ՖՈՏՈ. Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև տարեվերջ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ամբողջությամբ շահագործման կհանձնվեն առաջին 17 բնակելի տները, որտեղ մշտական բնակություն են հաստատելու այն բնակիչները, ովքեր առաջինն են ցանկություն հայտնել վերադառնալ գյուղ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և հավելել, որ բացի կապիտալ վերանորոգման աշխատանքներից, որոշ առանձնատներում իրականացվել են կցակառուցման աշխատանքներ: Բոլոր տներում առկա են սանհանգույցներ, խոհանոցներ, կահավորված ննջասենյակներ և հյուրասենյակներ:

ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղեկացմամբ՝ շինաշխատանքների հաջորդ փուլով կառուցվելու է ևս 10 տուն, որից 2-ի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Բացի բնակելի տներից, այս պահի դրությամբ ավարտին են մոտենում համայնքային բազմաֆունկցիոնալ կենտրոնի վերակառուցման աշխատանքները, որտեղ ընթանում են ներքին և արտաքին ներկարարական աշխատանքներ:«Համայնքային կենտրոնի շենքը կունենա համայնքի ղեկավարի աշխատակազմի համար նախատեսված սենյակներ, բուժկետ, երիտասարդների ժամանցի համար խաղասենյակներ: Շենքի հարակից տարածքում կառուցում ենք նաև կաթսայատուն, որը ծառայելու է ոչ միայն համայնքային կենտրոնին, այլև դպրոցին և մանկապարտեզին: Վերակառուցվում է նաև գյուղի հանդիսությունների դահլիճը, որը ավերվել էր հրետակոծության հետևանքով: Շենքի հիմքերն ուժեղացվել են, տանիքի ծածկն իր բոլոր հարդարման աշխատանքներով լրիվությամբ նորացվել է: Ներկայումս այնտեղ ևս շինաշխատանքներն ավարտման փուլում են և հիմնականում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Մինչև տարեվերջ նախատեսում ենք շահագործման հանձնել համայնքային կենտրոնի և հանդիսությունների դահլիճի շենքերը»,-ասել է Կ. Շահրամանյանը և ավելացրել, որ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը շահագործման կհանձնվեն նաև դպրոցի և մանկապարտեզի շենքերը՝ իրենց բոլոր հարմարություններով՝ բարեկարգմամբ, գիշերային լուսավորությամբ և խաղահրապարակներով:

Կ. Շահրամանյանը նշեց, որ Թալիշում կառուցվող հասարակական նշանակության բոլոր շենքներն ապահովված են ապաստարաններով, որը կարող է ծառայել նաև հարևանությամբ գտնվող տների բնակիչների համար:

Բացի պետական միջոցներից, ըստ քաղշին նախարարի, Թալիշի վերակառուցման ծրագրերում ակտիվ մասնակցություն ունի նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Հիմնադրամի կողմից հատկացվել է շուրջ 900 մլն դրամ: Այդ միջոցներով հնարավոր է դարձել գյուղում շինաշխատանքներն ավելի ինտենսիվ դարձնել: Մարդկանց կենսագործունեության համար ստեղծվում են բոլոր անհրաժեշտ պայմանները, գրեթե ամբողջությամբ վերականգնվել են առկա ենթակառուցվածքները, բարեկարգվում են փողոցները, մայթերը, կապահովվի փողոցների գիշերային լուսավորությունը:




Լրահոս