Էժան պոլիկլինիկա են վաճառում. մեկնարկային գին առաջարկվում է սահմանել 361 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված են նաեւ պետական գույքի սեփականաշնորհման մասին որոշումների նախագծեր: «Ժողովուրդ» օրարթերը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գործադիրին առաջարկել է մասնավորեցնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը: Բաժնետոմսերը նախատեսվում է մասնավորեցնել դասական աճուրդով, իսկ որպես մեկնարկային գին առաջարկվում է սահմանել 361 հազար դրամ:

Բացի այդ՝ «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԸ-ն ունի նաեւ 596 հազար դրամի պարտավորություններ: Այլ կերպ ասած՝ պոլիկլինիկայի մեկնարկային գինն իրականում կազմում է 957 հազար դրամ, քանի որ գնորդը պարտավոր է լինելու մարել ընկերության պարտքերը: Ի դեպ, կառավարության որոշման նախագծում նշված է, որ գործարքի կայանալուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում: Այլ կերպ ասած՝ բացառված չէ, որ Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկան այլ պարտքեր եւս ունի, որոնք հետագայում ի հայտ կգան:
Պետական գույքի կառավարման վարչության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված մեկ այլ որոշման նախագծով էլ առաջարկվում է մասնավորեցնել «Երառսպասարկում» ՓԲԸ-ի բաժնետոմսերը: Այս դեպքում ընկերության բաժնետոմսերի մեկնարկային գինը 17 միլիոն 545 հազար դրամ է: Բայց ինչպես պոլիկլինիկայի դեպքում «Երառսպասարկում» ՓԲԸ-ն եւս պարտքեր ունի` 2 միլիոն 431 հազար դրամի չափով: Ասել կուզի՝ այս դեպքում էլ մասնավորեցվող ընկերության բաժնետոմսերի իրական մեկնարկային գինը 19 միլիոն 976 հազար դրամ է: Ի դեպ, «Երառսպասարկում» ՓԲԸ-ի բաժնետոմսերը եւս նախատեսվում է դասական աճուրդով սեփականաշնորհել:

Ի դեպ, եթե կառավարությունը հավանություն տա վերը բերված նախագծերին, ապա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը պարտավոր է լինելու որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպել երկուական աճուրդ: Բաժնետոմսերի երկրորդ աճուրդները պետք է տեղի ունենան առաջինների չկայանալու դեպքում` 15 օր հետո: Ուշագրավ է, որ երկրորդ աճուրդը պետք է անցկացվի առաջինի պայմաններով: Այլ կերպ ասած՝ բաժնետոմսերի մեկնարկային գինը չպիտի նվազեցվի: Սովորաբար պետական գույքի մասնավորեցման աճուրդների չկայանալու դեպքում մեկնարկային գինը նվազեցվում է, սակայն այս դեպքում կառավարության որոշման նախագծով այլ բան է նախատեսված:

Վ. Հ.




Լրահոս