ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը մեղադրում է նաև ինքն իրեն. Վահրամ Բաղդասարյան

Տարեվերջյան իր հարցազրույցում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, խոսելով բազմաթիվ թեմաներից, անդրադարձ կատարեց նաեւ ապրիլի 9-ից հետո կատարվող գործընթացներին: Նա մի ուշագրավ միտք հայտնեց այն առումով, որ վարչապետի թեկնածուի հարցում անորոշությունը չի կարող բացասաբար չազդել բիզնեսի եւ տնտեսության վրա:

«Ցավոք սրտի, այդպես է: Պետք է ընդունենք, որ այդպես է, եւ քայլ առ քայլ ձեւավորելով իշխանություն` պետք է բերենք նրան, որ այդ գործոնների հիման վրա շատ սպասումներ չլինեն: Իսկ մոտեցումը՝ «եկեք, սպասենք երկուշաբթիին, որ տեսնենք՝ ինչ է լինում», իհարկե, տնտեսության վրա որոշ ազդեցություն ունենում է», – նշեց նա:

Ստացվում է, որ իշխող կուսակցության փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը բիզնեսի եւ տնտեսության վրա բացասաբար ազդելու համար մեղադրում է հենց իշխանություններին: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:

-Պարո՛ն Բաղդասարյան, տարեվերջյան իր հարցազրույցում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, թե վարչապետի հարցում անորոշությունը բացասաբար է ազդում բիզնեսի եւ տնտեսության վրա: Համակարծի՞ք եք:

-Ես չեմ տեսնում անորոշություն, որովհետեւ կա հստակ ժամանակահատված, որտեղ պետք է լինի քննարկում, եւ մենք այդ քննարկումների ժամանակը չենք խախտի: Կքննարկենք եւ կներկայացնենք թեկնածությունը: Բնականաբար, անորոշությունները միշտ ունենում են ազդեցություն, բայց մենք այսօր ունենք գործող վարչապետ, որի աշխատանքից գոհ ենք, տնտեսական բլոկում նա բավական արդյունավետ աշխատանքներ է տանում, եւ ինձ թվում է, որ դա որեւէ խոչընդոտ չի կարող հանդիսանալ: Իսկ ի՞նչ է նշանակում` բիզնեսի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ: Ծրագիրը նույնն է, թիմը նույնն է, մենք առաջ ենք շարժվելու այս ծրագրով, որեւէ գլոբալ փոփոխություն չի լինելու:

Եթե կա անորոշություն, դա կարճ ժամանակ է, բնականաբար, եթե դուք ուզում եք, որ մեկ տարի հետո ասենք՝ ով պետք է լինի վարչապետ կամ նախագահ, ապա դուք չգիտեք, թե ինչ կլինի մեկ տարվա, մեկ ամսվա կամ մեկ շաբաթվա ընթացքում: Կարող են` ֆորս-մաժորային իրավիճակներ լինեն, եւ այդ պատճառով մենք գործում ենք ճիշտ ժամանակին:

-Բայց վարչապետի խոսքով` «եկեք, սպասենք երկուշաբթիին, որ տեսնենք՝ ինչ է լինում» մոտեցումն, այնուամենայնիվ, ազդում է բիզնեսի եւ տնտեսության վրա:

-Ես չեմ կարծում, որ անձի հետ կապված մենք պետք է մեր տնտեսությունը վարենք կամ ներդրումների ցանցն ուժեղացնենք: Ես դեմ եմ ընդհանրապես եղել անհատի դերակատարության բարձրացմանը: Մենք իրավունք չունենք, Սահմանադրությունն է ենթադրում, որ պետք է ընտրենք հանրապետության նախագահ, այնուհետեւ կարճ ժամանակում ներկայացնենք վարչապետի թեկնածություն: Եթե ժամանակի խախտում կատարենք, սկսենք երկարաձգել, սահմանված ժամկետում ինչ-որ մահանաներ գտնենք, երկարացնենք մեկ շաբաթով, երկու շաբաթով, ապա այդտեղ կարող է այդ անհանգստությունը լինել: Բայց որեւէ ժամկետի խախտում չենք կատարում, շարժվում ենք ըստ կանոնակարգի եւ Սահմանադրության:

-Այդ դեպքում, ինչո՞ւ Կարեն Կարապետյանն իր հարցազրույցում այդպիսի միտք արտահայտեց, առանց հիմնավորմա՞ն է:

-Ես իր այդ հայտարարությունն, անկեղծ ասած, չեմ նայել: Բնականաբար կարող է` ինչ-որ մասսաների մոտ ինչ-որ սպասումներ լինեն: Այսինքն՝ սպասումները կարող են ինչ-որ խանգարող հանգամանք դառնալ: Բայց չեմ կարծում… Ներդրողի համար ավելի կարեւոր է օրենսդրական դաշտը, դրված հիմքերը եւ ապագայի նկատմաբ տեսլականը:

-Վարչապետի խոսքերն արդյո՞ք քննադատություն չէ հենց իշխանություններին: Ստացվում է, որ բիզնեսին եւ տնտեսությանը վնաս հասցնելու հարցում նա մեղադրում է հենց իշխանություններին, ովքեր անորոշ են պահում ապագա վարչապետի թեկնածուի հարցը:

-Ես ծանոթ չեմ իր խոսքերին, կծանոթանամ, կտեսնեմ: Բայց Կարեն Կարապետյանը որեւէ մի անգամ, ինքը եթե մեղադրում է, ապա նա ինքը եւս այս իշխանության մեջ է եւ մեղադրում է նաեւ իրեն: Ես նրա կողմից որեւէ մեղադրանք չեմ լսել:

Նաիրա Հովհաննիսյան