ԿՌՈՒ-Ն ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայության ԿՌՈՒ-ն ՀՀ մի քանի գերատեսչությունում ստուգումներ է իրականացնում, որի վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ստուգումների արդյունքում հիմնականում հայտնաբերվել են համակարգային խնդիրներ, որոնք կարող են վերացվել իրավական ակտերի փոփոխման արդյունքում:

-Պարո՛ն Արամյան, ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել:
-Չարաշահումների մասով գնահատականը տալիս են պատկան մարմինները, որի հետ մենք միշտ համագործակցում ենք: Երբեմն մարդկանց մոտ այնպիսի կարծիք կա, որ ֆինանսների նախարարության ԿՌՈՒ-ն ունի գործառույթ, որ բացահայտի չարաշահումներ: Երկու բան կա, որ իրարից պետք է տարանջատել, դա հարկաբյուջետային քաղաքականության ընդհանուր ուրվագծված կանոնների պահպանումն է՝ բյուջետավորման, պլանավորման, հարկման կանոնների պահպանումը, որը մեր գործառույթն է: Երբ որ մենք գնում ենք յուրաքանչյուր ծախսող միավորի հաշվետվության հետեւից, փորձում ենք հասկանալ՝ պլանավորումն ու ծախսերն ինչպես են կատարվել, արդյո՞ք պահպանվել են բյուջետավորման բոլոր կանոնները, թե ոչ, եւ դրա արդյունքում շատ ժամանակ առաջարկվում են համակարգային լուծումներ: Ստուգումների արդյունքում հայտնաբերվում են խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Իհարկե, լինում են խնդիրներ, որոնց իրավական գնահատականը պետք է տան պատկան մարմինները:
-Օրինակ՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել:
-Մենք հայտնաբերել ենք համակարգային խնդիրներ, հարցը իրավական ակտերի փոփոխության մեջ է: Ֆեդերացիաների մոտ կանոններից որոշակի շեղումներ են եղել: Դրանք եղել են, որովհետեւ ակնհայտ է, որ 2004 թվականի կառավարության որոշումը որ օրապահիկի համար ծախսեր են նախատեսված, որ ուսումնամարզական հավաքների ժամանակ նախատեսվում է մարզիկների համար 4000 դրամ: Բնականաբար այդ գումարով դու չես կարող որեւէ գիշերակաց գտնել: Խնդիրը եղել է ոչ թե այն, որ «չարաշահումներ» են եղել, այլ տեղի է ունեցել մի խնդիր, որ այդ իրավական ակտերը պետք է վերանայել, որպեսզի բյուջետավորման պլանավորումը ճիշտ լինի: Դա է խնդիրը: Ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության հիմնական գործառույթի արդյունքում մենք լուծում ենք երկու տեսակի խնդիր: Առաջինը՝ միշտ, մշտապես ծախսող միավորներն ուշադրության կենտրոնում պահելն է: Արդյունքում հաճախ հայտնաբերվում են խնդիրներ, որոնք կրկնվում են համատարած, եւ դա արդեն վկայում է համակարգային խնդիրների մասին: Եթե այս դեպքում տվյալ խնդիրը հայտնաբերվել է գրեթե բոլոր ֆեդերացիաների մոտ, դա համակարգային խնդրի մասին է վկայում: Քանի որ տրամաբանական չէ, որ բոլոր ֆեդերացիաներն էլ հակված են չարաշահման: Սա նշանակում է, որ պրոբլեմը քրոնիկ է, եւ այդտեղ համատարած խնդիր կա:
-Հայտնաբերված դեպքերին ի՞նչ ընթացք է տրվում:
-Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը բնականաբար պետք է միջոցներ գնի, որպեսզի կանոնակարգվի այդ դաշտը, որպեսզի հետագայում պլանավորումը ճիշտ կատարվի:
-Ստուգումերի արդյունքում ֆինանսական բնույթի խախտման դեպքեր չե՞ն բացահայտվել:
-Իհարկե, լինում են դեպքեր, որ ծախսերը կատարվում են ոչ նպատակային: Այսինքն՝ ծրագրով տրված է մեկ բան, սակայն կատարվում է այլ ուղղությամբ աշխատանք: Այդ դեպքում մենք գրում ենք, որ պետք է հաշվի առնվի եւ վերականգնվի ՀՀ բյուջեն: Սակայն խոսքը չարաշահումների մասին չէ, քանի որ ուշադիր պետք է դիտարկենք, թե ում է տրված այդ մանդատը: Մեր խնդիրն այն է, որ այդ ամբողջ պրոցեսի ընթացքում մենք ինդետիֆիկացնենք այն քրոնիկ պլոբլեմները, որ համակարգային բոլորի մոտ նույնն են:
-Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ոչ նպատակային ծախսեր հայտնաբերե՞լ եք:
-Քանի որ ստուգումները դեռ ընթացքի մեջ են, եւ արդյունքներն ամփոփելիս զեկույցով ենք հանդես գալիս, ես հիմա չէի ցանկանա մանրամասն խոսել այդ մասին: Մշտապես, երբ որ մեկ հայտարարություն կատարվում է, վերցնում եւ սկսում ենք շղթա, որը մեզ ձեռք չի տալիս: Ինչ եմ ես առաջարկում. յուրաքանչյուր տարվա արդյունքներով ես հանդես եմ գալիս հաշվետվությամբ, եւ դրա արդյունքում մենք կունենանք պատկերը, թե ինչպես է արձագանքը: Դեռ ամբողջական փաթեթը՝ ստուգումների, չենք ստացել, այդ ամենը մենք տարվա ընթացքում ամփոփում ենք եւ ներկայացնում համընդհանուր հաշվետվություն: Ոչ նպատակային ծախս կարող եմ մատնանշել, օրինակ, մշակույթի նախարարության կողմից, որտեղ եւս ստուգումներ են կատարվել: Եղել են դեպքեր, որ մարդկանց թվաքանակը շատ է գրվել, եւ արդյունքում ոչ նպատակային ծախս ենք ունեցել: Ես հիմա դժվարանում եմ ամբողջը հիշել, սակայն նաեւ դեպք է եղել, որ նախատեսված մեկ ծրագրի փոխարեն այլ ծրագիր է իրականացվել: Օրինակ՝ Պետական պատկերասրահում որոշակի դեպքեր հայտնաբերվել են, սակայն կրկնեմ, որ դրան չպետք է վերաբերել որպես չարաշահում: Դա կարող է լինել ֆինանսական կարգապահության բացթողումների արդյունքում, երբ պատկան անձը թերացել է իր պարտականությունների մեջ: Դա համակարգային խնդիր է, պետք է ճիշտ ախտորոշել, որպեսզի սխալված չլինենք:

 

 

 

 

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ՈՐԴԻՆ ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե միանշանակ դիրքորոշում չունի՝ կո՞ղմ է տարկետման իրավունքի խստացմանը, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է՝ երեկ ԵՊՀ ուսանողները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ տարկետման իրավունքը շարունակի գործել: Նախ Ղազինյանը ընդգծեց, թե իրենց ֆակուլտետում արդեն 6 տարի է, ինչ անվճար տեղեր չեն հատկացվում, եւ հետեւաբար տարկետման իրավունքը չի գործում:

«Այդ իմաստով ֆակուլտետը չի կարող որեւէ ձեւով որոշել՝ ինչքանով է դա դրական կամ բացասական: Ամեն դեպքում տարկետման իրավունքը մենք չունենք, եւ դա չի ազդում մեր դիմորդների ո՛չ քանակի, ո՛չ որակի վրա: Ես չեմ կարող միանշանակ ասել՝ տարկետման իրավունքի վերացումն ինչ վնասեր կարող է բերել, քանի որ բազմաթիվ հիմնավորումներ կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական առումով: Կարեւոր է հասկանալ, թե ինչ խնդիր ենք մենք լուծում այդ օրենքով», – նշեց նա:
Ղազինյանը նշեց, թե օրենքը վերլուծելու եւ դրական կամ բացասական կողմերը նշելու համար ավելի երկար ժամանակ եւ խորն ուսումնասիրություն է անհրաժեշտ: «Իհարկե, նախկինում ունեցել ենք անվճար տեղեր, սակայն վերջին վեց տարում՝ ոչ: Դրա վերաբերյալ նաեւ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ անվճար տեղեր չհատկացնելու որոշումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Իսկ դրանք փոխկապակցված են տարկետման իրավունքի հետ: Դատարանը որոշեց՝ այդ որոշումը սահմանադրական է: Մենք այս տարի ունեցել ենք անվճար երկու տեղ, բայց ընդունվել են երեք հոգի՝ 60 միավորով: Մինչ այս վեց տարի չենք ունեցել անվճար տեղ: Վեց տարի առաջ անվճար տեղեր չհատկացվեցին կառավարության որոշմամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու Ձեր որդիները՝ Դավիթ եւ Արթուր Ղազինյանները չեն ծառայել, նրանք, օգտվելով տարկետման իրավունքից, խուսափել են բանակում ծառայելուց, Գագիկ Ղազինյանը պարզաբանեց. «Իմ ավագ որդին ընդունվել է ասպիրանտուրա, պաշտպանել, անցել դասախոսական աշխատանքի եւ դրանով հանդերձ չի ծառայել: Օրենքի դրույթներին համապատասխան՝ նա ազատվել է ծառայությունից: Իսկ կրտսեր որդիս ավարտելուց հետո ընդունվել է ակադեմիայի ասպիրանտուրա, ինքը մեկ տարի հետո դիմում է գրել, ազատվել, ուղղակի չէր սիրում գիտությամբ զբաղվել, չնայած գերազանց էր ավարտել ֆակուլտետը եւ գնացել է բանակ: Նա հակում չուներ գիտության նկատմամբ: Բնականաբար ազատվելուց հետո տարկետման իրավունքը կորցրել է եւ ծառայել է բանակում», – նշեց նա:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ լիագումար նիստերից կամ հանձնաժողովների նիստերից բացակայությունների դեպքում աշխատավարձից պահումներ են կատարվում: Յուրաքանչյուր ամսվա վերջում հանձնաժողովները պետք է հաշվետվություն ներկայացնեն՝ պատգամավորների բացակայության հետ կապված: Միայն թե «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այդ տեղեկանքները, պարզել է կեղծիքների շարք: Օրինակ՝ ըստ այդ տեղեկանքի՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից հոկտեմբեր ամսվա ընթացքում բացակայություններ չեն եղել: Նախ նշենք` հոկտեմբեր ամսին այս հանձնաժողովը մեկ նիստ է գումարել` ամսի 16-ին, եւ այդ նիստում ներկա չի եղել, օրինակ, ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը, որին գրեթե չենք տեսնում նաեւ լիագումար նիստերում: Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում էլ նման «ակտիվ» պատգամավորներ կան՝ Արտակ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը: Օրինակ՝ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երբեք չեք տեսնի Սամվել Ալեքսանյանին կամ Մելիք Մանուկյանին: Ու չնայած այս ամենին՝ նրանք «ներկա» ստանում են: Իհարկե, չի բացառվում, որ ազգընտիրներն, այնուամենայնիվ, գալիս են խորհրդարանի հանձնաժողովների նիստերին, ակտիվ հարցուպատասխանի մասնակցում, պարզապես մենք` հասարակ մահկանացուներս, չենք տեսնում, չենք լսում, եւ նրանց գործունեությունը միայն ԱԺ ղեկավարությանն է «հասանելի»` հավանաբար հենց հատուկ ակնոցների միջոցով:

 

 

ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ
Երգչուհի Լիդուշիկի հոր` Հրաչյա Առաքելյանի կողմից կրակոցների գործը կարճվեց: Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 26-ին Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի կետում կրակոցներ էին հնչել, որից հետո իրավապահները բերման էին ենթարկել «Հին թոնրատուն» արագ սննդի կետի տնօրեն, 43-ամյա Հրաչյա Առաքելյանին: Ավելի ուշ Առաքելյանը իրավապահներին ասել էր, թե գազային ատրճանակով է կրակել, քանի որ շներն հավաքվել էին թոնրատան մոտ եւ խանգարել էին այնտեղ գտնվող քաղաքացիներին: Ինչեւէ, կատարվածից հետո ոստիկանությունում հետաքննություն էր սկսվել: Եվ ահա երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ հոկտեմբերի 7-ին որոշում է կայացվել տեղի ունեցած կրակոցների մասով քրեական գործի հարուցումը մերժել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա:

 




Լրահոս