Թրամփը շարունակում է մեկուսացնել ԱՄՆ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարեց, որ Երուսաղեմը ճանաչում է իբրեւ Իսրայելի մայրաքաղաք եւ հանձնարարություն տվեց ԱՄՆ Պետդեպարտամենտին նախաձեռնել անհրաժեշտ միջոցառումները՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու համար: Նրա այդ քայլը հակասականությամբ ընդունվեց ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարթակներում՝ նոր քննադատությունների տեղիք տալով: Ի դեպ, Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու հարցը արաբա-իսրայելական հակամարտության անկյունաքարերից է, գրեթե ճիշտ այնպես, ինչպես Արցախի անկախության հարցը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում:

Դոնալդ Թրամփը աշխարհի մասշտաբով այն փոքրաթիվ նախագահներից է, որը հետեւողականորեն կատարում է իր նախընտրական խոստումները: Այլ հարց է, որ այդ խոստումներն ի բնե անհեթեթ ու հստակ հաշվարկված չէին: Սակայն այսօր Թրամփին մեղադրել անհավասարակշիռ քայլերի մեջ, այնքան էլ ազնիվ չէ: Ի վերջո, նախընտրական շրջանում նա իր ընտրողներին խոստացել էր Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պատ կառուցել, արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ, չեղարկել Օբամայի ընդունած ապահովագրական համակարգը եւ այլն: Եվ ահա այժմ հերթը հասել է կատարելու Իսրայելին ու հրեական լոբբիստներին տված խոստումը, այն է՝ պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել Երուսաղեմը եւ սկսել դեսպանատան տեղափոխության գործը Թել Ավիվից:

Այդ մասին ԱՄՆ նախագահի հայտարարությանը շաբաթներով սպասում էին հատկապես ամերիկյան ավետարանականները, որոնք ԱՄՆ-ում իրենցից ներկայացնում են ոչ միայն լայն հասարակական շերտ, այլեւ ունեն ամուր կապեր, ֆինանսա-քաղաքական կապիտալ եւ ազդեցություն: Թրամփը, ըստ էության, զգալիորեն պարտական է այդ շրջանակներին իր հաղթանակի համար: Ի դեպ, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նույնպես համարվում է ավետարանականների շրջանակների կարկառուն ներկայացուցիչ:

Դեռեւս 1995թ. ԱՄՆ Կոնգրեսը հատուկ որոշում էր ընդունել, որով պարտադիր կատարման էր հանձնվում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը: Կոնգրեսի որոշման մեջ միաժամանակ նշվում էր, որ նախագահները իրավունք ունեին անընդհատ երկարաձգել այդ տեղափոխությունը: Այդ հնարավորությունից օգտվել էին Քլինթոնը, Բուշն ու Օբաման՝ չսրելու համար արաբա-իսրայելական հակամարտությունը: ԱՄՆ-ն իբրեւ միակողմանի միջնորդ չվերածելու եւ ամուր խաղաղության հաստատման ակնկալիքով: Նախկին նախագահները անիմաստ էին համարում Երուսաղեմի միակողմանի ճանաչումը, եթե դրանից պիտի ավելի սրվեին մահմեդականների տրամադրությունները, ինչպես նաեւ այդ որոշումը չարժանանար համաշխարհային, գոնե արեւմտյան տերությունների հավանությանը:

Այս թեզերը իսպառ ջնջեց Թրամփը՝ հայտարարելով, որ նախկին նախագահների այդ քաղաքականությունը որեւէ գործնական օգուտ չի տվել՝ չհանգելով տեւական ու ամուր խաղաղության: Թրամփը խաղաղություն հաստատելու ճանապարհը տեսնում է ռադիկալ քայլերով եւ միակողմանի գործողություններով: Անգամ նրա վարչակազմի ներսում այս հարցում խիստ հակասական իրավիճակ է: Ինչպես ակնկալվում էր՝ փոխնախագահ Փենսը, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Հեյլին եւ Իսրայելում ԱՄՆ դեսպան Ֆրիդմանը լիովին սատարում են նախագահին: Մինչդեռ պաշտպանության նախարար Մեթիսը, ԿՀՎ ղեկավար Պոմպեոն ու պետքարտուղար Թիլլերսոնը կտրականապես դեմ էին արտահայտվել այդ քայլին:

Վերջիններս կարծում են, որ նման ռադիկալ ու միակողմանի գործողություններով ԱՄՆ-ն ոչ թե կնպաստի խաղաղության հաստատմանը, այլ է՛լ ավելի կբորբոքի մահմեդականների զայրույթը: Համաշխարհային արձագանքը նույնպես չի փայլել Թրամփի հանդեպ գորովանքով: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Միացյալ Թագավորության վարչապետ Մեյը, Հռոմի Պապը եւ այլք արձանագրել են հարցի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ չկիսելով Թրամփի քաղաքականությունը: Իսկ մահմեդական աշխարհը ընդհանրապես զայրույթը չի կարողանում զսպել: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հիմնովին սխալ է որակել Թրամփի քայլը, ՀԱՄԱՍ-ի առաջնորդը խոսել է այդ քայլով դժոխքի դարպասները բացելու մասին, Իրանի հոգեւոր առաջնորդը Թրամփին մեղադրել է թույլ եւ ոչ կոմպետենտ լինելու մեջ: Անգամ արձագանքել է ԱՄՆ-ի ու Իսրայելի դաշնակից Թուրքիան՝ «սխալ որոշումը» շուտափույթ շտկելու կոչով:

Այսպիսով՝ համաշխարհային ասպարեզում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միայն ձեռք չբերեց նոր դաշնակիցներ, այլեւ նոր խնդիրներ հարուցեց արաբա-իսրայելական հակամարտությունում: Երուսաղեմը չափազանց նուրբ հարց է ինչպես մահմեդականների, այնպես էլ Իսրայելի համար: Այն Իսրայելի անկախության հռչակումից ի վեր երկու մասի է բաժանված եղել, սակայն 6-օրյա պատերազմի ժամանակ իսրայելական զորքերը գրավել էին Արեւելյան հատվածը: Այնտեղ այսօր ապրում է ավելի քան 850 հազար մարդ, որից 65 տոկոսը հրեա, իսկ 32-ը՝ մահմեդական: Արաբական աշխարհը ակնկալում էր, որ խաղաղ բանակցություններից հետո Իսրայելը կվերադարձներ Արեւելյան Երուսաղեմը Պաղեստինին, որը պիտի դառնար վերջինիս մայրաքաղաքը:

Վերջին տարիներին հիմնական հակասությունները հենց այդ խնդրի շուրջ էին եւ ԱՄՆ-ի այսօրինակ քայլով պաղեստինցիների հույսերը ակնհայտորեն ի չիք դարձան:
Թրամփի քայլը, սակայն, ունի իր տրամաբանությունը: Դրանով պարզ է դառնում, որ Իրսայելն այլեւս չի ընդունելու Արեւելյան Երուսաղեմի հարցը որպես բանակցությունների առարկա եւ այդ հարցում ունի ԱՄՆ-ի լուրջ աջակցությունը: Թրամփի այս գործողությունը բավականին նման է Աբխազիայի ու Օսեթիայի միակողմանի ճանաչմանը Ռուսաստանի կողմից: Ինչպես երկրորդի դեպքում, այնպես էլ առաջինի՝ կարճաժամկետ կտրվածքով խնդիրը սառեցվում է, հեռանկարում՝ աներեւակայելիորեն բորբոքվելու անխուսափելիությամբ: Արցախի հարցում էլ մեզ կարող է սպառնալ նույն վտանգը, եթե Հայաստանը որոշի միակողմանիորեն ճանաչել Արցախի անկախությունը՝ առանց համաշխարհային ներդաշնակության:

Ն. Հովսեփյան




Լրահոս