Ով տեղից վեր է կենում՝ ազգագրական երգ է երգում. Ռուբեն Սասունցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգագրական, հայրենասիրական երգերի կատարող Ռուբեն Սասունցին պատրաստվում է առաջիկայում երկրպագուների դատին հանձնել երկու նոր երգ. մեկի հեղինակն Աղասի Իսպիրյանն է, մյուսինը՝ արմատներով սասունցի երիտասարդ երգահան Խաչիկ Արենցը. «Խաչիկն Ապրիլյան պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին մի շարք երգեր է նվիրել, այդպիսի մի երգ էլ ինձ համար է գրում: Ասեմ, որ առաջիկայում կունենամ նաեւ տեսահոլովակ: Երկար ժամանակ է՝ զբաղվածության պատճառով տեսահոլովակ չեմ ունեցել»,-«Ժողովուրդ» օրաթերթին պատմեց Ռուբենը:

Նա տեղեկացրեց, որ նոր է վերադարձել Ստավրոպոլից, ուր Աղասի Իսպիրյանի եւ Գոհար Հովհաննիսյանի հետ մեկնել էր համերգային ծրագրով:

«Մայիս ամսին էլ ես եւ Գոհարն ունենք մեծ շրջագայություն Բոստոնում, այնուհետեւ երգչուհի Գաբի Գալոյանի հետ հանդես ենք գալու Կանադայի Մոնրեալ քաղաքում, ես, Աղասին եւ Գոհարը համերգներ ունենք նաեւ Հոլանդիայում եւ Բելգիայում, ապրիլին ունեմ մենահամերգներ Ռուսաստանում: Այնպես որ, առաջիկա ամիսներին գրաֆիկս թեժ է լինելու»,-մանրամասնեց երգիչը:

Հարցին, թե ինչու Հայաստանում էլ Ռուբենը եւ իր ընկերները մեծ համերգներ չեն ունենում եւ, ասենք, լցնում Մարզահամերգային համալիրը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք, իհարկե, կարող ենք ազգագրական, հայրենասիրական երգերով լցնել համալիրը, համերգի տոմսերը հաստատ կվաճառվեն, պարզապես համերգը մեծ ծախսերի հետ է կապված, իսկ մենք ներդրումներ անելու հնարավորություն չունենք, հովանավոր է պետք: Վերջին համերգը Հայաստանում ունեցել ենք 5-6 տարի առաջ»:

Ռուբենի խոսքով՝ Հայաստանում, հատկապես երիտասարդների կողմից, մեծացել է հետաքրքրությունը ազգագրական, հայրենասիրական երգերի նկատմամբ. «Ուղղակի հիմա մոդայիկ է դարձել այդ ամենը, ով տեղից վեր է կենում, ազգագրական երգ է երգում, հաճախ՝ ոչ պրոֆեսիոնալ, շինծու ձեւով: Բայց հանդիսատեսը տարբերում է նման կատարումները որակյալներից»,-շեշտեց նա:

Մենք հետաքրքրվեցինք՝ Ռուբենը շոու-բիզնեսում մտերիմ կոլեգաներից բացի՝ ունի՞ արդյոք ընկերներ. «Այո՛, Գոհարն ու Աղասին նախ իմ ընկերներն են, հետո նոր՝ կոլեգաները: 12 տարի է՝ մենք միասին աշխատում ենք այս դաշտում եւ ընկերություն ենք անում, հավատացեք՝ ոչ բոլորին է դա հաջողվում»,-եզրափակեց երգիչը:

Անի Անտոնյան




Լրահոս