ՉԽՈՍԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել համակարգին օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Ի թիվս այլ հարցերի` քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրին առնչվող հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ծրագրի շրջանակներում ծառայություն իրականացնող կազմակերպությունների ընտրության առաջարկների ներկայացման հայտահրավերներին, ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության արդյունքներին եւ լրացուցիչ համաձայնագրերի նախագծերին հավանություն տալուն:

Հիշեցնենք, որ 1976 թվականին Մեծամորում կառուցված ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին բազմիցս է խոսվել: Եվ ատոմակայանի պահպանման համար մեկ անգամ չէ, որ Հայաստանն այլ պետություններից վարկ կամ դրամաշնորհ է ստացել: Մասնավորապես 2014 թվականին ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար Ռուսաստանի կառավարությունը 300 մլն դոլար տրամադրեց: Դրանից 270 միլիոնը տրամադրվեց որպես վարկ, 30 միլիոնը` որպես դրամաշնորհ: Այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավական ոգեւորված էր ձեռք բերած պայմանավորվածությամբ: 2016 թվականին Համաշխարհային բանկի կողմից 30 մլն դոլար վարկ տրամադրվեց ատոմակայանին ու Երեւանի ջերմաէլեկտրակայանին: Եվ սա դեռ վարկերի ամբողջ ծավալը չէ: Իսկ թե ուր են գնում այս հսկայական գումարները, այնքան էլ պարզ չէ: Համենայն դեպս, օտարերկյա պետություններից ստացված ե՛ւ վարկերի, ե՛ւ դրամաշնորհների մեծ մասը պարզապես փոշիացվում են ու հայտնվում պաշտոնյաների գրպանում: Այդ մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է, դեռ ավելին` նման բացահայտումներ կան պետական վերահսկողական կառույցների կողմից իրականացված ստուգումների արդյունքում:
Էներգետիկայի նախարարությունից ատոմակայանի վերաբերյալ մշտապես նշվում էր, թե քայլեր են արվում` դրա կյանքը երկարացնելու համար: Սակայն մյուս կողմից պարբերաբար խոսվում է ատոմակայանը փակելու մասին: Վերջին նման խոսակցությունը նախորդ տարվա հոկտեմբերին էր: Աղմուկ բարձրացավ, երբ պարզվեց` ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրում ատոմակայանը փակելու վերաբերյալ կետ է ներառված: Նախարարությունից շտապեցին պարզաբանել, որ Հայաստանի ատոմակայանը չի փակվի, քանի դեռ ռեսուրսները չեն սպառվել: Էներգետիկ ոլորտի փորձագետները նույնպես այն կարծիքին էին, որ Եվրամիությունը չի կարող մեր երկրին պարտավորեցնել փակել ատոմակայանը:
Նշենք, որ մեր երկրում տարեկան արտադրվող շուրջ 7,3 մլրդ Կվտ/ժամ էլեկտրաէներգիայից ՀԱԷԿ-ում է արտադրվում 2,3 մլրդ-ը։ Սա են փաստում պաշտոնական թվերը: Ռուսաստանից տրամադրված վարկի միջոցով նախատեսվում է ատոմակայանի կյանքը երկարաձգել մինչեւ 2027 թվականը: Թե որքանով դա կհաջողվի մեր պետությանը, դժվար է ասել: Սակայն այն, որ հստակ քայլեր են անհրաժեշտ, միանշանակ է: Այլապես ատոմակայանը պատուհաս կդառնա բնակչության համար:
Հ.Գ. Ատոմակայանի եւ էներգետիկ ոլորտին առնչվող այլ հարցերի կարգավորման համար կարեւոր է նաեւ նախարարի գործոնը: Սակայն եթե հաշվի առնենք, որ Աշոտ Մանուկյանը չափազանց պասիվ է իրեն դրսեւորում, լավատեսական ակնկալիքներ դժվար է ունենալ: Այս մարդը տարեսկզբին ցանկանում էր թողնել ոլորտը, հեռանալ նախարարի պաշտոնից: Մանուկյանն այդպես էլ որեւէ պարզաբանում չտվեց թե՛ հրաժարականի պատճառների եւ թե՛ Սերժ Սարգսյանին ներկայացրած հրաժարականից ետ կանգնելու որոշման վերաբերյալ: Նախարարը չափազանց աննկատ է գալիս-գնում կառավարության նիստերին: Նրան հնարավոր չէ տեսնել նիստի սրահից դուրս: Դժվար է մտաբերել դեպք, երբ Աշոտ Մանուկյանը որպես նախարար հարցազրույց է տվել կառավարությունում որեւէ լրատվամիջոցի, թեեւ ինքը ժամանակին լրագրող է եղել: Չխոսկան նախարարը նախընտրում է նիստերին մի քանի բառ արտաբերել, իսկ հետո աննկատ հեռանալ, ավելի ճիշտ` փախչել, որպեսզի հանկարծ որեւէ լրագրող իրեն չնկատի ու իր համար որեւէ անցանկալի հարց չհնչեցնի: Ինչեւէ, մեզ մնում է միայն եզրակացնել, որ Աշոտ Մանուկյանին համոզել են նախարարի պաշտոնում «ձգել» եւս երկու ամիս, որից հետո, ըստ երեւույթին, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնն այլ անձի կհանձնվի:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՉԵՆ ՄԻԱՆԱ
«Ծառուկյան» խմբակցությունը որոշել է չմիանալ ՀՀ նախագահի ընտրության կարգի սահմանադրականությունը պարզելու համար «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: ՍԴ-ին դիմելու համար անհրաժեշտ է 21 ստորագրություն, սակայն «Ելք»-ն ունի 9 մանդատ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իրենց որոշման մեջ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: «Մենք իրավաբանորեն խորհրդակցեցինք, քննարկեցինք եւ գտնում ենք, որ սահմանադրականության խնդիր կա, կա որոշակի տարընթերցման տեղիք տվող դրույթ, բայց դա իմ կարծիքով, որպես իրավաբան եմ ասում, բավարար չէ: Մենք քանի որ սովորություն չունենք անհեռանկարային հարցերին մասնակցել ընդամենը մասնակցելու համար, որոշեցինք ձեռնպահ մնալ», – նշեց նա: Մինչդեռ նույն խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց. «Մենք նպատակահարմար չենք համարում, որովհետեւ Սահմանադրությամբ դա լուծված է, կառաջանա վակուում: Այսինքն՝ իրենց ասածը որն է, որ նոր նախագահ ընտրվի, հետո նոր գնանք դրա՞ն: Իրավաբանական պրոբլեմ կառաջանա, ինչու է հիմա, որովհետեւ, եթե ապրիլից հետո գործող նախագահի լիազորությունները դադարում են, չենք կարող վակուում թողնել եւ նախագահ չունենալ», – նշեց նա:

 

 

ԺՈՂՈՎՐԴԻ ՃՆՇՄԱՄԲ
ԱԺ-ում մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ անցկացված խորհրդարանական լսումները որեւէ արդյունք չեն կարող տալ: Այս կարծիքին է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա շեշտեց, որ ելույթները ոչինչ չեն կարող փոխել: Հարցին` ի՞նչ պետք է արվի, որպեսզի գործի մեջ շարժ լինի, բացահայտումներ արվեն, Զուրաբյանն ասաց. «Շարժը կարող է լինել միայն ժողովրդի ճնշմամբ: Այլ կերպ պատմության մեջ դեպք չկա, որ իշխանությանը կարողանաս ինչ-որ բան պարտադրել, եթե չկա ժողովրդի ճնշումը: Դրա համար մենք կարեւորում ենք մարտի 1-ի երթը»: Զուրաբյանի կարծիքով` այդ օրը տասը մարդ է սպանվել, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, բայց ոչ ոք չի պատժվել: «Հիմա իշխանությունն ի՞նչ կարող է ասել սրա մասով: Որեւէ նոր բան կարո՞ղ է ասել: Փաստագրական առումով ՀԱԿ-ն ամեն ինչ բացահայտել է: Հիմա գլխավոր գործը մնում է ապացույցներին տեր կանգնելը»:

 

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից հետո կարծիքներ հնչեցին, որ «Երկիր Ծիրանի» անդամների մոտ եղած տարաների մեջ կոյուղաջրի փոխարեն վտանգավոր նյութ է եղել` «կիսլատա», ասում էին ՀՀԿ-ականները: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները փորձաքննության են ուղարկել նաեւ նիստի օրը այդ տարայից հատակին թափված կոյուղաջուրը` հասկանալու համար, թե ի՞նչ հեղուկ է եղել այն, եւ արդյո՞ք մարդկանց վրա թափվելու արդյունքում կարող էր վնասել: Դժվար չէ ենթադրել՝ ՀՀԿ-ականներին դառը հիասթափություն է սպասվում:

 

 

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՔՎԵԼ Է
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել է. «Որոշումը կայացվել է. իշխող կոալիցիան Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Մեխանիզմն այնպիսին է, որ նախագահի թեկնածու առաջադրում են կոալիցիայի անդամ երկու խմբակցությունների պատգամավորները, եւ հանդիպման ընթացքում կայացվեց այդ որոշումը»: Ա. Վարդանյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ նախագահի ՀՀԿ թեկնածուին առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքում են, շուրջ 60 ստորագրություն է հավաքվել. «Առաջադրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի ստորագրությունը, այսինքն` բավարարից երկու անգամ ավելի ստորագրություն հավաքվել է»: Ա. Վարդանյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե սահմանադրական փոփոխություններից հետո հանրապետության նախագահից ոչինչ կախված չէ. «Նման բաներ ասելը ոչ ճիշտ պատկերացման արդյունք է, քանի որ մեր նոր Սահմանադրությամբ հանրապետության նախագահը պետության գլուխն է, հանրապետության նախագահը կարող է ուղերձով դիմել ԱԺ-ին եւ իր գործառույթները ոչ միայն ֆորմալ կատարել»,-ասել է նա:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ` ՀԵՔԻԱԹԻ ՀԵՐՈՍ
Ըստ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵՄ մոտեցումները: Պատասխանելով Բրյուսելյան հռչակագրի Բաքվի մեկնաբանություններին վերաբերող հարցին` Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը նման է հեքիաթի հերոսին, որ վախից ամբողջ ուժով բղավում է: «Հակամարտության կարգավորման հարցում գոյություն ունի համանախագահող երկրների մոտեցումը: ԵՄ-ն այս մոտեցմանն աջակցություն է հայտնել, ինչի մասին բազմիցս հայտարարվել է, այդ թվում Բրյուսելի գագաթնաժողովում»,-նշել է նախարարը: Նա հիշեցրել է, որ տարածաշրջանային վերջին այցից հետո միջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որում կրկին ընդգծվում էին 3 հիմնական սկզբունքները:

 

 

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ
Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ս. Սարգսյանը արձանագրել է վերջին շրջանում Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններում զգալի առաջընթացը: Նա շեշտել է, որ այդ հարաբերությունների տեսանկյունից 2017թ. եւ 2018թ. սկիզբը կարեւոր ձեռքբերումների ժամանակաշրջան էր` նկատի առնելով, որ ընդամենը երկու օր առաջ Բրյուսելում ստորագրվեց եւս մեկ փաստաթուղթ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ: Ս. Սարգսյանը նշել է, որ հավանաբար մինչեւ ապրիլի վերջ Հայաստանը կվավերացնի համաձայնագիրը, որը հնարավորություն կտա սկսելու դրա ժամանակավոր կիրարկումը, մասնավորապես ոլորտային ուղղություններով մոտարկման գործընթացը, մինչեւ ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացի ամբողջականացումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համակարծիք է եղել հանրապետության նախագահի հետ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները լավ են զարգանում:




Լրահոս