Ընտրակաշառքը բացառելու ուղղությամբ իշխանությունները որևէ հստակ քայլ չեն արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին օրերս հայտարարել էր, թե իշխանությունները քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կոնկրետ քայլեր են անում օրենսդրական նախաձեռնությունների տեսքով: Սակայն դեսպան Սվիտալսկին չէր մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը` փոխարենը խոհուրդ տալով դիմել Դավիթ Հարությունյանին: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստանալու համար դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին` խնդրելով պարզաբանել, թե քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարի ի՞նչ նախաձեռնության մասին է խոսքը:

ՀՀ արդարադատության նախարարության լրատվական վարչությունից մեր հարցմանն ի պատասխան` հայտնեցին հետևյալը.

2016-2017 թվականների ընթացքում ՀՀ կառավարության կողմից մշակվեցին և ընդունվեցին  հակակոռուպցիոն ոլորտի մի շարք կարևորագույն նախագծեր, որոնք անմիջականորեն ուղղված էին հենց քաղաքական կոռուպցիայի հաղթահարմանը:

Մասնավորապես,

  • Քրեականացվել է ապօրինի հարստացումը:
  • Հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության հաշվետվողականության ապահովման նպատակով սահմանափակվել է վերջիններիս կողմից կանխիկ դրամով գործարքներ կատարելու հնարավորությունը:
  • Հանրային հաշվետվողականության բարձրացման տեսանկյունից ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար ներդրվել է շահերի հայտարարագրման ինստիտուտը:
  • Այս տարվա գարնանը ստեղծվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը, ի թիվս մի շարք գործառույթների, հետևելու է նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների, էթիկայի կանոնների, իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը:
  • Մշակվել և ներկայումս Ազգային ժողովում է գտնվում ՀՀ ընտրական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որն ուղղված է հիմնականում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառմանը: Ընդ որում, նախագծերի համաձայն արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված  միջոցների,  նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը: Օրենքի պահանջի խախտման դեպքերի համար նախատեսվում է վարչական և քրեական պատասխանատվություն՝ ելնելով խախտման բովանդակությունից:
  • Մշակվել և առաջին ընթերցմամբ ընդունվել է «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքը, որը, ի թիվս մի շարք այլ կարգավորումների, նախատեսում է դատավորների ընտրության և նշանակման կարգերը, մանրամասն սահմանում է դատավորների անկախության և հատկապես ներքին անկախության երաշխիքները:
  • Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու հանցակազմն ամբողջովին համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին՝ այս առումով ապահովելով քաղաքական կոռուպցիայի լիարժեք կանխարգելումը:




Լրահոս