ԱՊՊԱ գործակալը՝ անձնական տվյալների չարաշահո՞ղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիները հաճախ են դժգոհում ապահովագրական գործակալությունների անվերջ զանգերից: Բանն այն է, որ ՀՀ քաղաքացին ապահովագրական գործակալություններից մեկում ապահովագրում է մեքենան, սակայն հետո սկսում է զանգեր ստանալ մեկ այլ գործակալությունից, որի ներկայացուցիչներն առաջարկում են իրենց ծառայությունները: Այլ կերպ ասած` ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները դյուրին կերպով հասու են դառնում ապահովագրական կազմակերպությունների ամենատարբեր մասնաճյուղերի աշխատակիցներին: Սա նշանակում է, որ մարդկանց անձնական տվյալները պաշտպանված չեն եւ հեշտությամբ կարող են դառնալ ուրիշների սեփականությունը:

Խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանի հետ:

-Պարո՛ն Հայրապետյան, ինչո՞ւ են քաղաքացիների անձնական տվյալները հասանելի դառնում տարբեր ապահովագրական գործակալությունների: Խոսքը բջջային հեռախոսահամարի եւ անուն-ազգանվան մասին է:

-Դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին: Անձնական տվյալները գործակալություններին տարբեր միջոցներով կարող են հասանելի դառնալ: Եվ այս պարագայում չենք կարող միանշանակ ասել, որ տեղի է ունեցել անձնական տվյալների խախտում: Կախված այն հանգամանքից, թե ինչ միջոցով են ձեռք բերվել անձնական տվյալները, կարող ենք խոսել պատասխանատվության ենթարկելու հարցի մասին:

-Այս դեպքում պատասխանատվության հարցը պետք է քննարկի գործակալությո՞ւնը, թե՞ այլ կառույց:

-Այս պարագայում լիազոր մարմինը մենք չենք: Մեր գործակալությունը կարող է միայն խորհրդատվություն տրամադրել: Իսկ մնացած հարցերով պատասխանատուն Կենտրոնական բանկն է եւ ավտոապահովագրողների բյուրոն: Մյուս կողմից դժվար է ասել` զանգահարողները ապահովագրական գործակալություննե՞րն են, թե՞ գործակալները:

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը ԿԲ վրայից գցեց պատասխանատվությունը` ասելով, որ այդ հարցով ավտոապահովագրողների բյուրոն է պատասխանատու: «Կենտրոնական բանկը բյուրոյի «կոմունիկատորն» է: Սակայն բյուրոն առանձին իրավասու է այդ հարցերին պատասխանել»,-նշեց ԿԲ ներկայացուցիչը:

Ավտոապահովագրողների բյուրոյի գործառնությունների գծով տնօրենի առաջին տեղակալ Արտյոմ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ այս խնդրի շրջանակում մի քանի բողոքներ ստացել են: Դիմած քաղաքացիներին խնդրել են իրենց համաձայնությունը տալ, որպեսզի բյուրոն դիմի դատախազություն, եւ գործ հարուցվի, սակայն Նազարյանի խոսքով` քաղաքացիները չեն համաձայնել:

-Պարո՛ն Նազարյան, իսկ ի՞նչ կերպ են քաղաքացիների անձնական տվյալները հասանելի դառնում տարբեր ընկերությունների:

-Չեմ կարող ասել: Մենք մեր համակարգում բոլոր անվտանգության կանոնները պահում ենք: Այդ անձը, որ զանգահարում է մարդկանց, կարող է լինել մի կազմակերպության գործակալ, որը, տիրապետելով տվյալներին, ներկայանում է այլ ապահովագրական գործակալության անունից:

-Այս պարագայում չե՞ք կարծում, որ պատասխանատվության միջոցների կիրառման կարիք կա, որպեսզի տվյալ գործակալն այլեւս չփորձի նման քայլ կատարել:

-Այո՛, պետք է գործակալն իմանա, որ դա խնդրահարույց հարց է: Մենք հորդորում ենք նաեւ քաղաքացիներին իրավապահ մարմիններին դիմել: Բացի այդ, զանգահարողից ճշտեն, թե որտեղից են ձեռք բերել իրենց տվյալները:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս