«Վիվառո Բեթինգ»-ի տնօրենը գնել է հոգեբուժական կլինիկան

«Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի վաճառքի գործարքը կայացել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից:
«Նորք հոգեբուժական կենտրոնի» շենքի սեփականատերն այլեւս ««Հին Նորք» բիզնես-կենտրոն» ՓԲԸ-ն է:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 7-ի նիստում պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրեց վաճառքի ձեւով օտարել կլինիկայի շենքը: Անցած տարվա նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմում էր 868 մլն 329 հազար 840 դրամ: Պայմանագրի կնքումից հետո` 3 տարվա ընթացքում, ««Հին Նորք» բիզնես-կենտրոն» ընկերության հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ն համատեղ բազմաֆունկցիոնալ բիզնես-կենտրոն կառուցելու նպատակով իրականացնելու է 3 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում եւ ստեղծելու է 1000 աշխատատեղ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ««Հին Նորք» բիզնես-կենտրոն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին, «Սոֆթ Կոնստրակտ»-ը` 2014 թվականին, իսկ հիմնադիրն է «Սոֆթ Կոնստրակտ Լիմիթեդ» ընկերությունը: «Սոֆթ Կոնստրակտ»-ի տնօրենը Հարություն Համբարձումյանն է: «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը խաղային բիզնեսին ծրագրեր է մատակարարում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հարություն Համբարձումյանը «Ֆաստ Կրեդիտ» գրավատների ցանցի ղեկավարների խորհրդի անդամ է: Բացի այս` Համբարձումյանը «Վիվառո Բեթինգ» ընկերության գլխավոր տնօրենն է: Ավելին` նա ղեկավարում է նաեւ «Վիվառո Գեյմ» ընկերությունը:

Ի դեպ, այսքանով չի ավարտվում Համբարձումյանի կարիերան. նա անցած տարվա` Երեւանի ավագանու ընտրության ժամանակ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու է եղել, սակայն ավագանու կազմից դուրս է մնացել:

Սյունէ Համբարձումյան