ՍՊԱՆԵԼ Է` «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆԱԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` «Իսլամական պետության» հետեւորդները հասցրել են այս ընթացքում թափանցել նաեւ Հայաստան: Բարեբախտաբար, նրանք չեն հասցրել այստեղ լայնածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնել. արագ բացահայտվել է Արման Ջանջուղազյանը, որ հիմա մեղադրվում է Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով այս թեմային, ասել է. «Պարզված տվյալները վկայում են, որ Արման Ջանջուղազյանը, մշտապես բնակվելով Հունաստանում, դեռեւս 2014 թվականին հավատափոխ էր եղել եւ ընդունել մահմեդականություն, որից հետո սկսել էր համացանցի միջոցով ծանոթանալ եւ հավանություն տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծավալած գործունեությանը: Արման Ջանջուղազյանը սպանությունն իրականացրել է իր նախաձեռնությամբ, սակայն համացանցով հավանություն է ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների անունից հանդես եկող անձանցից»: Ըստ Մ. Համբարձումյանի` այս ամենը բացահայտվելուց հետո Ջանջուղազյանը խոստովանական ցուցմունքներ է տվել: Փաստորեն, որքան էլ Հայաստանն անվտանգ երկիր է համարվում, այնուամենայնիվ, ապահովագրված չէ տարատեսակ անցանկալի դրսեւորումներից:

 

 

Սերժ Սարգսյանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջարկի հիման վրա պաշտոնանկ է արել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին: Միաժամանակ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱՆ ՔԿՎ պետ է նշանակվել այդ վարչության պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2005թ-ից: Հատկանշական է փաստը, որ Օսիկյանի եւ Հովհաննիսյանի հարաբերությունները տեւական ժամանակ լարված էին. մամուլը բազմիցս անդրադարձել է այդ իրողությանը, թեեւ անձամբ Օսիկյանը 2015թ. «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում հերքել էր այս տեղեկությունները: Պատահական չէ, որ երեկ, երբ նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ ԱՆ ՔԿՎ աշխատակիցներին էր ներկայացնում մորանշանակ պետին, Արթուր Օսիկյանը ներկա չէր. գերադասել էր արհամարհել նոր պետի նշանակումը: Մեկ փաստ եւս. Սերժ Սարգսյանը ՔԿՎ պետի փոփոխությունների հրամանագիրը ստորագրել է հունվարի 28-ին՝ ոչ աշխատանքային օրով. համենայն դեպս, նախագահականի կայքում տեղադրված երկու փաստաթղթերն այդպես են թվագրված:

 

 

ԱԺ այս տարվա գնումների պլանը բավական ուշագրավ տեսք ունի. խորհրդարանը որոշել է ձեռք բերել էլեկտրական սրճեփներ՝ 20 հատ. ճիշտ է` սրճեփների գինն այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 2 հազար 500 դրամ, բայց ինքնին փաստը աչք է գրավում: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ-ն այս տարի գնելու է նաեւ 25 հատ էլեկտրական թեյնիկ՝ յուրաքանչյուրը 11 հազար 500 դրամով, ըստ այդմ՝ ծախսելով 287 հազար 500 դրամ: Այս տարվա համար ԱԺ աշխատակազմը նախատեսում է գնել 200 կգ շաքարավազ` մեկ կիլոգրամը 400 դրամով` այդպես ծախսելով 80 հազար դրամ: Իսկ ահա 100 կգ աղացած սուրճի համար կծախսվի 400 հազար դրամ: Մինչ այդ, նկատենք, նոր գումարման խորհրդարանում չի գործում լրագրողների համար դեռ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ տեղադրված սուրճի սարքը, որն անխափան աշխատել է Սամվել Նիկոյանի եւ Գալուստ Սահակյանի օրոք: Հավանաբար, Աժ ղեկավարությունը որոշել է խնայողությունները հենց լրագրողների հաշվին անել:

 

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը, որ նախորդ շաբաթ մասնակցում էր Դավոսի տնտեսական համաժողովին, տարբեր երկրների պաշտոնյաների եւ գործարարների հետ հանդիպումների ժամանակ կոչ է արել Հայաստանում բիզնես գործունեություն սկսել: Սակայն Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ՀՀ-ում հնարավոր չէ ազնիվ բիզնես սկսելը: «Եթե գտնվեն սփյուռքահայեր, որ այդ կոչին հավատան, նրանց վերջը կլինի դաժան, կամ նրանք պետք է պայմանավորվեն 50/50-ի կամ նույնիսկ 10/90-ի շուրջ,- ասել է նա՝ հավելելով,- ամեն ինչի հիմքում խաբեություն է դրված: Ինչպես հնարավոր կլինի Հայաստանում ազնիվ բիզնես դնել, եթե ընտրությունները կեղծվել են մինչեւ վերջին պահը, իսկ նոր Սահմանադրությունն էլ ստեղծվեց միայն նրա համար, որ Սերժ Սարգսյանը տարբեր տարբերակներով հարատեւ ղեկավարի երկիրը»:

 

 

ՀԻՆ ԵՐԳԸ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 29-ին լրագրողների հետ էր հանդիպել` ամփոփելու անցած 2017 թվականը: Նախարարի ասելիքում առանձնապես նորություն չկար: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին խոսելիս նա կրկնեց բազմիցս հնչեցրած մտքերը, թե Հայաստանի մոտեցումները համահունչ են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության եւ, ընդհանրապես, միջազգային հանրության մոտեցումներին, եւ որ Ադրբեջանն է մշտապես ետ կանգնում ձեռք բերված պայմանավորվածություններից` հրաժարվելով կատարել դրանք: Նալբանդյանը նշեց, թե ԼՂ խնդրում բանակցություններին այլընտրանք չկա, եւ որ Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների հետ շարունակելու է ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Նա խոսեց Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հերթական գործընթացի մասին ու նույնիսկ վստահեցրեց, թե Հայաստանն անում է հնարավորը՝ ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար: Նալբանդյանը նաեւ մեղադրեց Թուրքիային հայ-թուրքական հաշտեցման գործընթացը նախապայմաններով վիժեցնելու մեջ` պնդելով, թե ՀՀ-ն արել է հնարավորը այդ ուղղությամբ: Կարճ ասած, մեղավոր են բոլորը, բացի Հայաստանի իշխանություններից: Ու քանի որ այդ իրավիճակն է, Հայաստանը շարունակելու է մնալ երկու կողմից շրջափակման մեջ: Այս իրավիճակում, բնականաբար, Հայաստանը պետք է փորձի հաղորդակցության այլընտրանքային ուղիներ գտնել` հատկապես դեպի ԵԱՏՄ հիմնական անդամ ՌԴ-ի հետ ցամաքային կապ ունենալու համար, քանի որ, ինչպես հայտնի է՝ ռուս-վրացական Վերին Լարսի անցակետը տարվա ընթացքում եղանակային պայմանների, նաեւ տարերային աղետների պատճառով փակվում է` դժվարություններ ստեղծելով նաեւ հայ բիզնեսմենների համար: Էդվարդ Նալբանդյանը երեկ վստահեցնում էր՝ թե՛ ռուսաստանցի եւ թե՛ վրացի գործընկերների հետ իրենք քննարկել են այլընտանքային ճանապարհի հարցը, մասնավորապես Աբխազիայով եւ Հարավային Օսիայով անցնող ճանապարհները հնարավորինս շուտ բացելու թեման, որ ՀՀ-ն էլ կարողանա օգտվել դրանից: «Սա բավական նուրբ բանակցային գործընթաց է, եւ եթե այս պահին ինչ-որ լրացուցիչ հայտարարելու բան լիներ, առանց ձեր հարցի էլ կհայտարարվեր: Այս պահին այսքանը»,- թեման արագ փակեց նա: Նալբանդյանի այս պատասխանը պատահական չէ. որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն այս հարցը բարձրացնել ռուս եւ վրացի գործընկերների մոտ, փաստ է, որ քանի դեռ այդ երկու պետությունները չեն բարելավել հարաբերություններն ու չեն լուծել իրենց միջեւ առկա խնդիրները, հազիվ թե բացվեն հաղորդակցության այլընտրանքային ուղիները: Եւ Հայաստանը ստիպված է սպասել այդ բարենպաստ պահին:




Լրահոս