենից իրանական կողմի գործարարները շատ են հետաքրքրվում, թե երբ է, ի վերջո, ստեղծվելու ազատ տնտեսական գոտին: «Իրանական կողմի գործարարները հիմնականում ինձ են դիմում, բայց պարոն Կարայանի (խոսքը ՏԶՆ նախարար Սուրեն Կարայանի մասին է-Ս.Հ. ) մի խումբ գործարարներ էին եկել տարբեր երկրներից: Այս պահին ՓԲԸ-ն ստեղծված է, մեզանից ինչ ուզել են, մենք տվել ենք` հողատարածք եւ այլն: Հիմա համապատասխան չափագրումներն են արվում: Մենք սպասում ենք ստեղծված ընկերության կանոնադրության հաստատմանը: Ամեն օր սպասում ենք, թե երբ է բացվելու: Մեզ տեղեկացրել են, որ այս նոյեմբերին պլատֆորմ, որոշակի հիմք պետք է ունենանք»,- ներկայացրեց քաղաքապետը:


Ըստ մեր զրուցակցի` իրանական կողմի որոշ գործարարներ հետաքրքրված են Մեղրիի ազատ տնտեսական գոտում սպանդանոց եւ թռչնաֆաբրիկա հիմնելու ծրագրով: Բայց նաեւ կան գործարարներ, որոնք մտադիր են զբաղվել պլաստմասե իրերի առեւտրով: «Ամեն դեպքում, իրանցի գործարարները շատ են ցանկանում մտնել ԵՏՄ շուկա, իսկ Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելը նրանց ձեռնտու է: Նրանք մտադիր են սպանդանոց հիմնել, որտեղ կկարողանան հայկական ոչխարը մորթել եւ իրանական շուկա մտցնել: Իսկ թռչնաֆաբրիկայում բնականաբար կաշախտեն տեղի բնակիչները: Արդյունքում տեղական շուկայում կհայտնվեն նաեւ իրանական թռչնամիսն ու հավկիթը»,- ոգեւորված նկատեց Մեղրիի քաղաքապետը:
Կարճեւան գյուղի բնակիչները եւս մեծ հույսերով սպասում են ազատ տնտեսական գոտու բացվելուն: Կարճեւանի վարչական ներկայացուցիչ Սուրեն Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց. «Կոնկրետ խոստումներ չեն տվել, այնպես չէ, որ ոսկե սարեր են խոստացել, բայց մարդիկ սպասում են: Նախկինում այդ տարածքում տոնավաճառ կար, մարդիկ կարողանում էին առեւտուր անել, հիմա դա էլ չկա: Բայց մենք էլ հույսով սպասում ենք»:
Սյունէ Համբարձումյան




Լրահոս