ՀՅԴ-Ն ՆՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱԽՈՐԺԱ՞Կ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն նոր կառավարության կազմավորմանն ընդառաջ սկսել է բացահայտ քաղաքական շանտաժի ենթարկել գործընկեր կուսակցությանը՝ ՀՀԿ-ին` ձեռքի հետ սակարկելով ապագա պաշտոնների շուրջ: Համենայն դեպս, այդ մասին է վկայում ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ ընդլայնված նիստից հետո տարածված հայտարարությունը:

ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ վերին նիստում կուսակցությունը որոշել է ամփոփել քաղաքական կոալիցիայի գործունեությունը, թեեւ իրականում այդ կոալիցիայի ձեւավորման մեկամյակը դեռ չի լրացել. 2016թ. փետրվարին ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ սկսել էր քաղաքական համագործակցությունը, բայց կոալիցիա կազմել էին 2017թ. մայիսին՝ Աժ ընտրություններից առաջ: Հայտարարության մեջ ՀՅԴ-ն սկզբում որոշակիորեն խոսել է կոալիցիայի համատեղ ձեռքբերումների մասին` ընդ որում, շեշտելով, որ «կոալիցիոն կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, առաջնորդվում է Դաշնակցության պաշտպանած «զարգանալ չզիջելով» դժվարին, բայց արժանապատիվ սկզբունքով»: Այլ կերպ ասած` ՀՅԴ-ն ամեն կերպ փորձել է կոալիցիայի ձեռքբերումները վերագրել իրեն:
Այսքանից հետո արդեն անդրադարձ կա բացթողումներին, ընդ որում, բավական թափանցիկ ակնարկներով, սուր գնահատականներով: «Հանրային վստահությունը սկիզբ առած բարեփոխումների նկատմամբ օրեցօր ավելացնելու համար չպետք է տպավորություն թողնել, որ սահմանադրական կարգը փոխվել է, բայց կառավարման գործելաոճը, տնտեսական եւ սոցիալական կարգերը մնացել են նույնը: Քաղաքական կոալիցիան պարտավոր է վեր հանել առարկայական ու ենթակայական բոլոր խոչընդոտներն ու խնդիրները, որոնք թույլ չեն տալիս անհրաժեշտ թափ հաղորդել երկրի զարգացմանը եւ սոցիալական արդարության միջավայր ստեղծել»,- նշված է կոալիցիոն ՀՅԴ հայտարարության մեջ: Դրանից հետո նրանք արձանագրել են. «Բարեփոխումների հանդեպ դեռեւս հանրային անվստահությունը հաղթահարված չէ, եւ երկրի զարգացման տեմպերը մեզ չեն բավարարում»:
ՀՅԴ-ն նաեւ մատնանշել է, թե ինչ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ. «Գործադրել շահերի բախման դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ:
Վարել բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի մարդկային կապիտալ ձեւավորելուն ուղղված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն:
Ապահովել կառավարության, վարչապետի եւ նախարարների` Սահմանադրությամբ նախատեսված կարգավիճակներին համապատասխան լիազորությունների եւ պարտականությունների տարանջատումն ու պատշաճ կարգավորումը:
Ընտրական օրենսգրքում վերանայել գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը» եւ այսպես շարունակ:
Այլ կերպ ասած` ՀՅԴ-ն շարունակում է իր հայտնի գործելաոճը՝ «դեմ ըլլալով, կողմ կբոռան». լինելով կոալիցիայի մաս` ՀՅԴ-ն փորձում է դրականը վերագրել իրեն` բացասականի համար պատասխանատվությունը թողնելով ՀՀԿ-ին, գործընկեր կուսակցությանը չմոռանալով նաեւ անուղղակի մեղադրանքներ ներկայացնել: Սա ՀՅԴ-ականների համար վաղուց ի վեր դարձել է բնավորություն: Այդպես վարվել են նախկին կոալիցիաների մաս կազմելիս: Այդպես են վարվում նաեւ հիմա, թեեւ 2017 թվականի մայիսին` կոալիցիոն հուշագիրը ստորագրելիս, ՀՅԴ-ն համաձայնել էր իշխանության համար ՀՀԿ-ի հետ ստանձնել ամբողջական պատասխանատվություն. «Քաղաքական կոալիցիայի կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների եւ քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով՝ հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ»,- նշված էր 2017թ. ստորագրված փաստաթղթում:
ՀՅԴ այս պահվածքը, թերեւս, պատահական չէ. ինչպես հայտնի է` ապրիլին, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, Հայաստանում պետք է նոր կառավարություն ձեւավորվի: Ու հիմա այդ կառավարության կազմավորման գործընթացից առաջ ՀՅԴ-ն փորձում է բացահայտ սակարկել՝ կոալիցիայում տեղերն ընդլայնելու հեռանկարով: Այլապես հազիվ թե իր հայտարարության առաջարկների մեջ մատնանշեր «արդար ու թափանցիկ կադրային քաղաքականության» դրույթը` այդպես ՀՀԿ-ին ակնարկելով, որ ներկայիս կադրային քաղաքականությունը միանգամայն հակառակ ուղղությամբ է տարվում:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հրաժարվեց հավելյալ մեկնաբանություններ տալուց` ասելով, թե իրենց հայտարարության մեջ ասված է ամեն ինչ:
Իսկ իշխող ՀՀԿ ԳՄ անդամներից պատգամավոր Սամվել Նիկոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փորձում էր խուսափողական պատասխաններ տալ՝ հիմնականում ընդհանուր, հերթապահ մտքեր արտահայտելով: Նա վստահեցրեց, թե այն տպավորությունը չի ստացել` իբրեւ թե կոալիցիոն գործընկերության շրջանակում ձեռքբերումները ՀՅԴ շնորհքն են, իսկ ահա բացթողումների պատասխանատուն ՀՀԿ-ն է:
Քանի որ ՀՅԴ-ն իր հայտարարության մեջ նշել էր ԸՕ-ն վերանայելու եւ ռեյտինգային ընտրակարգը վերացնելու անհրաժեշտության մասին, Նիկոյանից հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ են այդ քայլին գնալու: Նիկոյանը չբացառեց, որ առաջարկը կարող է քննարկման առարկա դառնալ, եթե այն իր մեջ պարունակի ռացիոնալության հատիկ:
«Այստեղ չկա որեւէ խնդիր, որը վերաբերվի կոալիցիոն խնդիրներին, որ կա հակասություն: Իրենք խոսում են բացառապես իրենց կուսակցության մոտեցումների մասին: Եթե որեւէ կուսակցություն իր տեսլականն է ներկայացնում կատարված աշխատանքների մասին, նույնը կարող է առանձին անել, ենթադրենք, նաեւ մեր կուսակցությունը»,- ասաց Նիկոյանը:
Հ.Գ. Ի դեպ, նախորդ տարվա նոյեմբերին էլ ՀՅԴ-ն բյուրոյի եւ ԳՄ-ի նիստ էր անցկացրել` ակնարկելով, որ «քաղաքական համագործակցության շրջանակներում, ՀՅԴ-ն առաջնորդվելու է նախաձեռնողականության ու ինքնուրույնության գործելակերպով»: Հիմա կենացները գնալով քաղցրանում են, եւ ՀՅԴ քաղաքական շանտաժն ավելի սուր բնույթ է կրում:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ՝ ՎՃՌԱԲԵԿՈՒՄ
2017 թ. ԱԺ ընտրություններին ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ական Աշոտ Կաղզվանցյանի գործը հասել է վճռաբեկ դատարան: Բանն այն է, որ դեռ 2017թ. նոյեմբերին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ական Աշոտ Կաղզվանցյանին, որին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 2 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը վերաքննիչ դատարանի արդարացման դատավճիռը բողոքարկել է վճռաբեկ դատարանում՝ պահանջելով ընտրակեղծարարին, այնուամենայնիվ, պատասխանատվության ենթարկել եւ 2 տարվա ազատազրկման դատապարտել, որ նա կրի կալանավայրում: Նշենք նաեւ, որ Կաղզվանցյանը մշտապես աչքի է ընկել ընտրություններում հօգուտ իշխանությունների կեղծիքներ անելու «սովորությամբ»: Ընդ որում, Կաղզվանցյանի թիկունքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանն է՝ Նովոն, եւ ասում են՝ վերաքննիչ դատարանում արդարացման որոշման մեջ այդ հանգամանքն է գործել:

 

 

 

ՈՐՏԵՂ Է ՀԱՆԳՐՎԱՆԵԼ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ղազախստանի Ալմաթի քաղաք է մեկնել՝ մասնակցելով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ ընթացքում վարչապետը հանգրվանել էր «Rixos Almaty» հյուրանոցում: Լինելով հինգաստղանի հյուրանոցային ցանց եւ գտնվելով քաղաքի կենտրոնում` այստեղ ծառայությունները բավական թանկարժեք են. ամենամատչելի սենյակի արժեքը սկսվում է 200 դոլարից: Բայց, դե, բնական է, որ Կարապետյանը հասարակ համարում չէր մնա: Ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք. «Rixos Almaty»-ը աշխարհում բավական հայտնի թուրքական հյուրանոցների ցանց է: Ու մինչ Սերժ Սարգսյանը պատրաստվում է գարնանը չեղարկել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, վարչապետը հանգրվանում է թուրքական հյուրանոցում: Մեկ հիշեցում էլ. նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ժամանակին արգելել էր կառավարության անդամներին, պաշտոնյաներին հանգստանալ Թուրքիայում:
 

ՄԵՔԵՆԱՆԵՐ ԳՆԵԼՈՎ
Ըստ ԱՎԾ-ի` 2017թ. ընթացքում Հայաստանում առեւտրի ծավալները նախորդ տարվա համեմատ ավելացել են 14 տոկոսով: Միայն թե այս ցուցանիշը հիմնականում հնարավոր է եղել ապահովել ավտոմեքենաների ներկրման արդյունքում: Ավտոմեքենաների առեւտրի ծավալներն աճել են 15 տոկոսով: Ի դեպ, տեղեկացնենք, որ ավտոմեքենաների առեւտրի մեջ մտնում է ինչպես մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի եւ պարագաների վաճառքը, այնպես էլ տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը, որն էլ ընդհանուր կազմել է 113 մլրդ 700 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մանրածախ առեւտուրը կազմել է ավելի քան 1.3 տրիլիոն դրամ, իսկ մեծածախը՝ 1.1 տրիլիոն դրամ:

 

 

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ` ԼՂՀ-ՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակում կայցելեն Լեռնային Ղարաբաղ: Համանախագահները հանդիպելու են Արցախի ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Էնդրյու Շեֆերը, Ստեֆան Վիսկոնտին փետրվարի 8-9 կայցելեն Երեւան, իսկ փետրվարի 3-ին` Բաքու:

 

 

ՄԻԱՅՆ ՌԴ՞
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ: Երիտասարդների հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը կարեւորել է վերջիններիս մասնակցությունը Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական, գիտական եւ մշակութային կյանքում: Հետաքրքիր է` Արմեն Սարգսյանը նույն սկզբունքով հանդիպումներ է ունենալու նաեւ այլ երկրների բուհերի հայ ուսանողների եւ, ընդհանրապես, հայկական սփյուռքի հե՞տ, թե՞ նրա համար կարեւոր է միայն ՌԴ-ն:

 

 

«ԻԳԼԱ»-Ի ԳՈՐԾԸ
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում ընթանում էր Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ: Ըստ մեղադրանքի` Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: «Հանցագործություն չեմ կատարել եւ կապ չունեմ այն ամենի հետ, ինչն ասվում է մեղադրանքում»,- երեկ դատարանում պնդել է Սամվել Բաբայանը:




Լրահոս