Հեյ, Թրամփ, այդ ի՞նչ ես ցանկանում անել․ աշխարհի առաջնորդների արձագանքը՝ Թրամփի որոշմանը

Հեյ, Թրամփ, այդ ի՞նչ ես ցանկանում անել․ աշխարհի առաջնորդների արձագանքը՝ Թրամփի որոշմանը

ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփի կողմից  Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը մեծ դժգոհություն է առաջացրել բազմաթիվ պետությունների ղեկավարների շրջանում:

The Daily Mail-ը ծավալուն հոդված է հրապարակել, որում ներկայացրել է տարբեր պետությունների ղեկավարների արձագանքը: Մասնավորապես  Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նշել է, թե պատրաստվում է այս թեմայով զրուցել Թրամփի հետ և հավելել.  «Մեր դիրքորոշումը չի փոխվել. Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի միայն խաղաղ բանակցային գործընթացի շրջանակում»,-ասել է Մեյը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է.  «Ֆրանսիան հավանություն չի տալիս դրան, քանի որ այն հակասում է միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին»:

Եվրոպական միության արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին իր հերթին նշել է.  «Երկու կողմերի մղումները պետք է բավարարվեն, ու բանակցային գործընթացի միջոցով պետք է լուծում գտնվի Երուսաղեմը որպես երկու պետությունների ապագա մայրաքաղաք հռչակելուն»:

Իսկ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գեն Շուանը հայտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակը բարդ ու զգայուն հարց է, որի շուրջ ԱՄՆ-ի որոշումը կսրի տարածաշրջանային հակամարտությունը:

Կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ աղոթում է Աստծուն, որպեսզի աշխարհում առկա բազում դաժան հակամարտությունների շարքը նոր լարվածությամբ չհամալրվի:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է․ «Հեյ, Թրամփ, այդ ի՞նչ ես ցանկանում անել։ Եթե ասում ես, թե դու ուժեղ ես ու ճիշտ, սխալվում ես։ Ես այս հարցը Հռոմի Պապի եւ Պուտինի հետ կքննարկեմ։ Այդ որոշումը տարածաշրջանը կրակի շթղայի մեջ կվերցնի»,-ասել է Էրդողանը։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես հանդես է եկել Երուսաղեմի կարգավիճակի մասին մեկնաբանությամբ: