Իշխանաձորում ընթացքի մեջ են 50 նոր առանձնատների շինարարական աշխատանքները. համայնքի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում Արցախի կառավարության և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ են 50 նոր առանձնատների շինարարական աշխատանքները:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իշխանաձորի համայնքի ղեկավար Արսեն Թելունցն՝ ավելացնելով, որ ըստ նախագծի, մինչև տարեվերջ բնակարանները շահագործման կհանձնվեն:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ 2016-2017 թթ.-ին գյուղում ԱՀ կառավարության օժանդակությամբ և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվել էր 1 ութբնակարանոց շենք, 22 բնակելի առանձնատուն:

«Քաշաթաղի շրջանի հարավային թևում՝ Հակարի և Որոտան գետերի ներքին ավազանում, Իշխանաձորը կատարում է կենտրոնի դեր: Գտնվելով Բերձոր-Կովսական, Գորիս-Հադրութ ճանապարհների խաչմերուկում՝ գյուղն ունի ռազմավարական նշանակություն, և բնակավայրի զարգացումը հատուկ կարևորվում է իշխանությունների կողմից: «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը և «Հայրենասեր» հասարակական կազմակերպությունը նույնպես նպաստել են բնակարանաշինությանը, դպրոցաշինությանը, և այլ ծրագրերի իրականացմանը»,- նշել է Ա. Թելունցն՝ ավելացնելով, որ անցած տարվա ընթացքում գյուղում հիմնանորոգվել է դպրոցի եռահարկ շենքը. ներկայումս ուսումնական հաստատությունն ունի 105 աշակերտ: Իշխանաձորում մանկապարտեզ ունենալու խնդիր սակայն կա:

Անդրադառնալով 2018 թվականին իրականացվելիք այլ ծրագրերի՝ Ա. Թելունցն ասել է, որ գյուղի տարածքում հիմնվելու է 10 հա նոր այգի՝ բերքատու ծառերով, և եղեգներից ազատվելու է 30 հա հողատարածք՝ բանջարաբոստանային տարբեր մշակաբույսեր արտադրելու համար: Արտադրված միրգն ու բանջարեղենը, նախնական պայմանավորվածության համաձայն, հիմնականում իրացվելու է «ԱրցախՖրուտ» պահածոների գործարանի կողմից:

«Գյուղում կառուցվում են նաև խոզաբուծական և հավաբուծական ֆերմաներ, որոնց շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Վերջինս ունենալու է ինկուբատորային մաս: Այս ամենն ապահովում են աշխատատեղեր, շահույթ բերում համայնքին: Հակարի գետի վրա նաև կամուրջ է կառուցվում՝ երկու թաղամասերն իրար կապելու համար»,- մասնավորապես նշել է համայնքի ղեկավարը:




Լրահոս