«ԳՈՐԻՍ» ՔԿՀ-ԻՆ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂԸ ԿԻՆ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի քրեակատարողական հիմնարկի շուրջ աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն բացահայտել է, որ «Գորիս» ՔԿՀ-ի կալանավորներին եւ դատապարտյալներին շարունակաբար թմրանյութ է մատակարարել մի կին, որին կալանավորել են:

 

Քրեական գործ անկարգությունների մասով
«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 30-ին գրել էր, որ իրավապահ մարմինները դիմակավորված ներխուժել էին այս անգամ էլ Գորիսի քրեակատարողական հիմնարկ եւ սկսել բոլոր խցերում ստուգումներ իրականացնել: ՔԿՀ-ի կալանավորների հարազատները մեզ հետ զրույցում հայտնել էին, որ իրավապահները բոլոր խցերը տակնուվրա են արել՝ հավանաբար ինչ-որ բան փնտրելով: Ստուգումներից հետո բանտից անհետացել է Գորիսի քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Կարապետ Հովհաննիսյանը՝ Կարոն:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեղի ունեցած անկարգությունների դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ռեժիմային մասնաշենքում քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու ժամանակ մասնաշենքի 1-ին եւ 2-րդ հարկերի գրեթե բոլոր խցերում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների շրջանում առաջացել են դժգոհություններ: Վերջիններս հարվածել են խցերի դռներին եւ կերակրադռնակներին, պատուհաններից եւ կերակրադռնակներից նետել այրված անկողնային պարագաներ եւ կենցաղային այլ իրեր, կոտրել մի շարք խցերի դռներն ու կերակրադռնակները, հայհոյել եւ հնչեցրել վիրավորական արտահայտություններ։
Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ի՞նչ էր փնտրում ԱԱԾ-ն
Այն, որ քրեակատարողական հիմնարկում անկարգություններ են եղել, այլեւս անհերքելի իրողություն է, եւ իրավապահները ընթացք են տվել դատապարտյալների կողմից անկարգություններ հրահրելու գործընթացին, սակայն չմոռանանք ամենագլխավորի մասին. ի՞նչ էր փնտրում կամ ի՞նչ քննչական գործողություններ էր իրականացնում ԱԱԾ-ն Գորիսի քրեակատարողական հիմնարկում, որ արդյունքում կալանավորները «գժվեցին»:
Եվ այսպես՝ մինչ Գորիսի քրեակատարողական հիմնարկ մտնել եւ խուզարկություն իրականացնելը, ԱԱԾ-ն տվյալներ է ունեցել, որ ՔԿՀ տեւական ժամանակ առանց արգելքների թմրանյութ է մատակարարվում դատապարտյալներին եւ կալանավորներին: Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի՝ թմրանյութը ՔԿՀ մատակարարել է Գորիս քաղաքի բնակիչ Աննան: ԱԱԾ-ն տեւական ժամանակ գաղտնալսել է Աննային եւ բավարար ինֆորմացիայի տիրապետելուց հետո խուզարկություն է կատարել նրա բնակարանում, եւ ըստ էության կնոջ տանը հայտնաբերել են թմրանյութ:
Արդյունքում, սկսվել են քննչական գործողությունները, թե նա որտեղից է ձեռք բերել թրմանյութը եւ որտեղ է իրացրել: Պարզվել է, որ թմրանյութի մեծ մասը Աննան մատակարարել է Գորիսի ՔԿՀ, ինչի արդյունքում ԱԱԾ-ն Աննայի ցուցմունքի հիման վրա հոկտեմբերի 30-ին ստուգումներ է սկսել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, ինչն էլ զայրացրել էր կալանավորներին:
Ի՞նչ ճանապարհով է թմրանյութը բանտ մտել, ո՞ւր են նայել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության աչքերը. ԱԱԾ-ում առանձին քննություն է ընթանում, որը դեռեւս գաղտնի է պահվում: Սակայն փաստ է, որ Գորիս քաղաքի բնակիչ Աննան ԱԱԾ-ի կողմից կալանավորված է, իսկ ահա ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել ընդամենը մեկ քրեական գործ եւ այն էլ կալանավորների անկարգությունների մասով:

Գորիսի «զոն նայողի» հետքերով
Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ հոկտեմբերի 30-ին ԱԱԾ-ի խուզարկությունից հետո Գորիսի քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Կարապետ Հովհաննիսյանը անհետացել է: Քրեակատարողական հիմնարկից մեզ հասած տեղեկություններով՝ որոշում է կայացվել նրան Գորիսի քրեակատարողական հիմնարկից հեռացնել, իսկ թե ուր են տարել, գաղտնի է պահվում: Ըստ լուրերի՝ Աննայի կողմից ՔԿՀ թմրանյութ մատակարարելու եւ կալանավորներին այն տրամադրելու գործընթացը կազմակերպել է Կարապետ Հովհաննիսյանը, դա է պատճառը, որ իրավապահները նրան մեկուսացրել են, որ քննությանը չխոչընդոտի:
Նշենք, որ Կարապետ Հովհաննիսյանը ազատազրկման է դատապարտվել 2002 թվականին սպանության համար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինիս մտերիմ շրջապատի անձանցից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, հայտնեց, որ Կարապետ Հովհաննիսյանը չէր կարող կապ ունենալ իրավապահների կողմից քրեակատարողական հիմնարկ թմրանյութ մատակարարելու գործընթացը կազմակերպելու հետ, քանի որ իր կարգավիճակը դա թույլ չէր տալիս: Ասել է, թե «զոն նայողը» չէր կարող թաթախվել այդ գործընթացի մեջ: Իսկ որքանով է այդ ամենը համապատասխանում իրականությանը, կպարզի ԱԱԾ-ն:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ազգային անվտանգության ծառայությունից պարզել տեղեկությունը, ինչին ի պատասխան՝ ԱԱԾ-ից հորդորեցին հարցումը ուղարկել գրավոր: Սպասենք գրավոր հարցման պատասխանին:

Քրեակատարողական հիմնարկի պետը
Իսկ ինչ վերաբերում է «Գորիս» ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցին, ապա նրա գլխին սեւ ամպեր են կուտակվել, քանի որ քրեակատարողական հիմնարկ թմրանյութ է մատակարարվել եւ այն էլ տեւական ժամանակ, սակայն ՔԿՀ պետը կա՛մ անգործության է մատնված եղել, կա՛մ աչք է փակել կատարվածի վրա: Չի բացառվում, իհարկե, որ նա այս պատմությունից չոր դուրս գա, քանի որ Մաքունցը վաղուց պետք է թոշակի գնար, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր: Ու հիմա այս բացահայտումը առիթ կլինի՝ նրան թոշակի ուղարկելու գործընթացը արագ կազմակերպելու համար: Իսկ կատարվածի հետեւանքով մեղադրյալի աթոռին կհայտնվեն մի քանի «մանր ձկներ», ինչպես ավանդաբար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՊԱՀԵՍՏԻ ՊԵՏՆ ՈՒ ՍՆՈՒՆԴԸ
Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների բացահայտումների դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարսեղ Մայիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պայմանագրային հիմունքներով ծառայելով ՀՀ ՊՆ զորամասում եւ զբաղեցնելով պարենային պահեստի պետի պաշտոնը՝ յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափի արժողությամբ սննունդ: Այս արարքի համար Բարսեղ Մայիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով՝ յուրացում հատկանիշով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:

 

 

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-Ի ՊԱՇՏՈՆՅԱՆ
Սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանցից բացի՝ թոշակառուների հաշվին գումար են աշխատում նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ժանետա Հովհաննիսյանը 2016 թվականի ապրիլ ամսվանից եղել է «Հայփոստ» ՓԲԸ «Գավառ 01» բաժանմունքի փոստատարի պատասխանատուն: Վերջինիս լիազորությունների մեջ է եղել այն, որ նա պետք է պատշաճ կերպով կազմակերպեր իրականացնելու տեղամասային տարածքների սպասարկում, բայց դատելով իրավապահների բացահայտումից՝ 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին յուրացրել է Զ. Մոսինյանին հատկացված կենսաթոշակային գումարը՝ կատարելով կեղծ ստորագրություն: Այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ երկրորդ մասի առաջին կետի` յուրացում, եւ 325-ի առաջին մասի` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծել հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:
 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑ
Երեք ամիս է անցել, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով է կրակել Գագիկ Ծառուկյանի սանիկի` Արթուր Հարությունյանի տան ուղղությամբ: Ինչպես հայտնի է հուլիսի 27-ին Արթուր Հարությունյանի (Պալաչի) տան Աբովյան քաղաքի երկրորդ միկրոշրջանի 29 շենքի վրա կրակոցներ էին հնչել. կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Պարզվել է, որ Արթուր Հարությունյանը տեւական ժամանակ այդ բնակարանում չի բնակվել, այնտեղ ելումուտ է արել վերջինիս եղբայրը: Իսկ թե որքանով նրա եղբայրը կարող էր կապ ունենալ կատարվածի հետ, դժվար է ասել, սակայն փաստ է, որ դեռեւս հայտնի չէ, թե ով կամ ինչու էր նախազգուշացնող կրակոցներ արձակել նրանց բնակարանի ուղղությամբ:

 

 

 

ԿՐՃԱՏՈՒՄ ԵՎ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Երեկ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ, առաջարկվում է ՀՀ վարչական դատարանի դատավորներին կրճատել 3-ով եւ նույնչափ ավելացնել վարչական վերաքննիչ դատարանի դատավորների կազմը: Ա. Հովհաննիսյանի խոսքով` 2012թ. վարչական դատարանի դատավորի թիվն ավելացվել էր 10-ով, այնինչ՝ Վերաքննիչ դատարանի դատավորների թվակազմի փոփոխություն տեղի չէր ունեցել, ինչը հանգեցրեց ավարտված գործերի քանակի ավելացմանը, ըստ այդմ, ավելացավ նաեւ դրանց վերաքննության կարգով բողոքարկումների քանակը, ինչն էլ իր հերթին հանգեցրեց Վերաքննիչ դատարանի դատավորների գերծանրաբեռնվածությանը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվել է, թե հնարավո՞ր չէ, պահապանելով առաջին ատյանում դատավորների թիվը, վերաքննիչում ավելացնել: Ա. Հովհաննիսյանը պատասխանել է, որ դատավորներին պահպանելը նշանակում է՝ դատավորների աշխատավարձ, սպասարկող անձնակազմի աշխատավարձ, շենք-շինության ծախս, եւ այլն. «Մենք փորձում ենք նվազեցնել նաեւ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը»,- նշել է Հովհաննիսյանը:

 

 

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր «Սասնա ծռերի» 11 անդամի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել պաշտպան Հայկ Ալումյանը, նրան միացել են բոլոր պաշտպանները։ Դատավոր Պետրոս Մակյանը 40 րոպե ընդմիջումից հետո վերադարձել է դահլիճ եւ մերժել միջնորդությունն՝ այն հիմնազուրկ համարելով։ Նշենք, որ երեկ գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի ծննդյան օրն էր, ինչի առթիվ «Սասնա ծռերի» աջակիցները նրան դիմավորել են ծափահարություններով ու շնորհավորական բացականչություններով։

 




Լրահոս