Ես` դեսպան ու նախագահ, բայց հավիտյան վտարանդի. հիշեցումներ Արմեն Սարգսյանի անցած ճանապարհից

Չարենցի բառերը փոխած այս ձեւակերպումը խիստ սազական է ՀՀ ապագա նախագահի կենսակերպին: Հայաստանի նոր նախագահի առաջադրման գործընթացը զավեշտալի ստացվեց:

Սկզբում Սերժ Սարգսյանը հրապարակեց չափորոշիչները, որոնց պետք է համապատասխանի նոր նախագահը: Երեկ էլ իր մոտ հրավիրելով նախկին վարչապետ, այժմ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին` պաշտոնապես «խնդրեց նրա ձեռքը»՝ առաջարկելով համաձայնել լինել ՀՀԿ-ի կողմից առաջադրվելիք ՀՀ նախագահի թեկնածուն: Բայց արի ու տես, որ Արմեն Սարգսյանը միանգամից չհամաձայնեց ասել «հա»: Նա ասել է, թե դեռ պետք է հանդիպումներ ունենա քաղաքական, հասարակական, բիզնես շրջանակների, Արցախի ղեկավարության հետ, որից հետո կկայացնի որոշումը: «Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք` վերջնական որոշում ընդունելու համար»,- հայտարարել է նա:

Եթե անկեղծ, ապա նման սեթեւեթանքն անհասկանալի է. ի վերջո, հազիվ թե Արմեն Սարգսյանի համար այս առաջարկը նորություն լիներ (գոնե մամուլն արդեն մի քանի օր է` գրում է, որ նա է լինելու իշխանությունների թեկնածուն), եւ հետո` առանց նրա համաձայնությունն ունենալու` Սերժ Սարգսյանը հազիվ թե նման առաջարկ աներ: Այնպես որ, պարզ է` եթե բանը հասել է Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանին հանդիպելուն, ուրեմն նա համաձայն է դառնալ Հայաստանի նոր նախագահը: Հետեւաբար, անտեղի են այս սեթեւեթանքները: Ու տպավորություն է, թե իշխանությունները որոշել են հասարակության ուշադրությունն առաջիկա մեկ ամսում զբաղեցնել նոր նախագահացուի այցերով, հանդիպումներով, քաղաքական շոու-ներկայացումներով` շեղելով սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրներից:

Իհարկե, չի բացառվում, որ Արմեն Սարգսյանը մտավախություն ունի, որ չկարողանա առաջին փուլով ընտրվել: Ինչպես հայտնի է` նոր Սահմանադրության համաձայն` նախագահին ընտրելու է ԱԺ-ն` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդով: Այսինքն` հարկավոր է, որ 105 պատգամավորներից նրա թեկնածության օգտին քվեարկի 79-ը: Սակայն կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին ունեն 65 պատգամավոր, ու առաջին փուլով նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է եւս 14 հոգու կողմ ձայն: Եթե իշխանություններին չհաջողվի «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների միջոցով լրացնել բացը, ԱԺ-ում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ: Այս դեպքում հարկավոր է, որ կողմ քվեարկի պատգամավորների երեք հինգերորդը` 63 հոգի, եւ ՀՀԿ-ին այս ժամանակ արդեն կհաջողվի իր թեկնածուին դարձնել նախագահ: Հավանաբար, Արմեն Սարգսյանի համար առաջին փուլով չընտրվելու հեռանկարն է որոշակի երկմտանքի առիթ դարձել:

Ինչեւէ, մինչ Արմեն Սարգսյանը կտա իր համաձայնությունը, «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան նրա կենսագրությունից: 1997թ. փետրվարին ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց (Վազգեն Սարգսյանին խաբելու համար նա ծեծվեց եւ փախավ Հայաստանից) մեկ տարի անց, երբ Հայաստանում տեղի էր ունեցել պետական հեղաշրջում, Արմեն Սարգսյանը կրկին նշանակվեց Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան: Սակայն 2000թ. ապրիլին Ռոբերտ Քոչարյանը նրան պաշտոնանկ արեց շատերի համար անակնկալ հանգամանքներում:

Պատճառները բավական ուշագրավ են: Մեր աղբյուրների պնդմամբ` Արմեն Սարգսյանը 1998թ. իրադարձություններից հետո կարողացել էր բարելավել իր հարաբերությունները Վազգեն Սարգսյանի հետ: Նրանց հարաբերություններն այն աստիճան էին լավացել, որ երբ Վազգեն Սարգսյանը որպես վարչապետ 1999թ. սեպտեմբերին այցելեց ԱՄՆ, Արմեն Սարգսյանն էլ Լոնդոնից մեկնեց Վաշինգտոն` նրան օգնելով նախապատրաստվել այդ հանդիպումներին: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ծանր հարված էր Հայաստանի պետականությանը, եւ այստեղ չափազանցրած չենք լինի, եթե ասենք` ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ:

 

Ողբերգական իրադարձությունից հետո Վազգեն Սարգսյանի շրջապատի անդամները Ռոբերտ Քոչարյանի դեմ էին դուրս եկել` բացահայտ կասկածներ հնչեցնելով հոկտեմբերի 27-ի դեպքերին նրա առնչակցության մասին: Հենց իշխանության մի թեւը ցանկանում էր Քոչարյանի հրաժարականը, եւ որպես Հայաստանի նոր նախագահ տեսնում էին Արմեն Սարգսյանին (այն ժամանակ վարչապետը Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն էր, պաշտպանության նախարարը` նրանց ընկեր Վաղարշակ Հարությունյանը, գլխավոր դատախազը` Բորիս Նազարյանը): Իշխանության մի մասը, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականները, գաղտնի բանակցություններ էր սկսել Արմեն Սարգսյանի հետ: Սակայն Լոնդոնում Արմեն Սարգսյանի հետ իշխանական եւ զինվորական էլիտայի կարեւոր հանդիպման մանրամասները շատ արագ հայտնի են դարձել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Այն ժամանակ շատերը կասկածում էին, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին լոնդոնյան հանդիպման մանրամասները հայտնել է մասնակիցներից ԿԲ նախկին նախագահ, հետո արդեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչեւէ, լոնդոնյան հայտնի հանդիպումից հետո Քոչարյանը դիմեց կտրուկ գործողությունների. իր դեմ լուրջ վտանգ զգալով` նա պաշտոնանկ արեց վարչապետ Արամ Սարգսյանին ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Իսկ իշխանության մյուս հատվածին կարողացավ «իրենով անել», օրինակ` Անդրանիկ Մարգարյանին նշանակելով վարչապետ, նաեւ տարատեսակ մեթոդներով քաղաքականապես զինաթափելով երկրապահական հատվածին:

Այդ ժամանակ Քոչարյանը պատժեց նաեւ դեսպան Արմեն Սարգսյանին` պաշտոնանկ անելով նրան: Ըստ շրջանառվող լուրերի` 2000-2008թթ. ընթացքում, քանի դեռ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, փաստացի արգելված էր Սարգսյանի մուտքը Հայաստան: Ի վերջո, Քոչարյանը չէր կարող ներել իր դեմ դավադրություն կազմակերպած անձանց: Ասում են, սակայն, այդ ընթացքում Սերժ Սարգսյանը, ընդհակառակը, որոշ ժամանակ անց փորձել է Արմեն Սարգսյանի հետ հարաբերություններ պահպանել` օգտագործելով նրա կապերը Լոնդոնում եւ այլուր, նաեւ 2008թ. նախագահական հավակնությունները բավարարելու համար:

Ի դեպ, իր պաշտոնանկությունից հետո դեսպան Արմեն Սարգսյանը 2000թ. ապրիլին հայտարարել է. «Դիվանագետի եւ պետական ծառայողի պաշտոնում ես չէի կարող բացահայտորեն խոսել իմ մտահոգությունների մասին՝ Հայաստանի ղեկավարության գործողությունների կապակցությամբ: Ամեն դեպքում, խիղճս մաքուր է, քանի որ իմ բոլոր խորհուրդները անկեղծ էին: Ցավոք սրտի, իմ տեսակետը` Հայաստանի ապագայի վերաբերյալ, միշտ չէ, որ համընկել է Հայաստանի ղեկավարների տեսակետների հետ: Առայժմ ես ձեռնպահ կմնամ հետագա հրապարակային հայտարարություններից: Բայց մոտ ապագայում հույս ունեմ հանդիպել ձեզ եւ քննարկել այս եւ այլ կարեւոր հարցեր»:
Իսկ 2010թ. արդեն Հայաստանում նա ասել էր. «Ես որեւէ հետաքրքրություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու Հայաստանում, սակայն ունեմ մեծ ցանկություն` օգտակար լինելու հայրենիքին: Ես հավատում եմ, որ երկրին կարելի է օգտակար լինել` ոչ միայն քաղաքական մասնակցություն ունենալով կամ պատկանելով այս կամ այն քաղաքական կուսակցությանը, կամ լինելով պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, լինելով իշխանության մեջ կամ ընդդիմություն: Ես գտնում եմ, որ կարելի է այդ բոլորից զերծ մնալ եւ միաժամանակ օգնել երկրին, հայրենիքին, ուղղակի կենտրոնանալ այն հիմնական խնդիրների վրա, որտեղ դու կարող ես փոքր ներդրում ունենալ»:

Համաձայնեք, բավական հետաքրքիր կենսագրություն է ապագա նախագահի համար: Պատահական չէ, որ նոր Սահմանադրությամբ սահմանափակ լիազորություններով (գրեթե անգլիական թագուհու կարգավիճակում) նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջարկում է հենց Արմեն Սարգսյանին:

Հավելենք, որ ՀՀ նոր նախագահը եւս, համաձայն ՀՀ Սահմանադրության, պետք է վեց տարի մշտապես բնակված լինի ՀՀ-ում: Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում դեսպան է նշանակվել 2013թ. սեպտեմբերին, այսինքն` 4 տարի, 4 ամիս առաջ: Դեսպանատան տարածքը համարվում է ՀՀ տարածք, եւ այդ պաշտոնում նրա աշխատած տարիները համարվում են, որ մշտապես բնակվել է Հայաստանում: Եւ առաջիկայում պետք է տրվի կարեւորագույն հարցի պատասխանը` արդյո՞ք այս ժամկետը համարվում է բավարար, որպեսզի Սահմանադրության հետ հակասությունների հարցեր չառաջանան:

Բացի այդ` ՀՀ նոր Սահմանադրությամբ եւս ՀՀ նախագահը իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Իսկ Արմեն Սարգսյանը խոշոր գործարար է. արդո՞ք նա իր բիզնես շահը առաջ չի տանի՝ ի հաշիվ Հայաստանի Հանրապետության: Սա էլ սահմանադրական հակասության երկրորդ դրսեւորումն է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ