Կարեն Կարապետյանի` թղթի վրա մնացած հանձնարարականները. շոուի հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո իր աշխատանքային գործունեությունը սկսեց ենթականերին բազմաբնույթ հանձնարարականներով: Ինչպես 2016 թվականը, այնպես էլ 2017-ը նա սկսեց հանձնարարականներ տալով: Ընդ որում, անցած տարվա ընթացքում իր տված հանձնարարականներից ամենաառանցքայինները այդպես էլ իրականություն չդարձան:

Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորել էր կառավարության անդամներին` նախարարներին, լավ հանգստանալ. «2017 թվականը ծանր տարի է լինելու»: Բայց վարչապետի «ծանր տարին» սկսվեց հանձնարարականներով: Անգամ անակնկալ շրջեց նախարարություններով, այցելեց մարզեր, խորհրդակցություններ անցկացրեց եւ կրկին հանձնարարականներ տվեց: Բայց հետո պարզվեց, որ այս ամենը շոու էր: Նկատենք, որ վարչապետի մոտ արդեն սովորույթ է դարձել հանձնարարականներ տալը:

Իսկ մինչ այդ` արձանագրենք, որ վարչապետը 2017 թվականը սկսեց օպտիմալացմամբ (նրա հրամանով 2016-ին կազմակերպություններ եւս լուծարվեցին). մի քանի ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, ՓԲԸ-ներ լուծարվեցին, ինչի արդյունքում հարյուրավոր քաղաքացիներ գործազուրկ դարձան: Կառավարության ղեկավարը անցած տարի հանձնարարեց «Մաքուր Հայաստան» ծրագիր մեկնարկել. «Կարծում եմ` համակարծիք կլինեք, որ թե՛ մեր համաքաղաքացիների, թե՛ զբոսաշրջիկների եւ թե՛ ներդրողների համար մեր երկիրը գրավիչ եւ հարմարավետ դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել մեր քաղաքների, գյուղերի, այգիների, ճանապարհների եւ այլ վայրերի մաքրությունը»: Նշված ծրագրի մեկնարկը մեծ աղմուկ ու ոգեւորություն բարձրացրեց, բայց, միեւնույն է, մեր երկիրը մաքրության տեսանկյունից այդպես էլ գրավիչ չդարձավ: Ամենուրեք աղբ է. հավատարիմ ենք գովազդված` «Աղբի տեղը աղբամանն է» խորհրդանշական խոսքերին:

Կարեն Կարապետյանը անդրադարձել էր նաեւ Արթիկի դպրոցի անմխիթար վիճակին եւ հանձնարարականներ տվել դպրոցների շենքային պայմանների վերաբերյալ: Բայց արի ու տես, որ այս հանձնարարականը ոչ միայն չկատարվեց, այլեւ Արթիկի հ.7 դպրոցը միավորվեց հ.3-ին: Ինչին հաջորդեց մի շարք գյուղական դպրոցների միավորումը, որի արդյունքում մարդիկ ընկան կրճատման տակ:
Վարչապետի հանձնարարություններից մեկը ուղղված էր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին: Խոսքը ջրամբարների թերլցվածության խնդրի եւ դրանք սնուցող գետերի հուների աղտոտվածության մասին էր: Բայց այս գերատեսչության կողմից տեսանելի արդյունք այդպես էլ չարձանագրվեց: Հակառակը` տարվա ընթացքում` ոռոգման շրջանում, անսպասելի ցամաքեցին Ախուրյանի ջրամբարը, Արփա լիճը եւ այլն:

Նույն պաշտոնյային ուղղված մեկ այլ հանձնարարականով պետք է 2017 թվականի ոռոգման շրջանն առավել արդյունավետ կազմակերպվեր, բոլոր ջրօգտագործողների համար ջրօգտագործման հնարավորինս հավասար պայմաններ ապահովվեր: Բայց այս պաշտոնյան եւս թերացավ. չէ՞ որ նախորդ տարվա ընթացքում բազմաթիվ գյուղացիներ ոռոգման ջուր չունենալով` իրենց հողերը չմշակեցին եւ մեծ, հսկայական վնասներ կրեցին:

Մյուս հանձնարարությունը վերաբերում է քաղաքացիական ավիացիայի ոլորտին. բյուջետային ավիաընկերությունների ներգրավում, Երեւանի եւ Գյումրիի օդանավակայաններում ուղեւորների սպասարկման որակի բարելավում, բյուրոկրատական քաշքշուկների վերացում: Այս ոլորտում եւս դրական տեղաշարժ չկա:

Վարչապետի հաջորդ հանձնարարականներից մեկը վերաբերում էր բենզինի եւ դիզելային վառելիքի որակին: «Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաեւ գործնականում առկա որոշակի բացերով: Արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին եւ շուկային»,- հայատարարել էր վարչապետը, ապա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարել բենզինի, դիզելային վառելիքի եւ այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման եւ որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացնել: Այս հարցում եւս կարող ենք արձանագրել, որ ոչինչ արված չէ: Քանի որ վարորդները մշտապես դժգոհում են ոչ միայն բենզինի, այլեւ սեղմված գազի որակից:

Վարչապետը հասցրել է նաեւ հանձնարարական տալ միջպետական, հանրապետական նշանակության եւ միջհամայնքային ճանապարհների ոչ բարվոք վիճակի մասին: Իհարկե, այս դեպքում հանձնարարական ստացողը եւ չկատարողը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն է: Նա պետք ուսումնասիրեր բոլոր ճանապարհների փաստացի վիճակի մասին եւ ներկայացներ հստակ առաջարկություն դրանց վերականգնման առաջնահերթության եւ ժամկետների վերաբերյալ:

Սա նախարարի միակ ստացած եւ չկատարած հանձնարարականը չէ: Նրա` տարվա ընթացքում ստացած ամենակարեւոր հանձնարարականը «Զվարթնոց» օդանավակայանից ուղեւոր տեղափոխող տաքսիների վարորդներն են. «Պրոբլեմը բոլորդ լավ գիտեք` անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճ` Սեւանա լճի փոխարեն Մալաթիա-Սեբաստիայով հասցնող, տարբեր տարիֆներ կիրառող եւ այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջում ենք` վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, ուղեւորի հետ ինչպես պետք է իրեն պահի»: Փաստորեն չենք պահանջում եւ չենք էլ պահանջելու: Հետեւաբար արձանագրենք, որ Վ. Մարտիրոսյանը չի կատարել իր վերադասի հանձնարարականը:

Դեկտեմբերի 28-ի նիստին վարչապետը կառավարության անդամներին եւս զգուշացրեց, որ 2018 թվականին ավելի խիստ ռեժիմով են աշխատելու: Հուսանք` այնպես թերի չեն աշխատի, ինչպես նախորդ տարի եւ մատների արանքով չեն վերաբերի իրենց վերադասի հանձնարարականներին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս