Գովազդայի՞ն արշավ, թե՞ հավատ առ Աստված. ինչու Վիգեն Սարգսյանը խաչքավոր եղավ

Հունվարի 6-ից առ այսօր հանրային քննարկման հարց է դարձել Պաշտպանության նախարար Վրգեն Սարգսյանի Խաչքավոր լինելու փաստը:
Այս մասին ArmLur.am-ը զրուցեց Արարատյան թեմի առաջնորդարանի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանի հետ:

-Վիգեն Սարգսյանը երկրորդ Պաշտպանության նախարարն է, որ խաչքավոր եղավ, սա կարելի՞ է համարել գովազդ:

-Սեյրան Օհանյանի և Վիգեն Սարգսյանի պաշտոնները որևէ կերպ չեն առնչվում խարչքավոր լինելու պաշտոնին: Յուրաքանչյուր մարդ, ով ստանձնում է այդ պաշտոնը, դա անում է որպես հասարակ քաղաքացի: Բոլորը Սահմանադրությունով հաստատված ազատ դավանանքի իրավունք ունեն: Վիգեն Սարգսյանը բացի նախարար լինելուց նաև քաղաքացի է, ով իրավունք ունի դավանել Հայ Առաքելական Եկեղեցուն: Պաշտոնն այստեղ բացարձակ կապ չունի:

-Այսինքն՝ սա պաշտոնյաների կողմից  գովազդային արշավ չէ՞, այլ հավա՞տ՝ առ Աստված:

-Հիմա մենք ոտնահարում ենք նրա իրավունքը, պաշտոնը որևէ խոչընդոտ չի կարող լինել: Ոչ մի տեղ գրված չէ, որ պաշտոնյան չի կարող Խաչքավոր լինել: Եթե նա շապիկ է հագել և բարձրացել է խորան, նա հասարակ մարդ է մի կողմ ենք դնում պաշտոնը:

-Ինչի՞ են ձգտում պաշտոնյաները Խաչը բռնելով:

-Բոլորը հավասար են Աստծո դատաստանի առջև: Պաշտոնը ոչ մի կապ չունի խաչը բռնելու հարցում:

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ Սուրբ Ծննդյան տոնի հետ միասին տոնվում է նաև Սուրբ Մկրտության տոնը: Տեր Հիսուս Քրիստոսի մկրտության խորհրդանիշն է ջրօրհնեքի արարողությունը: Խաչը ջրի մեջ իջեցնելը խորհրդանշում է Քրիստոսի մտնելը Հորդանան գետը: Իսկ խաչքավորը Ս. Հովհաննես Մկրտչի խորհրդանիշն է: Նույն օրինակով բոլոր եկեղեցիներում ջրօրհնեքին եկեղեցու խաչքավոր է ընտրվում, ով ընթացիկ տարվա ընթացքում ստանձնում է տվյալ եկեղեցու հոգևոր և նյութական պարտականությունները: