ՊՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԱՆԳԱՄ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻՆ Է ՄՏԱՀՈԳԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեցտարի պակասող ՀՀ բնակչության թվի այսպիսի պայմաններում զինվորների պակասը լրացնելու համար ՀՀ ՊՆ ղեկավարությունը տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնում էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը, որով խիստ սահմանափակվում է տարկետման իրավունքը, նաեւ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում շարքային կազմի համար՝ 2 տարի, իսկ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայողների համար՝ 3 տարի:
Այսինքն՝ շարքային զինծառայություն անցնողների համար ոչինչ չի փոխվելու: Իսկ նրանք, ովքեր կցանկանան օգտվել տարկետման իրավունքից, պետք է ծառայեն 3 տարի: Նախագծով հստակեցվել են շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերից տարկետման հիմքերը, ուսումը շարունակելու կապակցությամբ տարկետման իրավունքը փոխարինվել է նպատակային ուսումնառության համար տարկետումով, որի համաձայն՝ բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող են ստանալ միայն ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած («Պատիվ ունեմ» ծրագիր) կամ հանրակրթական եւ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող քաղաքացիները:
Նախագծի այս հատվածը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել հենց իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորների մոտ: Ինչո՞ւ: Այստեղ այլ խնդիր կա. ՊՆ ներկայացրած օրինագիծը կարող է բացասաբար անդրադառնալ առաջին հերթին երկրի ժողովրդագրական վիճակի վրա՝ խթանելով առանց այն էլ բարձր տեմպերով շարունակվող արտագաղթը:
Ի վերջո, գաղտնիք չէ, որ այսօր երկիրը շատերը լքում են ոչ միայն սոցիալ-տնտեսական պայմաններից դրդված, այլ նաեւ տղա երեխաներին զինծառայության չուղարկելու համար: Ու քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հակամարտությունը, քանի դեռ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԼՂՀ-ի սահմաններին հրադադարի ռեժիմի խախտումները պարբերական բնույթ են կրում, մեծ կլինի նաեւ զինծառայությունից խուսափողների թիվը: Սա հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ բացահայտվեց ԶՈՒ անմխիթար վիճակը /հանուն արդարության նկատենք, որ պատերազմից հետո արդեն իրավիճակը փոխվել է, եւ սահմանային զորամասերը հագեցել են նոր սպառազինություններով, համապատասխան սարքավորումներով/:
Այս փաստը ԱԺ հանձնաժողովի նիստում երեկ բարձրաձայնել է անգամ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Ֆելիքս Ցոլակյանը, որ տասնյակ տարիներ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ԱԱԾ-ում՝ 2007-2013թթ. լինելով ԱԱԾ պետի տեղակալը: «Վախ կա, որ օրենքը կարող է մի քիչ արտագաղթին նպաստի, ինչո՞ւ, որովհետեւ այսօր արդեն տենդենց կա, որ տղա երեխա ունեցողները երեխաներին սկսելու են արդեն դուրս հանել։ Ես խնդրում եմ՝ ուղղակի դա հարկավոր է հաշվի առնել, պարտադիր ուսումնասիրել այս դաշտը, տեսնել՝ ինչ է կատարվում այս դաշտում, որովհետեւ պրոբլեմ իսկապես կա։ Ես լսում եմ մարդկանցից, ասում են՝ քաղաքացիության հարց ենք լուծում, էս ենք անում, էն ենք անում, այսինքն՝ պրոբլեմը մենք չտեսնել չենք կարող։ Հարկավոր է՝ այս պրոբլեմը խորն ուսումնասիրենք, որ ստեղ սխալ թույլ չտանք»,- ասաց Ցոլակյանը՝ նշելով, որ քիչ չեն դեպքերը, երբ տղա երեխաների համար 14 տարեկան հասակում ՌԴ քաղաքացիություն ստանալու հարց են լուծում: Թեեւ նախարար Վիգեն Սարգսյանը փորձում էր համոզել, թե օրինագծի ընդունումով նման վտանգ չի առաջանա, քանի որ տարկետման իրավունքից օգտվում է բնակչության քիչ մասը, միեւնույն է, նախարարի արդարացումները համոզիչ չէին: Համոզիչ չէին թեկուզ եւ այն առումով, որ այսօր պաշտոնական վիճակագրությամբ երեւում են արտագաղթի տեմպերը, հատկապես՝ աշակերտների թվի նվազումը:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2007/2008 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորել է 431.2 հազար աշակերտ, արդեն 2008/2009 ուսումնական տարում այդ թիվը կազմել է 414.8 հազար, 2009/10 ուս.տարում այդ թիվը հասել է 329.9 հազարի, 2010/11 ուս.տարում՝ 370.9 հազարի, եւ թիվն այսպես հետեւողականորեն նվազել է. արդեն 2016/2017 ուս.տարվա ավարտին աշակերտների թիվը կազմել է 364.8 հազար: Այլ կերպ ասած՝ միայն աշակերտների թիվն այս տասը տարիների ընթացքում պակասել է 66.4 հազարով:
Բացի այդ՝ եթե 2007թ. Հայաստանում 15-19 տարեկան բնակիչների թիվը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 320 հազար, ապա 2016թ. այն պակասել է գրեթե կիսով չափ՝ կազմելով 179.7 հազար: Ընդ որում, եթե 2007թ. Հայաստանում 15-19 տարեկան տղա բնակիչների թիվը կազմել է ընդհանուր բնակչության 10.1 տոկոսը, ապա արդեն 2016թ. այդ տարիքի տղաները կազմել են ընդհանուր բնակչության 6.6 տոկոսը:
Չնայած, մյուս կողմից՝ ՊՆ այս նախաձեռնության պատճառներն էլ կարելի է հասկանալ. ՊՆ-ն, ըստ էության, «քաղում է» նույն այս իշխանությունների վարած քաղաքականության պտուղները. բնակչության թիվն այնքան է նվազել, որ տարեցտարի խնդիր է դառնում զինված ուժերը բավարար չափով համալրելու հարցը: Ու հիմա փորձ է արվում ամեն գնով լուծել բանակը համալրելու, ըստ այդմ, նաեւ սահմանը պահելու հարցը: Ի վերջո, անկախ նրանից, թե իշխանություններն ի՞նչ քանակի, ի՞նչ արժողության, ի՞նչ հզորության զինատեսակներ ձեռք կբերեն, եթե չկա այդ զենքը գործադրողը, ապա այդ ամենը կմնա որպես մետաղաջարդոն, եւ ոչ ավելին:
Հ.Գ. Ի դեպ, մինչ այդ նկատենք, որ երեկ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության» մասին կարեւորագույն օրինագծի քննարկմանը ընդդիմադիր պատգամավորներից որեւէ մեկը որեւէ հարց չհնչեցրեց, էլ ուր մնաց՝ տեսակետ հայտներ: «Ելք»-ի անդամներն ընդհանրապես ներկա չէին, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն էլ դահլիճում գլխաքանակ ապահովելու համար էին նստած եւ լուռ լսողի դերում էին: ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը փորձեց հարց տալ, բայց արդյունքում հայտնվեց անհարմար վիճակում. օրենքից փորձել էր մեջբերում անել, բայց այդ ասածը ընդհանրապես չկար նախագծում: Ու միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Ֆելիքս Ցոլակյանը նախագծի վերաբերյալ հարց տվեց, իր մտահոգությունները հայտնեց: Մի փոքր ակտիվություն ցուցաբերեց նաեւ ՀՀԿ խմբակցությունից Ալիկ Սարգսյանը: Կարճ ասած, ԱԺ գոնե մշտական հանձնաժողովում երեւաց այս խորհրդարանի իրական պատկերը: Մեկ փաստ էլ. քանի որ օրենքի նախագծում կատարվելիք ամեն փոփոխությանը կողմ քվեարկելու համար ներկա իշխանական 3 պատգամավորները պետք է ձեռք բարձրացնեին, իսկ դեմ ու ձեռնպահ էլ չկար, Ֆելիքս Ցոլակյանն ընդվզեց, թե՝ «ձեռքս ցավաց», եւ նա առաջարկեց, որ եթե ձայն չեն հանում, ուրեմն կողմ են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԿԺԱՄԱՆԻ
Այսօր Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ով հոկտեմբերի 25-ին մասնակցելու է Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այս նիստին նախատեսվում է նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը: Սակայն մինչ այդ այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որից հետո լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարությամբ: Սակայն այս հանդիպմանը հաջորդող հայտարարությանը հրավիրված են սահմանափակ թվով լրատվամիջոցներ՝ միայն երկու կողմերից հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ: Կառավարության մամուլի ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին մեկնաբանեցին տեղի սահմափակ լնելու հանգամանքով: Հիշեցնենք, որ կառավարության շենքում տեւական ժամանակ վերանորոգումներ էին ընթանում՝ Մեդվեդեւին ըստ արժանվույն դիմավորելու համար:
Հավելենք նաեւ, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի է ունենալու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում:

 

 

ԿՈՆՅԱԿԱՄՈԼՆԵՐԸ
Հայաստանի պետական գերատեսչություններում բյուջեի միջոցներով կոնյակ գնելը դարձել է պարտադիր սովորություն: Հայտնի էր, որ պետբյուջեի հաշվին սովոր են կոնյակներ գնել Երեւանի քաղաքապետարանը, արտաքին գործերի նախարարությունը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ցանկում տեղ է գտել նաեւ ՀՀ սահմանադրական դատարանը: Պարզվում է, որ ՍԴ-ն բացի մարտկոցներից, արգելակման կոճակներից, բենզինից ու սոխուկներից, գնել է նաեւ կոնյակ՝ ընդհանուր 516 հազար դրամ արժողության: Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՍԴ-ն սեպտեմբերի 25-ին պայմանագիր է կնքել «Ագուլիս-Մեկ» ՍՊԸ-ի հետ եւ ձեռք բերել 60 հատ կոնյակ՝ մոտ 7200 դրամանոց: Այսինքն՝ կոնյակների համար ՍԴ-ն պետական միջոցներից ծախսել է ավելի քան 1 հազար ԱՄՆ դոլար:

 

 

«ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿԻ» ԹԱԼԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Կոնվերսբանկի»՝ Սայաթ-Նովա մասնաճյուղի կողոպուտից անցել է 15 օր, սակայն դեռեւս իրավապահները չեն հայտնաբերել ո՛չ գլխավոր կասկածյալին՝ Յուրի Ցիգանկովին, որին մեղադրում են բանկը կողոպտելու մեջ, ո՛չ էլ գողոնն է գտնվել:
Այս գործի շրջանակներում մյուս ձերբակալվածների հարազատները պնդում են, թե իրենց բարեկամները չէին կարող որեւէ կապ ունենալ միջադեպի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գործով կալանավորված Մարատ Գալստյանի մտերիմները հայտնեցին, որ Մարատ Գալստյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

 

 

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքով՝ բազմիցս է ասվել, որ Ադրբեջանը ահաբեկչական երկիր է, որը չի հրաժարվում իր աննորմալ, հայատյաց քաղաքականությունից: Խոսելով ղարաբաղաադրբեջանական սահմանին աճած լարվածության մասին՝ նա նկատել է, որ պետք է ավելի կոշտ դիրքորոշում ընտրվի Ադրբեջանի նկատմամբ՝ միեւնույն ժամանակ հավելելով՝ իր ասածը չի նշանակում հրաժարվել բանակցություններից: «Բանակցային գործընթացի սառեցման ու տապալման այլընտրանքը պատերազմն է: Բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ այլընտրանքը պետականության կորուստն է եւ ցեղասպանությունը»- նշել է Դ. Բաբայանը: Նրա խոսքով՝ երբ խոսում ենք Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին, պետք է պատկերացնենք մի բան՝ հակամարտության կարգավորումն ընթանում է երկու հարթություններում, առաջինը՝ բուն կարգավորումն է՝ տարբեր հարցերի շուրջ համաձայնության գալը, որը բարդ եւ երկարատեւ գործընթաց է Ադրբեջանի հետ բանակցելու պարագայում, երկրորդը՝ համեմատաբար խաղաղության պահպանումն է ու լարվածության մեծացման կանխումը:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԻՍՏԻՆ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 25-ին կմասնակցի Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը: Նիստի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը, ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019թթ. սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Օրակարգային թեմաներից է նաեւ 2018-2020թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման փուլերի եւ հիմնական ուղղությունների միջոցառումների ծրագրի քննարկումը: Ղրղզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՀ խորհրդի նիստում նախատեսվում է հաստատել երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը:

 




Լրահոս