Այնպես արեցին, որ մեր Օպերային թատրոնի դուռն այլևս չբացեմ․ Լեոնորա

«Ժողովուրդ»-ը Վարշավայում կայացած «Wiktoria 2015», Սոֆիայում տեղի ունեցած «Sofia Grand Prix-2015», Պյատիգորսկում կայացած «Winter tale 2016» միջազգային մրցույթների հաղթող օպերային երգչուհի Լեոնորայի հետ (Արեւիկ Գրիգորյան-Թանաշյան) զրուցել է նրա առաջիկա ծրագրերի, մեր օպերային թատրոնում հանդես չգալու պատճառների եւ այլ թեմաների շուրջ։

-Լեոնորա, այս տարի ի՞նչ ծրագրեր ունեք։ Դրանք կրկին կապված են արտերկրի՞, թե՞ Հայաստանի հետ:

-Այս պահի դրությամբ պլանավորում եմ բարեգործական բնույթի մի քանի համերգ, դրանց հասույթը պետք է տրամադրվի Ապրիլյան պատերազմի մասնակիցներին, որոնք վարձավճարի խնդիր ունեն։ Ես որեւէ կազմակերպության չեմ աջակցում, զուտ որպես անհատ երգչուհի եմ նրանց օգնում։ Այս տարի հիմնական ծրագրերս կապված են Բեյրութի հետ։ Առհասարակ, համագործակցում եմ միայն արտասահմանցի երաժիշտների եւ դիրիժորների հետ։

-Իսկ միջազգային մրցույթների վերջին շրջանում մասնակցո՞ւմ եք:

-Այո, մրցույթների մասնակցում եմ, հիմնականում արտերկրում, բայց ոչ որպես երգչուհի, այլ հրավիրյալ ժյուրի։

-Որքանով տեղյակ ենք, մեկ անգամ փորձել եք համագործակցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ, սակայն դա եղել է Ձեր առաջին եւ վերջին փորձը։ Ինչո՞ւ այդպես ստացվեց, կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել:

-Այո, մեկ անգամ դիմեցի Օպերային թատրոն, գնացի, ներկայացա, դիրիժորի անունը չեմ ասի, բայց նա այնպես արեց, որ թատրոնի դուռն այլեւս չբացեմ։ Ինձ հասկացրեցին, որ իրենց ձայն պետք չէ, թե ինչ էր պետք, այդպես էլ չհասկացա, բայց այլեւս ոտք չդրեցի այնտեղ։ Ի դեպ, ասեմ, որ օպերային թատրոնում լավ էլ տեղյակ են իմ գործունեությունից։ Ասեմ նաեւ, որ ցավոք,Հայաստանում գրագետ երաժիշտն այնքան չի վաստակում, որ ունենա ապահոված կյանք, այդ պատճառով էլ արտագաղթում է։ Ինչպես նշեցի, ես հիմնականում համագործակցում եմ դրսի դիրիժորների եւ երգիչների հետ. նրանցից եւ պորֆեսիոնալ, եւ մարդկային առումով ավելի շատ բան եմ ստանում, քան մերոնցից։ Այնպես որ, այստեղի մասնագետների հետ շփվելու առանձնակի ցանկություն էլ չունեմ։ Փաստորեն, արտերկրում ավելի գնահատված եմ, քան հայրենիքում։ Իտալացի ժամանակակից կոմպոզիտորներից մեկն, օրինակ, մի օպերա է գրել եւ ցանկություն է հայտնել, որ հենց ես կատարեմ այն, օպերան ստեղծվել է իմ ձայնի համար։ Հիմա սպասում եմ, տեսնենք` որ երկրի նվագախմբի հետ կհամագործակցենք, որպեսզի օպերան հանենք բեմ։

-Ընդհանրապես, մեր երկրում տարվող մշակութային քաղաքականությանը հետեւո՞ւմ եք: Այդ առնչությամբ ի՞նչ կարծիք ունեք:

-Ոչ, առհասարակ, չեմ հետաքրքրվում։ Մի ժամանակ, այո, ապրում էի իմ երկրում տեղի ունեցող ամեն իրադարձությամբ, ամեն փոքր փոփոխություն էլ հետաքրքիր էր, բայց մեկ, երկու, երեք, երբ զգացի, որ անձնվիրաբար աշխատելու եւ ոչ ոքից ոչինչ չխնդրելու դեպքում արածդ աշխատանքը չի գնահատվում, սկսեցի հոգնել։ Դա արդեն ինքնասիրության, արժանապատվության հարց է։ Հայաստանում որտեղ էլ ուզես աշխատել, պետք է կամ ծանոթ ունենաս, կամ էլ կարողանաս գործատուին ինչ-որ ուրիշ հատկություններով գոհացնել, որպեսզի քեզ բանի տեղ դնեն։ Մեր երկրում, ցավոք, մաքուր տեղ չի մնացել։

-Իսկ մեր օպերային թատրոնի երգացանկին հետեւո՞ւմ եք։

-Նախկինում հետեւում էի, բայց երբ զգացի, որ անընդհատ նույն գործերն են ընդգրկվում երգացանկում, եղածներն էլ որեւէ փոփոխության չեն ենթարկվում, սկսեցի դրանով առանձնապես չհետաքրքրվել։ Կարծում եմ՝ մեր թատրոնը պետք է որդեգրի երիտասարդ սերնդին հետաքրքրելու քաղաքականություն։ Այլապես պետք չէ մեղադրել նրան` ռաբիսի հանդեպ հետաքրքրություն ունենալու համար։

Աննա Բաբաջանյան