ՄՇՏԱՊԵՍ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում թերեւս արտառոց դեպք տեղի ունեցավ: Իշխող ՀՀԿ-ն միաձայն կողմ քվեարկեց «2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների վերաբերյալ» օրենսդրական նախաձեռնությունն օրակարգ ընդգրկելու հարցին, որ ներկայացրել էր «Ելք» խմբակցությունը: Սա ուշագրավ է նաեւ այն առումով, որ ի սկզբանե այս նախաձեռնությունը գլխադասային` ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն էր ստացել: Եւ, ընդհանրապես, նախորդ խորհրդարանում էլ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունն էր հինգ տարի շարունակ փորձում այս հարցն ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել, հանձնաժողով ստեղծել եւ այլն, բայց իշխանությունները համառորեն մերժում էին՝ բերելով զանազան արդարացումներ: Ի վերջո, ո՞րն է պատճառը. այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, ինչո՞ւ իշխանությունները հանկարծ որոշեցին կողմ քվեարկել ընդդիմադիր «Ելք» խմբակցության ներկայացրած նախագծին:
-Խնդիրը հետեւյալումն է, որ անընդհատ մարդիկ այլ կողմերից են նայում խնդրին, դրա համար համաձայնեցինք ե՛ւ լսումներին, ե՛ւ նաեւ խորհրդարանում քննարկելուն:
-Առաջին անգամ չէ, որ այս հարցով նման նախաձեռնություններ են լինում: Նախկինում ՀԱԿ-ը եւս բազմիցս հանդես է եկել նման նախաձեռնություններով, սակայն իշխող ՀՀԿ-ն մշտապես մերժում էր: Ինչո՞ւ ընդունեցիք հենց «Ելք» խմբակցության դեպքում:
-Գիտեք, ժամանակաշրջանն այնպիսին է, որ պետք է կարողանաս ճիշտ ձեւով ներկայացնել ամեն ինչը: Երբ խնդիրը դրվում է աղմկոտ հասարակական պահանջով, եւ այդտեղ տարբեր խնդիրներ են առաջանում աղմկող կողմի համար, բնականաբար, այդ վերլուծություններն իրենց էական տեղը չեն ունենում: Դրա համար այս անգամ նաեւ ընդունեցինք: Դեպքերի տասը տարին կապ չունի, չեմ կարծում, թե այսպես սիստեմավորված է, թե երբ կարելի է նման խնդիրը դնել: Մենք էլ գիտակցում ենք, որ խնդիր կա, որը պետք է լուծվի: Յուրաքանչյուրս տարբեր ձեւով ենք բնութագրում դա: Ըստ էության, կարծում եմ, որ բացահայտման համար անհրաժեշտ են այնպիսի իրավական գործիքներ, որն այսօր Հայաստանը չունի:
-Օրինա՞կ` ի՞նչ իրավական գործիքների մասին է խոսքը:
-Օրինակ` տարբեր տիպի գործիքներ կան աշխարհում, որոնք կարողանում են ե՛ւ հարցաքննություններն ուսումնասիրել, ե՛ւ դեպքերի հաջորդականությունը վեր հանել, ե՛ւ կարողանում են եզրահանգումներ կատարել: Այն բոլոր եզրահանգումները, որ կատարվել են, դրանք բոլորը ճշմարտություններ են, եւ Ազգային ժողովը ներկայացրել է: Այսօր խնդիրը հետեւյալն է` ովքեր են մեղավոր դրանում: Ես, օրինակ, ժամանակին երբ խոսացնում էին, ասում էի հետեւյալը. ընդդիմությունը կազմակերպել է նման հավաք, եւ եթե 10 մարդիկ զոհվել են, գոնե դրանցից 1-2-ին տեսած կլինեն, ինչու չեն ընդդիմության հետ քննարկում, թե ովքեր են եղել: Եթե ինձ եք հարցնում, ես այդ ժամանակ նախ սկզբում քաղաքում չեմ եղել, հետո էլ այդտեղ չեմ եղել, որ իմանամ` ովքեր են: Ովքեր եղել են այնտեղ, նրանց պետք է հարցնեն:
-Օրեր առաջ խորհրդարանում լսումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանն այդ դեպքերի առումով մեղադրանքներ էր հնչեցրել ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների ուղղությամբ: Համակարծի՞ք եք:
-Իհարկե, դա չեմ լսել: Ես չեմ կարծում, որ գործող նախագահին կամ մյուսներին պետք է մեղադրել: Այդտեղ խնդիրը հետեւյալն է, որ միտինգը կազմակերպել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ մինչ միտինգի վերջանալը, դրա ամբողջ գործողությունների համար պատասխանատու է նաեւ կազմակերպիչը:
-Իսկ Ռոբերտ Քոչարյա՞նը:
-Ռոբերտ Քոչարյանը միտինգը չի կազմակերպել, ընդամենը խնդիրը լուծվել է այնպես, որպեսզի այլ քաղաքացիական պատերազմներ կամ այլ դրսեւորումներ չունենան: Ու սովորաբար, երբ խոսքը գնում է ընդդիմությանը, անպայման խոսքը գնում է դեպի նախագահներին, որ երեւի իրենք, եթե ուզենային, այդպես չէր լինի: Ես չեմ կարծում` դա այդպես է, որովհետեւ ցանկացած նախագահ ունի իր գործողությունների ամբողջական ընթացքը Սահմանադրությունով եւ դրանից առավել որեւէ այլ բան չի կարող անել:
-Ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, թե մարտի 1-ն ամբողջապես կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո:
-Ճիշտն ասած` կարելի է ոչ թե մտածել` իշխանափոխություն լինի: Ինչու եմ դա ասում, քանի որ ինչ նորանկախ Հայաստանը ստեղծվել է, անընդհատ ընդդիմությունն ուզում է` իշխանափոխություն լինի: Իշխանափոխության համար պետք է ունենանք ընդդիմություն, որն աշխատում է ժողովրդի հետ եւ ոչ թե անընդհատ իշխանությունների դեմ որեւէ գործողություններ է կատարում: Այսինքն` պետք է ունենանք ընդդիմություն, որն աշխատում է ժողովրդի հետ, իր տեսակետները ներկայացնում է ժողովրդին, եւ նրանք էլ ընտրության ժամանակ ձայնը նրանց են տալիս:

 

 

 

ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ «ԵԼՔ»-ՈՒՄ ԽԱՂԱՂ ՉԵՆ

Որքան էլ «Ելք» դաշինքի անդամները հերքեն իրենց ներսում առկա տարաձայնությունների փաստը, ակնհայտ է, որ գոնե Սերժ Սարգսյանի դեմ պայքարի հարցում նրանց դիրքորոշումները տարբերվում են: Նախ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, համացանցում Ազատության հրապարակի լուսանկարը հրապարակելով, գրել էր, թե ընտանիքի անդամների հետ խորհրդակցելուց հետո կրկին որոշել է վերադառնալ Ազատության հրապարակ:

Բանն այն է, որ Ազատության հրապարակ վերադառնալու հարցում խմբակցության անդամներն այնքան էլ միակարծիք չեն: Չնայած դաշինքում ընդգրկված երեք կուսակցությունների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը համակարծիք են, որ պետք է պայքարել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ, սակայն համակարծիք չեն պայքարի ձեւերի հարցում:
«Միայն Նիկոլ Փաշինյանը չէ, ես էլ եմ այդ մասին բարձրաձայնել, Էդմոն Մարուքյանն էլ, որ Սերժ Սարգսյանի` երրորդ անգամ պաշտոնավարելն անընդունելի է: Ինչ վերաբերում է մյուս բոլոր գործընթացներին, մենք բոլորս այն կարծիքին ենք, որ Հայաստանի հանրությունը չի ուզում, որ Սերժ Սարգսյանը կրկին երրորդ ժամկետ պաշտոնավարի, պետք է հնարավորություն ունենա դա բարձրաձայնել: Եթե նա այդպիսի ցանկություն ունենա, մենք մեր պատվի հարցը կհամարենք առաջնորդելու նման շարժումը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Ընդ որում, Արամ Սարգսյանը ընդգծեց, թե պայքարի տակտիկան քննարկման փուլում է` չբացառելով Ազատության հրապարակ վերադառնալը:
Մինչ Արամ Սարգսյանը փորձում է հերքել դաշինքում առկա տարաձայնությունների փաստը, նույն խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ դաշինքում բանավեճեր առկա են: «Բնականաբար տարբեր կարծիքներ կան նշված հարցի շուրջ, եւ հիմնական մտահոգություն, քննարկումն այն մասին է, թե ինչ անել, որ դաշինքն ունենա արդյունավետ պայքարի միջոց», – նշեց նա: Մարուքյանը ընդգծեց, թե Սերժ Սարգսյանի` երրորդ ժամկետի անընդունելիության հարցում կա կոնսենսուս, պայքարի ձեւերի հարցում կա տարաձայնություն:
Ընդգծենք, որ իշխանության ներկայացուցիչները «Ելք» դաշինքի հնարավոր պայքարը կեղծ օրակարգ է համարում: Մասնավորապես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, թե ապրիլի 2-ի ընտրությունները Նիկոլ Փաշինյանի «Ելք»-ը չի վիճարկել, հետեւաբար պայքար սկսելը կեղծ օրակարգ է: Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այս մեղադրանքներին` Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Ես չեմ պատրաստվում Էդուարդ Շարմազանովի հարցազրույցները մեկնաբանել, «Ելք»-ը ցանկացած հարցի դեմ կարող է պայքարել: Հետեւաբար Շարմազանովը պետք է իշխանության դիրքերից խոսի եւ ասի այնպիսի բաներ, որ մենք սկսենք արդարանալ: Շարմազանովը փողով ձեւավորված իշխանության ներկայացուցիչ է»:
Այն, որ «Ելք» դաշինքում տարաձայնություններ են առկա, խոսվում էր խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, չնայած ուժերը փորձում են մշտապես հերքել դրանք: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պայքարի ավելի կոշտ մեթոդների կողմնակից է, ինչը չի ողջունվում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների կողմից:

Նյութերը` ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԱԼԹՈՒՆՅԱՆԻՑ ԴԺԳՈՀ
Իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ կրակն են ընկել ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի որոշումների պատճառով: Արգելված վայրերում ծխելու համար նախատեսված մեծ չափի տուգանքների թեման մի կերպ «սղացնելուց» հետո այժմ ՀՀԿ-անները չգիտեն` ինչպես պաշտպանել Ալթունյանի հերթական նորամուծությունը, որով այսուհետ դեղատներից մեծ թվով դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ականների վրդովմունքն այնքան մեծ է, որ նրանք դա չեն թաքցնում անգամ հարցազրույցների ժամանակ` դեմ արտահայտվելով այդ որոշմանը, իսկ նախկինում մշտապես փորձել են մեղմացնել իրենց թիմակցի սխալները: «Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ մասնավոր զրույցներում նրանք էլ ավելի դաժան են` դժգոհելով, որ Լեւոն Ալթունյանն իր աշխատասենյակում նստած որոշումներ է ընդունում, իսկ հետո իրենք ստիպված են մեկնաբանել դա:

 

 

ԻՆՉՈ՞Վ ԷՐ ԶԲԱՂՎԱԾ
Երեկ, մինչ ԱԺ-ում ՍԴ նախագահ, բարձրագույն դատական խորհրդի թեկնածու Գագիկ Հարությունյանը պատասխանում էր պատգամավորների հարցին՝ արդյո՞ք Հայաստանում քաղբանտարկյալներ կան, մինչ օրս ընտրությունները կեղծվե՞լ են, թե՞ ոչ եւ այսպես շարունակ, ԱԺ պատգամավորներից ոմանք իրենց սեփական զբաղմունք էին գտել` կայքերում մոնիթորինգ անցկացնելով: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը լրատվական կայքերն էր ուսումասիրում` ամենայն հավանականությամբ փորձելով գտնել, թե որ լրատվամիջոցն է իր մասին նյութ հրապարակել: Հետաքրքիր է` ինչից է վախենում պատգամավորը, որ ԱԺ դահլիճում կարեւոր քննարկումները թողած` զբաղված էր ինտերնետը քչփորելով:

 

 

«ԵԼՔ»-Ը ՉԻ ԶԱՐՄԱՑԵԼ
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին չի զարմացրել ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում կոալիցիայի թեկնածու Արմեն Սարգսյանին պաշտպանելու որոշումը: «Ինձ համար տարօրինակ չէ, որովհետեւ այն պահից սկսած, որ իրենք չմիացան Զեյնալյանի թեկնածությունը պաշտպանելուն, երբ ասացին` թեկնածու էլ չունեն, իմ մոտ ձեւավորվեց այն զգացումը, որ նրանք միանալու են ՀՀԿ-ի թեկնածուին», – «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Դիտարկմանը` ինչպես եք պատկերացնում իրենց հետ համագործակցությունն այն բանից հետո, երբ «Ծառուկյան» խմբակցությունը գրեթե միշտ չի պաշտպանում իրենց, Մարուքյանը նշեց. «Նրանք նաեւ Արա Բաբլոյանին են քվեարկել որպես ԱԺ նախագահ, համագործակցությունն անհատական է, այսինքն` կոնկրետ գործողության համար առաջարկ ենք արել, ուզեցել են, համագործակցել են, չեն ուզեցել, չեն համագործակցել»:




Լրահոս