Սերժ Սարգսյանն ուզում է վայելել բացարձակ իշխանություն, բերել է մարդ, ով չունի ո՛չ թիմ, ո՛չ հենարան. Լևոն Զուրաբյանը` Արմեն Սարգսյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի դեպքերի եւ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ:

-Պարո՛ն Զուրաբյան, եթե խորհրդարանը որոշի մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի ընտանիքներին փոխհատուցում տալ, ու դրանով հարցը փակվի, ուրեմն սրանով ամեն ինչ ավարտվելո՞ւ է:

-Ես գիտեմ, որ նման բան չի կարող լինել` առանց հեղինակների համաձայնության: Եթե հանկարծ նրանք իշխանության հետ գնան գործարքի, դա մեզ համար անհանդուրժելի մի բան կլինի:

-Այդ դեպքում պայքարի որեւէ լծակ չի՞ կարող լինել:

-Պայքարի ամենակարեւոր լծակը ժողովրդի ներկայությունն է Ազատության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում: Մենք դա ապահովում ենք եւ համարում, որ հիմա սա է ամենակարեւորը` ժողովրդի ճնշումը:

-Ժամանակին Արմեն Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածուն էր վարչապետի պաշտոնում, իսկ հիմա Սերժ Սարգսյանի թեկնածուն է` արդեն նախագահի պաշտոնում: Հանդիպման ժամանակ Կոնգրեսը չկարողացա՞վ համոզել Ա. Սարգսյանին, որ նա ետ կանգնի նախագահի պաշտոնից:

-Մենք նման նպատակ չենք դրել մեր առջեւ: Բոլորը մեծ մարդիկ են, մեծացած. ի՞նչ է նշանակում համոզել, որ ետ կանգնի: Մենք Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ընդամենն իր խնդրանքով մեր տեսակետներն ենք հայտնել: Ինչ վերաբերում է այդ համեմատությանը` Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածուն էր, հիմա Սերժ Սարգսյանի թեկնածուն է: Չի կարելի նման համեմատություն անել: Սրանք տեղի են ունենում արմատապես տարբեր քաղաքական կոնտեքստներում: 1996 թվին Հայաստանում չկար դիկտատուրա, չկար արատավոր քաղաքական համակարգ, իսկ 2018 թվին կա, հաստատված է դաժան, արատավոր քաղաքական համակարգ, որում ասելիք ու անելիք ունի միայն բռնապետը: Մնացածն ընդամենն աջակցելու են իրեն իր գործում:

-Այս պարագայում կարո՞ղ էր լինել նախագահի մի թեկնածու, որը գոնե որոշ չափով կկարողանար ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացներում:

-Եթե Հիսուս Քրիստոսն իջներ, համաձայներ… բայց, կներեք… Ով ուզում է` լինի: Սա Սերժ Սարգսյանի համակարգն է: Մի պարադոքսալ բան ասեմ. որեւէ հանրապետական դնեին այդ պաշտոնին` Գալուստ Սահակյանին, Շարմազանովին, Աշոտյանին, ավելի մեծ հավանականություն կար, որ ինքը ինչ-որ բան կկարողանար անել, որովհետեւ գոնե ինչ-որ քաղաքական հենարան կունենար, թիմ կունենար, Հովիկ Աբրահամյանն էլ թեկուզ լիներ, նա էլ ունի իր թիմը: Այդ շարքում նա, ի դեպ, կարող էր ամենաուժեղը լինել: Բայց այս մարդը բացարձակ կապ չունի քաղաքական վերնախավում: Ու հենց այդ նպատակով էլ բերվել է, այդ նպատակով էլ ընտրվել է Արմեն Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ուզում է վայելել բացարձակ իշխանություն: Ինքը բերել է մարդ, ով չունի ո՛չ թիմ, ո՛չ հենարան:

Այս պայմաններում, երբ գրեթե ամեն ինչ կենտրոնանալու է վարչապետի շուրջ, նա լինելու է, ըստ էության, մի պաշտոնյա, ինչպիսին Անգլիայի թագուհին է, ինչպես հաճախ ասում են…

-Շատ ավելի պակաս լիազորություններով, քան թագուհին է… Ճգնաժամային իրավիճակներում նախագահը որեւէ լծակ չունի:

-Հիմա որեւէ ճանապարհ կա՞, որով կարելի է ազդել միահեծան իշխանության վրա:

-Որեւէ երկիր արմատապես փոխելու, զարգացնելու երկու ճանապարհ կա. մեկը լուսավոր բռնապետի ճանապարհն է, որն ունի տեսլական եւ երկիրը տանում է ճիշտ ուղղությամբ: Բայց, ցավոք, բռնապետերի 99 տոկոսը լուսավոր բռնապետեր չեն: Մյուսը հեղափոխությունն է, բայց ես նախընտրում եմ թավշյա հեղափոխության մասին խոսել, այսինքն` անարյուն: Այդպես եղավ 1988-91 թթ. շարժման ժամանակ, կամ, ասենք, Արեւելյան Եվրոպայում, որտեղ բոլոր հեղափոխությունները` բացի ռումինականից, եղան անարյուն: Հիմա, ցավոք, ի դեմս Սերժ Սարգսյանի` մենք լուսավոր բռնապետ չունենք: Հակառակը` իր նախագահության օրոք մենք տեսել ենք այն ամբողջ հետընթացը, որ կա Հայաստանում: Հիմա մնում է երկրորդ ճանապարհը` համաժողովրդական շարժմամբ սրբել այս արատավոր համակարգը: Դա էլ մենք փորձեցինք 2008 թվականին, ու շատ երկար` 10 տարի տեւեց: Հիմա այս մի ցիկլում պարտվել ենք: Ոչինչ: Բայց միեւնույն է` ճանապարհը դա է մնում, ու մի օր նորից սկսվելու է:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս