ՀԱՄԱՁԱՅՆԵՑ ՈՒ ՀԱՅՏՆՎԵՑ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Սարգսյանը երեկ իր համաձայնությունն է տվել՝ առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու: Հիշեցնենք` երբ հունվարի 19-ին Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու առաջարկ էր արել, վերջինս ժամանակ էր խնդրել` ասելով, թե դեռ պետք է հանդիպի հասարակական-քաղաքական շրջանակների հետ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Սփյուռքում, որից հետո նոր կայացնի չափազանց պատասխանատու որոշումը: Ի սկզբանե պարզ էր, որ Ա. Սարգսյանն այսկերպ սեթեւեթում էր. հազիվ թե առանց նրա համաձայնությունն ունենալու Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջադրվելու հրապարակային առաջարկ աներ: Եւ հետո` Ա. Սարգսյանը հազիվ թե համարձակվեր մերժել Ս. Սարգսյանի առաջարկը, թեկուզ հերթական անգամ անորոշ ժամանակով երկրից վտարվելու հեռանկարից վախեցած: Իսկ ժամանակ խնդրեց` այս մեկ ամսում իր PR-ը կազմակերպելու եւ հասարակությանը ներկայանալու համար:
Հիմա ՀՀ նախագահին ընտրելու է ԱԺ-ն: Ընտրությունները տեղի կունենան մարտի սկզբին: Բայց արդեն իսկ որոշակի կասկածներ կան ՀՀ նոր նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելու օրինականության վերաբերյալ: Բանն այն է, որ ՀՀ նոր Սահմանադրության 125 հոդվածի համաձայն` ՀՀ նախագահն ընտրվում է ԱԺ-ի կողմից: Սակայն Սահմանադրության այդ հոդվածը դեռեւս ուժի մեջ չի մտել: Անցումային դրույթների համաձայն` Սահմանադրության 5-րդ գլուխը, որտեղ նաեւ 125-րդ հոդվածն է, ուժի մեջ կմտնի ՀՀ նոր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրը: Ստացվում է՝ նոր նախագահը եւս պետք է ընտրվի հին ընտրակարգով՝ ժողովրդի կողմից, ուղղակի ընտրություններով: Եւ միայն իր լիազորությունները ստանձնելու օրը ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2015թ. ընդունված Սահմանադրությունը, այդ թվում՝ 5-րդ գլուխը: Դրանից հետո արդեն ԱԺ-ն կկարողանա ընտրել ՀՀ նախագահին: Հիմա, փաստորեն, ստեղծվել է երկփեղկված վիճակ: Մինչ այդ, փաստենք, որ Արմեն Սարգսյանը եւս հերթական նախագահը կլինի, ում լեգիտիմությունը, ընտրությունների սահմանադրականությունը կասկածի տակ կարելի է դնել:

 

 

Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ հարող տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակն էր: Միջադեպից հետո Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր, թե իրենք խնդիրը կարգավորելու հարցով բազմիցս դիմել են «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությանը: Երեկ «Ժողովուրդ»-ը ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ռաֆայել Հովհաննիսյանին /որն, ի դեպ, մինչ այս, 13 տարի է` ՔԿԾ պետի տեղակալն էր/ հարցրել է՝ ինչո՞ւ այս ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունն այդպես էլ չի փորձել կարգավորել խնդիրը: «Ես տեղակալ եղել եմ ուրիշ գծով, տնտեսական գծով տեղեկալը ես չեմ եղել: Դա իմ ֆունկցիաների մեջ չէր մտնում, որ մանրամասները ես իմանայի: Սա պայմանավորված աշխատանք էր, որը կատարվեց»,- արդարացել է նա: Միայն թե, հետաքրքիր է, որքան էլ Հովհաննիսյանը ՔԿԾ տնտեսական գծով տեղակալ չի եղել, այնուամենայնիվ, եղել է այդ համակարգի աշխատող, հետեւաբար՝ պետք է տեղյակ լիներ խնդրին` իր հերթին պատասխանատվություն կրելով կատարվածի համար:

 

 

ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի պոլիկլինիկայի շենքը քանդման եզրին է: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գյուղացիները պնդել են՝ պոլիկլինիկայում սպասասրահ չկա, որտեղ հիվանդները կարող են սպասել: Իսկ եթե հիվանդներից մեկը ներսում է, ապա մյուսները դրսում պետք է հերթ կանգնեն. շենքային անմխիթար պայմանների պատճառով շենքի ներսում միաժամանակ մի քանիսը չեն կարող գտնվել: Բացի այս, այսպես կոչված` պոլիկլինիկայի շենքի մի քանի պատուհան ապակիներ չունի, պոլիէթիլենային ցելոֆանով է փակված: Հատակը հողային է. այնպես փափուկ է, որ կանգնողին թվում է, թե հայտնվելու է գետնի տակ: Պոլիկլինիկայի տնօրեն Թերեզա Տիգրանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Բառերով անհնար է նկարագրել»: Տնօրենն ասել է, թե Արմավիրի մարզպետարանում տեղյակ են խնդրին, Ջրառատի գյուղապետարանը միջոցներ է ձեռնարկում պոլիկլինիկայի նոր շենք կառուցելու ուղղությամբ, բայց այդպես էլ առարկայական քայլեր չեն ձեռնարկվել:

 

 

 

Փետրվարի 15-ին Երեւանի Դավթաշենի կամրջից նախնական տվյալներով` ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջ՝ Գայանե Հարությունյանի եւ նրա 9-ամյա դստեր մահվան հանգամանքները շարունակում են առեղծված մնալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախնական վարկածով` Գ. Հարությունյանը անձնական խնդիրներից դրդված` նախ իր դստերը Դավթաշենի կամուրջից ցած է նետել, որից հետո ինքն է նետվել՝ կատարելով ինքնասպանություն: Մինչ այդ, նկատենք, իրավապահները, մասնավորապես քննչական կոմիտեն, բազմիցս բարձրաձայնել են մայրաքաղաքի կամուրջները «ցանցապատելու» անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավոր լինի կանխել ինքնասպանությունները: Բայց արի ու տես, որ Երեւանի քաղաքապետարանը` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, այդպես էլ ընթացք չի տվել այդ խնդրին` արդարանալով, թե դա հնարավոր չէ: Ու մինչ քաղաքապետարանը պատճառաբանություններ է փնտրում՝ իր անգործությունը կամ անկարողությունն արդարացնելու համար, շարունակվում են կամրջից նետվելու միջոցով ինքնասպանությունները: Ի դեպ, դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ եւ ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից:

 

 

 

32 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՃԵՂՔՎԱԾՔ
Խորհրդրանական մեծամասնությունը երեկ մերժեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու, ըստ այդմ՝ ակցիզային հարկի դրույքաչափը նվազեցնելու մասին ընդդիմադիր խմբակցությունների նախագիծը: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստանում արձանագրված կտրուկ գնաճը պայմանավորված էր հենց հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելու հանգամանքով, երբ ակցիզային հարկի բարձրացմանը զուգահեռ` տնտեսվարողները ստիպված են եղել բարձրացնել ապրանքների գները:
Նախագծի քննարկումների ժամանակ իշխող ՀՀԿ-ականների բերած փաստարկներից ակնհայտ դարձավ մեկ բան. 2018թ. ողջ ֆինանսատնտեսական հաշվարկների հիմքում եղել է հենց հարկային օրենսգրքի հետեւանքով ստացվող լրացուցիչ եկամուտը, այլապես իրենք կձախողվեն այս տարի, չեն կարողանա ապահովել բյուջեի կատարողականը, դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Ավելի պարզ՝ իշխանություններն ակցիազային հարկը բարձրացրել են, որպեսզի հնարավորություն ունենան բյուջեում լրացուցիչ գումարներ հավաքագրել: Իսկ լրացուցիչ գումարները պետք են, որովհետեւ կառավարությունը երկրաչափական պրոգրեսիայով ավելացրել եւ ավելացնում է ՀՀ պետական պարտքը, ու հիմա բյուջեից պատկառելի գումար պետք է ուղղվի պարտքի սպասարկման համար, չհաշված մյուս ծրագրերը: ՀՀԿ-ականները երեկ պնդում էին՝ հարկային օրենսգիրքը փոփոխելու դեպքում այս տարվա բյուջեն կպակասի ավելի քան 32 միլիանդ դրամով, ինչը իրենք չեն կարող թույլ տալ: Համաձայնեք` բավական տխուր պատկեր է: Ստացվում է` որքան էլ իշխանությունները խոսում են տնտեսական աճի, առաջընթացի մասին, միեւնույն է` ստիպված են բյուջե ապահովել ոչ թե արդյունաբերության ընդլայնման, ոչ թե արտահանման ծավալների մեծացման հետեւանքով, այլ հարկերը բարձրացնելու միջոցով, ՀՀ քաղաքացիներիս գրպանի հաշվին: Այսինքն՝ այս կառավարությունը եւս չի փոխել աշխատանքի իր մեթոդաբանությունն ու գործում է նախկինների նման:
Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նաեւ վստահեցնում էր, թե նկատելի գնաճը սկսել է դեռ սեպտեմբերից, երբ հարկային օրենսգիրքն ուժի մեջ չէր մտել: Ու ստացվում է հետեւյալը՝ քանի որ մի շարք ապրանքատեսակներ թանկացել են ավելի վաղ, պատճառը հարկային օրենսգիրքը չի եղել, ուրեմն այն փոխելու իմաստ չկա: Ավելի ծիծաղելի, ավելի անեթեթ մեկնաբանություն, իհարկե, դժվար է պատկերացնել: Բայց հիմա իշխանությունները պատրաստ են ամեն քայլի, միայն թե չբացահայտվի իրենց անկարողությունը: Դրա համար էլ հրապարակ են նետում զանազան արդարացումներ:




Լրահոս