Սևակ Խանաղյանի երգը մրցակցային չէ, այն նման է Արամ MP3-ի երգին. «Քելե, քելե»-ի հեղինակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս տարի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղյանի «Քամի» երգը մրցակցային չէ, բացի այդ՝ այն շատ եմ նմանեցնում Արամ MP3-ի «Not alone» երգին: Առհասարակ, երբ հետադարձ հայացք եմ նետում, տեսնում եմ, որ մեր տղա մասնակիցներից շատերը մրցույթին ներկայացել են պալատական երգերով, այնինչ` ավելի հետաքրքիր կլիներ ռիսկի դիմել՝ թեկուզ գործիքավորման առումով: Երգի ընտրության հարցում մենք գրեթե միշտ սխալվում ենք»-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգահան, գործիքավորող ԴերՀովան, ով «Քելե, քելե» երգի երաժշտության հեղինակն է: Հիշեցնենք` «Քելե, քելե» երգով Սիրուշոն Հայաստանը 2008-ին ներկայացրեց «Եվրատեսիլ»-ում եւ զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը:

ԴերՀովան պարզաբանեց, որ ռիսկային քայլ ասելով՝ նկատի չունի, որ հարկավոր էր, օրինակ, Կամիլ շոուին ուղարկել «Եվրատեսիլ». «Հայերիս կարող է թվալ, որ Կամիլ շոուն Եվրոպայում կաշխատեր, բայց ինձ այդպես չի թվում: Նա կարծես ծաղրում էր մրցույթը, չեմ ասում՝ մեզ խայտառակում էր, պարզապես ծաղրում էր, բայց մենք բավական լուրջ ենք մոտենում «Եվրատեսիլ»-ին»-մեկնաբանեց ԴերՀովան:
Նրա խոսքով՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի եզրափակչում հայտնված երգերից ոչ մեկն իրեն չի հետաքրքրել. «Կուզեի, օրինակ, «Գաթա բենդ»-ը գնար «Եվրատեսիլ», բայց ոչ այն երգով, որ ներկայացրել էր: Եզրափակիչ անցած երգիչներից ինձ համար ամենաուժեղը Մհերն էր, բայց նա էլ ներկայացրեց ոչինչ չասող, հնացած մի երգ, Սեւակը եւս հոյակապ երգիչ է, բայց երգն անհաջող է»:

Ամեն դեպքում, «Դեպի Եվրատեսիլ»-ի ֆորմատը շատ է դուր եկել ԴերՀովային, նա գովելի է համարում այն փաստը, որ մրցույթին երգիչները կարող են ներկայանալ հեղինակային գործերով. «Մրցույթի մասնակիցներից շատ հավանեցի «Նեմրա» եւ «Ալտերնատիվ» խմբերին, ի դեպ՝ վերջինիս՝ ավելի շատ: Ուրախ եմ, որ ռոքն այսքան ակտիվորեն ներկայացվում է մրցույթում»,-ասաց գործիքավորողը:
Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչ անցած 10 մասնակիցներն էին՝ Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, «Նեմրա»-ն, Կամիլը, Սեւակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը։
«Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչները կկայանան մայիսի 8-ին եւ 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։

Աննա Բաբաջանյան




Լրահոս