Նոր աղմուկ նախագծի շուրջ. oրինագիծը կապ չունի հայ իրականության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխության նախագիծ է հրապարակել, որը թեեւ դեռեւս Ազգային ժողով չի ուղարկվել, բայց հասցրել է դժգոհություն հարուցել:

Ինչ օրինագծի մասին է խոսքը, եւ ինչու է անհրաժեշտություն առաջացել այն ընդունելու: ՀՀ արդարադատության նախարարությունը նախագծի կից փաստաթղթերում ներկայացրել է նոր օրենսգիրք ընդունելու պատճառները: Ըստ այդմ, ներկայացվել է 7 հիմնավորումներ, մասնավորապես, որ 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված եւ 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների արդյունքում ընդունված կարեւոր իրավական ակտերից է: Այն միասնական, համակարգված եւ համապարփակ ակտ է, որը կարգավորում է ոչ միայն քաղաքացիական դատավարական հարաբերությունները, այլեւ կարգավորում էր վարչադատավարական հարաբերությունները։ Սակայն օրենսգիրքն իր դրական հատկանիշներով հանդերձ գործողության ընթացքում ի ցույց դրեց որոշակի անհստակություններ, կարգավորման բացեր, ինչպես նաեւ անհամապատասխանություն հասարակական հարաբերությունների զարգացման արդի միտումներին, մասնավորապես`

1. Oրենսգրքում առկա են ինստիտուտներ, որոնք իրենց գոյության ընթացքում չստացան արդյունավետ կիրառում (արագացված դատաքննություն եւ այլն).

2. Օրենսգրքում առկա են թերի կարգավորմամբ ինստիտուտներ (ենթակայություն, ընդդատություն, ապացուցում, հատուկ վարույթներ, դատավարական ժամկետներ, դատական ծախսեր եւ այլ հարցեր): Ընդ որում, Օրենսգրքի գործողության ընթացքում դրանում բացահայտված մի շարք թերություններ ու բացթողումներ լրացվեցին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներով.

3. Օրենսգրքում բացակայում են կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարաբերությունների կանոնակարգման նորմեր (գործերի նոր քննության, պարզեցված վարույթի, խմբային հայցերի, հեռակա դատաքննության, էլեկտրոնային ծանուցումների, հայցադիմումի եւ այլ փաստաթղթերի էլեկտրոնային կարգով դատարան ներկայացնելու, տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու հնարավորության վերաբերյալ կարգավորումներ)…

Օրենսգիրքը իրավական տեխնիկայի տեսանկյունից չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, քանի որ վերջինս ընդունվել է ավելի ուշ: Ուստի ըստ նախարարության՝ այս եւ այլ խնդիրները վկայում են նոր օրենսգիրք ընդունելու անհրաժեշտության մասին: Ենթադրվում է, որ նոր օրենսգիրքը մինչեւ եկող տարվա ապրիլի 9-ը ուժի մեջ կտնի` այն օրը, երբ Սերժ Սարգսյանի լիազորությունները կդադարեն, եւ ուժի մեջ կմտնեն նոր նախագահի լիազորությունները, ըստ այդմ նաեւ ողջ ծավալով ուժի մեջ կմտնի փոփոխված Սահմանադրությունը:

Նկատենք, որ նոր նախագծին ոչ բոլոր մասնագետներն են ծանոթացել, իսկ ահա նրանք, ովքեր հասցրել են ուսումնասիրել այն, իսկ այն անձինք, ովքեր ծանոթացել են նախագծին, պատրաստվում են գրոհի: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի շարք իրավաբաններ, ոլորտի մասնագետներ, ինչպես նաեւ դատաիրավական ոլորտում երկարամյա փորձ ունեցող պաշտոնատար անձինք կարծիք հայտնեցին, որ նախագիծը խիստ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ նրանց մտահոգում են ոչ թե կոնկրետ լուծումները, զուտ տեխնիկական հարցադրումները, այլ գլոբալ խնդիրները: Մասնավորապես վերջիններս նշում են, որ օրինագիծը որեւէ իրական կապ չունի հայ իրականության հետ եւ սոսկ միջազգային փորձի ընդհանրացման ու տեղայնացման արտացոլում է: Ըստ նրանց՝ մեր իրականությանը կարող է համահունչ լինել միայն այնպիսի դատավարությունը, որը կբացառի դատավորների կամայականությունները, փաստաբանների «հնարքները», տեւական դատավարությունները, անհարկի ծանրաբեռնվածությունը եւ այլն: Իսկ ահա այս նախագիծը, նրանց համոզմամբ, այդ խնդիրների լուծման անգամ մոտ չի գնացել:

Նկատենք, որ ոլորտի մասնագետները եւ, առհասարակ, դատաիրավականհամակարգի երկարամյա փորձ ունեցող պաշտոնատար անձինք չեն պատրաստվում լռել եւ իրենց տեսակետները առավել համակարգված պաշտոնական քննարկման փուլում կհնչեցնեն:

Քնար Մանուկյան




Լրահոս