ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Երեւանի ճանապարհային ոստիկանությունը փողոցի այս հատվածում գծանշում կատարելուց հետո չի բարեհաճել հին գծանշումները մաքրել: Հետաքրքիր է, ըստ ՃՈ տրամաբանության, վարորդներն ինչպե՞ս պետք է կողմնորոշվեն, թե այս երկու գծերից որն է օրինական:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ո՞ր տեսակի ավանդները չեն երաշխավորվում: Այսինքն` ո՞ր ավանդները երաշխավորման ենթակա չեն:

Մարինե Մկրտումյան (62 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեն երաշխավորվում այն ավանդները, որոնք
ա) պատկանում են բանկի ղեկավարին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին,
բ) պատկանում են տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին,
դ) ճանաչվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց,
ե) սեփականատերը հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
զ) ներդրվել են ներդրման պահին բանկի սահմանած տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երաշխավորված ավանդի հատուցումն իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ` ավանդատուի նշված հաշվին փոխանցման միջոցով: Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին` արտարժութային ավանդները:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` չստացված կենսաթոշակի գումարները ո՞ր ժամանակահատվածի համար են վճարվում: Եվ խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս է վճարվում կենսաթոշակը, եթե կենսաթոշակառուն փոխել է բնակության վայրը:

Գրետա Սողոմոնյան (69 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Սողոմոնյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ:
Եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է գրավոր դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նախկին բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից գրավոր պահանջում է կենսաթոշակի գործը եւ այն ստանալուց հետո շարունակում վճարել կենսաթոշակը: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ դադարեցված կենսաթոշակի վճարումը կենսաթոշակի իրավունք տվող նոր հանգամանքներ առաջանալու կամ նախկին հանգամանքները պատշաճ կարգով հաստատվելու դեպքում վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Ի դեպ, կենսաթոշակի վճարումը վերսկսելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում:




Լրահոս