ՖՈՏՈ. Ով է Միհրան Պողոսյանի հովանավորյալ Տավրոս Գևորգյանի մայրը և ինչ պաշտոն է զբաղեցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում էր Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն համայնքները, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Տավրոս Գևորգյանի մայրը՝  Թամարա Ալոյանը, կարկառուն կոմունիստ է. Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ է, եղել է ԽՄԿԿ անդամ, աշխատել է որպես ՀԿԿ Ապարանի շրջկոմի առաջին քարտուղար, ընտրվել Ապարանի շրջխորհրդի պատգամավոր:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Թամարա Ալոյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսումնական բաժնի ավագ մասնագետն է: Ավելին, նա զբաղեցնում է նաև բուհի հատուկ փաստաթղթերի բաժնի պետի պաշտոնը:

Ինչպես հայտնի է՝ Տավրոս Գևորգյանը համարվում է 8 000-ից ավել ձայն ստացած ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի մտերիմն ու հովանավորյալը, ով նախընտրական շրջանում տարբեր աղմկահարույց պատմությունների կիզակետում էր հայտնվել:

Հիշեցնենք՝ թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Արման Սահակյանի և Տավրոս Գևորգյանի միջև բախում էր եղել: Այդ ժամանակ լուրեր տարածվեցին, թե Միհրան Պողոսյանը ներքաշվել է նաև այդ հակամարտության մեջ:

Նշենք, որ Տավրոս Գևորգյանը մինչ առաջադրվելը զբաղեցնում էր ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի պաշտոնը և կոչումով արդարադատության մայոր է:

Ավելի վաղ ներկայացրել էին՝ 37-ամյա Տավրոս Գևորգյանի ներկայացրած հայտարարագիրը, որը շատ տարօրինակ էր: Բանն այն է, որ ըստ իր ներկայացրած հայտարարագրի մի մասի՝ ինքը չի աշխատում: Իսկ մյուս մասում թեկնածուն որպես եկամուտ ներկայացրել է իր աշխատավարձը, որը ստացել է ԴԱՀԿ ծառայությունից՝ 5 մլն 480 հազար 687 դրամի չափով: Չնայած այս ամենին՝ հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: Իր համեստ աշխատավարձով նա կուտակել է 50 մլն դրամ, 130 հազար դոլար եւ 80 հազար եվրո, մեկ բնակարան, երեք հողամաս՝ Աջափնյակ վարչական շրջանում եւ մեկ ավտոմեքենա՝ «Mercedes Benz S 500 L» մակնիշի:




Լրահոս