ՀՅԴ-ն փորձում է ինչ-որ խնդիրներ լուծել. Արմեն Ռուստամյանի հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. ապրիլին ընդառաջ՝ վարչապետի պաշտոնի շուրջ ներիշխանական պայքարը հետաքրքիր երանգներ է ստանում: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ անդրադարձել է այդ թեմային՝ բացահայտ հակադրվելով Սերժ Սարգսյանին:

Եւ այսպես՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արտաքին քաղաքականությամբ զբաղվելու համար ՀՀԿ-ում կա՞ այնպիսի մարդ, որ կկարողանա փոխարինել Սերժ Սարգսյանին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշել է. «Անփոխարինելի մարդիկ չկան, իսկ արտաքին քաղաքականությունը պետք է նոր որակով ու մակարդակով իրականացվի: Խորհրդարանական համակարգը ենթադրում է այդ առումով թիմային աշխատանք: Ես կարծում եմ` դրան համապատասխան պետք է վերադասավորվի արտաքին քաղաքականությունը, եւ համարում եմ, որ նոր ձեւավորվող արտաքին քաղաքականության ուղղությունները եւ այն թիմը, որը դրանով պետք է աշխատի, պետք է ավելացնի այն ձեռքբերումները, որոնք դաշտում գոյություն ունեն եւ պիտի նոր շնչառություն հաղորդի դրանց»:

RA Government’s session took place

Իսկ հարցին, թե կկարողանա՞ վարչապետ Կարեն Կարապետյանն արտաքին քաղաքականություն ոլորտում փոխարինել Ս. Սարգսյանին, նա պնդել է. «Ես նորից եմ կրկնում՝ անփոխարինելի անձինք չկան: Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող, այդպիսի բա՞ն ենք տեսել»: Եւ վերջապես, «Գելափ» անվան տակ գործող սոցիոլոգիական կազմակերպությունը հրապարակել է իր անցկացրած հարցումների արդյունքները, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է, իսկ Կարեն Կարապետյանինը՝ նվազել:

Երեկ Ռուստամյանն էլ այդ հարցին անդրադառնալիս ասել է. «Ես միշտ թերահավատությամբ եմ ընդհանրապես վերաբերվել ցանկացած հարցման, որովհետեւ, դժբախտաբար, պրակտիկան ցույց է տալիս, որ այդ հարցումները շատ հաճախ հակառակ արդյունքն են ցույց տալիս, երբ որ ընտրությունների ժամանակ են անցկացվում, դրա համար ես լուրջ հետեւություններ չեմ անում այդ հարցումներից»:

Փաստորեն, իշխող կոալիցիայի ներկայացուցիչն իր այս հայտարարություններով կասկածի տակ է դրել Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացման մասին պնդումները, այլապես Ռուստամյանն իր խոսքերն այլ կերպ կձեւակերպեր: Բայց ՀՅԴ ներկայացուցչի դեպքում սա միանգամայն նորմալ երեւույթ է. եթե հիշում եք՝ կոալիցիոն հուշագրի ստորագրումից առաջ էլ Ռուստամյանը հայտարարել էր, թե իշխանությունները հեղինակազրկված են, եւ նրանց հետ համագործակցելով՝ ՀՅԴ վարկանիշն էլ է ընկնելու, սակայն հանուն համազգային խնդիրների լուծման՝ իրենք պատրաստ են նման զոհողությունների:

Բացի այդ՝ Ռուստամյանը, երեկ հայտարարելով նոր որակով եւ մակարդակով արտաքին քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտության մասին, անուղղակի կասկածի տակ է դնում մինչեւ հիմա արվածը: Սա այն դեպքում, երբ այսօր արտաքին քաղաքականության իրականացումը հենց նախագահի պատասխանատվության ոլորտում է: Ու ստացվում է` Ռուստամյանն իր հայտարարություններով կասկածի տակ է դնում հենց Սերժ Սարգսյանի աշխատանքը՝ միաժամանակ շեշտելով, որ անփոխարինելի անձինք չկան, դեռ ավելին` գովելով Կարեն Կարապետյանին:

Եւ վերջապես, ինչպես հայտնի է` վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը, տվյալ դեպքում` ՀՀԿ-ին: Սա Սահմանադրության պահանջ է: Վարչապետ առաջադրելու ՀՀԿ իրավունքը սահմանված է նաեւ կոալիցիոն հուշագրով:

ՀՀԿ-ն էլ թեեւ դեռ չի ներկայացրել իր թեկնածուին, մյուս կողմից կուսակցական գործիչներն անընդհատ շեշտում են, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ՀՀ-ում նրանից բացի՝ չկա քաղաքական այլ գործիչ, որ կարող է երկրի ազգային անվտանգությանը եւ այլ քաղաքական մարտահրավերների դիմակայումն ավելի լավ կազմակերպել, եւ այսպես շարունակ:

Եւ այս պարագայում ՀՅԴ-ի կողմից նման հայտարարությունները մի տեսակ անհասկանալի են: Առավել եւս, երբ նախկինում այդ թեմայով հարցերին պատասխանելիս՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ռուստամյանը միանգայն այլ տեսակետ է հայտնել: Այս տարվա հունիսին Ռուստամյանը հայտարարել էր. «2018 թվականը կգա, կտեսնենք, թե ով կլինի վարչապետը: Մենք վաղվա եղանակի կանխատեսումը չենք կարող տալ, իսկ դուք ուզում եք, որ ես առաջիկա 5 տարվա կանխատեսում անե՞մ»: Իսկ արդեն սեպտեմբերին նույն այդ թեմայով խոսելիս Ռուստամյանը նշել էր. «Օրը կգա, դրա մասին կխոսեք, չգիտեմ՝ հանրապետականները ներկայացնում են Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ոչ»:

Թե ինչո՞ւ է Ռուստամյանը հիմա այս կերպ վարվում, դժվար չէ ենթադրել: ՀՅԴ-ականները սովորաբար պատահական հարցազրույցներ չեն տալիս, պարզապես խոսելու համար հայտարարություններ չեն անում, իսկ հնչեցրած տեսակետները համաձայնեցնում են կուսակցության ներսում: Այնպես որ, եթե Ռուստամյանը ներքաղաքական կարեւոր հարցերի մասին թեկուզ «ոտքի վրա» նման ակնարկներ է հնչեցնում, նշանակում է` ՀՅԴ-ն փորձում է այդկերպ ինչ-որ խնդիրներ լուծել: Թե ինչ խնդիր, դժվար չէ կռահել: ՀՅԴ-ն փորձում է առաջիկա կառավարության կազմում հնարավորինս լայն ներգրավվածություն ունենալ: Ու հիմա՝ 2018թ. զարգացումներին ընդառաջ, ՀՅԴ-ն սկսել է մեծ առեւտուրը՝ իշխանությունից փորձելով պոկել հնարավորինս մեծ կտոր` նախարարական եւս մեկ-երկու պորտֆել, փոխվարչապետի պաշտոն /նոր Սահմանադրությամբ՝ փոխվարչապետների թիվը լինելու է երեքը/, մարզպետի կամ փոխմարզպետների, փոխնախարարների պաշտոններ եւ այսպես շարունակ: Ու Սերժ Սարգսյանի հասցեին անուղղակի ակնարկները պաշտոնների համար մեկնարկող աճուրդի հայտն էր՝ միաժամանակ հստակ ակնարկելով, որ հակառակ դեպքում կաջակցեն Կարեն Կարապետյանին (եթե, իհարկե, վերջինս ավելի մեծ կտոր խոստանա):

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս