Արտառոց բացահայտում Մասիսում. չորս միլիոն դրամ հափշտակած մանկապարտեզի 65-ամյա տնօրենը հրաժարվել է թոշակի անցնել և խաթարել է կառույցի աշխատանքը

Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 4 մանկապարտեզի նախկին տնօրենն ու հաշվապահն ընկել են դատարանի դռները ոչ ավել, ոչ պակաս մեղադրյալի կարգավիճակով:

ArmLur.am-ը, մասնավորապես, տեղեկացավ, որ մանկապարտեզի արդնե նախկին տնօրեն Ջուլիետտա Ավագյանը մեղադրվում է մանկապարտեզից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պետության օրինական պահանջները չկատարելու մեջ:

Այսպես, Մասիսի արդեն նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որոշմամբ Ջուլիետտա Ավագյանը 65 տարին լրանալու կապակցությամբ պետք է հեռանար զբաղեցրած պաշտոնից: Քաղաքապետի որոշումը, սակայն մանկապարտեզի տնօրենը ոչ միայն չի կատարել, այլև խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքներին, չի հանձնել մանկապարտեզի կնիքը, հրամանագրքերը, չի կատարել մանկապարտեզի գույքի հանձնում և ընդունում, հետագայում էլ ևս հրաժարվել է դրանք կատարել: Նշված գործողությունների արդյունքում խաթարվել է մանկապարտեզի բնականոն գործունեությունը` մատակարարներից հնարավոր չի եղել սնունդ ձեռք բերել մանկապարտեզի սաների համար, ինչպես նաև կատարել մի շարք բանկային գործարքներ, մասնավորապես` վճարել մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձերը:

Բացի այդ, ըստ մեղադրանքի` Ջուլիետտա Ավագյանը հափշտակել է ավելի քան 4 միլիոն դրամ:

Տնօրենի հետ ամբաստանվում է նաև հաշվապահը, վերջինիս ամուսինը` Ջուլիետտա Ավագյանի հետ գումարները փոփշտակելու համար:

Այս արարքի համար տնօրենն ազատազրկվել է 5 տարի վեց ամիս ժամկետով, իսկ հաշվապահը և նրա ամուսինը պետք է փորձաշրջան անցնեն:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրանց բողոքարկումները հասել են Վերաքննիչ քրեական դատարան: