«ԵՍ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՄ, ՈՉ ԹԵ ԿԱՄԱԿՈՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է «Մեր մանկության տանգոն», «Մարիամ», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերից, «Կյանքի գինը», «Վերադարձ», «Կարմիր բլուր» սերիալներից հայտնի դերասան Սամվել Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, հայ կինոյի զարգացման տեմպերը Ձեզ բավարարո՞ւմ են:
-Իհարկե ոչ: Իսկ մենք զարգացում ենք ապրո՞ւմ, այդ ի՞նչ ենք արել, որ զարգանանք, մի կինոյի անուն տվեք` բացի այն մեյմունություններից, որոնցից մեկում դժբախտություն եմ ունեցել նկարահանվելու նաեւ ես: Կամ գուցե կինո նկարահանվում է, ես չգիտեմ:
-Շատերն, օրինակ, այն համոզման են, որ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը մեկ քայլ առաջ էր այն ամենից, ինչ մինչ այդ ունեինք:
-Ի՞նչ Մհեր Մկրտչյան: Աբոյի տղե՞ն (նկատի ունի ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին-հեղ.): Ես չեմ տեսել այդ ֆիլմը, չեմ կարող կարծիք հայտնել: Իսկ, ընդհանուր առմամբ, երբ հայ ներկայիս կինոն համեմատում եմ այլ երկրների կինոյի հետ, հասկանում եմ, որ մնացել ենք հին տաշտակի առաջ: Գիտեք` ինձ համար միեւնույն չէ, թե ինչ ֆիլմում եմ նկարվում, ես եմ պատասխանատու իմ դերի համար: Եթե կինոն լավը չի, հո չե՞ն ասում` սցենարիստը, կամ ռեժիսորն էր վատը. առաջինը թիրախում հայտնվում է դերասանը: Հարցն այն չէ` ես կարո՞ղ եմ տվյալ դերը խաղալ, թե՞ ոչ, այլ այն, թե դա ինձ ոգեւերո՞ւմ է, թե՞ ոչ:
-1990-ականներին շուրջ 8 տարի խաղացել եք Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հիմա այնտեղ աշխատելու հրավեր, ցանկություն ունե՞ք:
-Ինձ թատրոն հրավիրում են հիմնականում կոլեգաներս: Ինչ-որ ներկայացումներ դուրս եկել են, որոշները` ոչ: Բայց երբ համեմատում եմ, օրինակ, Ռուսաստանում ոնց են աշխատում, ուր են հասել, ցավ եմ ապրում: Հասկանո՞ւմ եք` մենք դեռ «Պեպոյի» վրա ենք, չնայած` Պեպոն էլ կարելի է հետաքրքիր մատուցել: Ինչ վերաբերում է թատրոն վերադառնալուն, ապա այդ թեմայի շուրջ խոսակցություններ ունեցել եմ գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ: Մի օր նա ասաց` հեռախոսդ թող, զանգեմ, հանդիպենք, ասացի` զանգիր: Դեռ կոնկրետ առաջարկներ չեն եղել: Չնայած կուզենայի վերադառնալ իմ տուն, որտեղ աշխատել եմ, բայց այնքան բան է փոխվել, չգիտեմ` որ մտնեմ, ինչ կլինի: Ժամանակին, երբ աշխատում էի Խորեն Աբրահամյանի հետ, ամեն բան ուրիշ էր, հիմա` ուրիշ:
-Մայր թատրոնն այսօր կատարո՞ւմ է իր ֆունկցիան:
-Եթե դա Մայր թատրոն է, ուրեմն պետք է «մերություն» անի (ծիծաղում է):
-Անո՞ւմ է:
-Առանձնապես բան չեմ նայել, չգիտեմ` ովքեր են այնտեղ, ինչի են ընդունակ, կարծում եմ` Արմենը կարող է ինչ-որ բան փոխել:
-Մի փոքր էլ սերիալներից խոսենք: Ի՞նչ եք կարծում` ո՞րն էր, օրինակ, Ձեր մասնակցությամբ «Կյանքի գինը» սերիալի հաջողության գրավականը: Գուցե այն, որ մեծ գումարնե՞ր էր ներդրված նախագծում, հիմա այդպիսի սերիալներ նկարահանվո՞ւմ են:
-Այո՛, նաեւ դա: Հիմա, երբ սերիալներից հրավերներ եմ ստանում, եւ փողային հարցեր ենք քննարկում, ասում եմ` դուք գիտե՞ք` ես ինչքան եմ ստացել: Ինձ ասում են` հիմա ժամանակները փոխվել են, ասում եմ` լավ, գոնե նորմալ սցենար գրեք, որ հետաքրքիր լինի, թե չէ` նայում ես ու գիտես, թե հաջորդիվ ինչ է լինելու: Դա արդեն հետաքրքիր չէ: Կամ էլ պետք է, որ սերիալում հետաքրքիր դերասաններ խաղան, բայց այդպիսիք այսօր այնքան քիչ են: Վերադառնալով գումարին, իհարկե, այդ գործոնը եւս կարեւոր է ինձ համար, բայց դա չի նշանակում, որ լավ վճարելու դեպքում ինձ ինչ ասեն, կանեմ: Ես կարող եմ սցենարը կարդալ ու ասել` Էս ո՞վ է գրել էս ապուշությունը, ես սա չեմ խաղա, կա՛մ փոխեք, կա՛մ սցենարիստին զգուշացրեք, որ պրիմիտիվ, հիմար բաներ չգրի, ոչ թե նայի եսիմինչական սերիալ ու դա սարքի հայկական:
-Պետք է որ այդ պարագայում Ձեզ հետ աշխատելը դժվար լինի…
-Ես սկզբունքային եմ, ոչ թե կամակոր: Այն մարդիկ, որոնք ինձ առաջարկներ են անում, շատ լավ ճանաչում են ինձ:
-Մարդկային հարաբերություններում ի՞նչը չեք հանդուրժում:
-Դավաճանությունը, սրիկայությունը, ատելությունը, ոչ պունկտուալ լինելը:
-Որդի եւ դուստր ունեք: Նրանց հանդեպ խի՞ստ եք:
-Առաջնեկս առաջին կնոջիցս է, լուրջ տղա է, զինվորական, իսկ դուստրս` ուրիշ կնոջից: Երկուսին էլ շատ սիրում եմ, ուրախ եմ, որ կարողացել եմ այնպես անել, որ քույր եւ եղբայր ընկերանան` անկախ այն հանգամանքից, որ նրանք տարբեր մայրերից են: Նայում եմ, սիրտս փառավորվում է: Ի դեպ, ասեմ, որ տղաս եւ աղջիկս բավական ուշ տարքիում են իրար հետ ծանոթացել: Ընդ որում, աղջիկս գիտեր, որ եղբայր ունի, բայց տղաս չգիտեր, որ քույր ունի: Ասեմ, որ տղաս բնավորությամբ ինձ է նման, դուստրս էլ Սոս Սարգսյանի թոռնուհին է:
-Շատերին է հետաքրքրում` Դուք հիմա ամուսնացա՞ծ եք, թե՞ ոչ:
-Այսինքն` աղջիկներն են հարցնո՞ւմ: Չէ՛, ամուսնացած չեմ:
-Այսօր ինչի՞ մասին եք երազում:
-Որ առողջ լինեմ եւ կարողանամ լավ աշխատել, երեխեքիս տիրություն անել:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ` ԱՆՍՊԱՍԵԼԻ ԺԱՆՐՈՒՄ

«Իքս ֆակտոր 1» երաժշտական մրցույթի հաղթող, երգիչ Վրեժ Կիրակոսյանը, ով հայտնի է իր դասական կատարումներով, առաջիկայում հանդես կգա նոր, անսպասելի ժանրում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ աշխատում է նոր երգի վրա, որը դասականի եւ ռոքի միքս է. «Երգն արդեն պատրաստ է, այն Հայաստանի մասին է, հեղինակները սփյուռքահայեր են: Երգի միջոցով համայն հայությանը միավորվելու կոչ կանեմ: Ստեղծագործության հիման վրա մինչեւ ամառ կնկարահանվի նաեւ տեսահոլովակ»:

Վրեժը տեղեկացրեց, որ կա եւս մեկ երգ, որի վրա աշխատում է. այս անգամ խոսքը զուգերգի մասին է. «Շատ անսպասելի համագործակցություն է սպասվում հայ աստղերից մեկի հետ, երգը նեոդասական ժանրում է, այլ մանրամասներ չեմ հայտնի»:
Ի դեպ, նշենք, որ 2017 թվականից հինգ տարի ժամկետով Վրեժ Կիրակոսյանը նշանակվել է Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն: Մենք հարցրինք` Վրեժը հանդիպումներ, անձնական զրույցներ ունենո՞ւմ է քոլեջի սաների հետ, նրանց խորհուրդներ տալի՞ս է. «Իհարկե, լինում են հանդիպումներ: Ես շատ անմիջական մարդ եմ` անկախ պաշտոնից, ինձ շատ են գրում, խնդրում են հանդիպել, լինում է, որ ամբողջ ընտանիքով են գալիս, նստում ենք, զրուցում ենք, արտերկրից են զանգահարում, խորհուրդներ են հարցնում: Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ քոլեջն ունի լավ, ամուր հիմքեր եւ ավանդույթներ: Ինձնից առաջ այն Նադեժդա Սարգսյանն էր ղեկավարում, իսկ նրա դպրոցը ամբողջ հանրապետության մասշտաբով ուժեղ դպրոց է: Շարունակում ենք պահել նրա դրած ավանդույթները»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Նա նաեւ ուրախությամբ հայտնեց, որ այն բանից հետո, ինչ 2017 թվականին «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում հաղթեց քոլեջի սանը` Էրիկ Մկրտչյանը, քոլեջը մրցույթի կազմակերպիչների հետ պայմանագիր է կնքել, ըստ որի` թե՛ մանկական, թե՛ մեծերի «Սլավյանսկի բազարում» Հայաստանը պաշտոնապես կներկայացնի քոլեջը. «Ստեղծվելու է պրոֆեսիոնալ ժյուրի, լինելու են նախընտրական փուլեր, եւ այն, որ մեզ նման գործառույթ է վստահվել, իսկապես մեծ ձեռքբերում է մեզ համար»,-եզրափակեց Վրեժ Կիրակոսյանը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
Հարավային Կորեայի ձմեռային Օլիմպիական խաղերում նորովիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է մինչեւ 232: Փհենչհանի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեից հայտնել են, որ վերջերս հոսպիտալացվել է ավելի քան 30 նոր հիվանդ: Հիվանդացածների թվում մարզիկներ եւ արտասահմանյան պատվիրակությունների անդամներ չկան: Ավելի վաղ հաղորդվել է նորովիրուսով 194 վարակվածների մասին, որի հիմնական նշաններն են սաստիկ փսխումը եւ փորլուծը: Օլիմպիական խաղերի բացման նախաշեմին, որը կայացել է փետրվարի 9-ին, վիրուսի ակտիվ տարածման հետեւանքով շուրջ 1,2 հազար պահապաններ հեռացվել են պարտականությունների կատարումից:




Լրահոս