Երևանում ընտրողը հարսանիքից առաջ եկել էր քվեարկության

Երևանում ընտրողը հարսի շորով եկել էր քվեարկության հարսանիքից առաջ: ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը տեղակայված թիվ 8026 ընտրական տեղամասում նրա մուտքը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: «Շատ կարևոր օր է Ռուսաստանի համար: Ես պսակադրվելուց առաջ եմ եկել ընտրության, հայրիկիս հետ գնում ենք եկեղեցի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներին պատմեց հարսնացուն՝ Արուսյակ Օլքինյանը: Հայաստանի երկու քաղաքներում՝ Երևանում և Գյումրիում բացվել են ընտրատեղամասեր, որտեղ ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները կատարում են իրենց քաղաքացիական պարտքը: Մասնակցությունը շատ ակտիվ է: Ժամը 13:00-ի սահմաններում քվեարկությանը միայն ՌԴ դեսպանատանը տեղակայված տեղամասում մասնակցել էր ավելի քան 1600 մարդ (համեմատության համար՝ ՌԴ Պետդումայի ընտրություններում այդ տեղամասում ամբողջ օրը մասնակցել է 1100 մարդ):

Ընտրության են գալիս ինչպես ՀՀ-ում բնակվող ռուսներ, այդ թվում` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, զինծառայողներ, այնպես էլ ռուս զբոսաշրջիկներ, որոնց այցը Հայաստան համընկել է քվեարկության օրվա հետ: Քվեարկության մասնակիցների թվում նաև ՌԴ քաղաքացի հայեր են, ովքեր անգամ հեռու բնակավայրերից` Սյունիքի, Վայոց ձորի մարզերից գալիս են` օգտագործելու ձայնի իրենց իրավունքը: Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցելու համար ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 8 թեկնածու` ՌԴ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Պավել Գրուդինը (Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Սերգեյ Բաբուրինը (Ռուսական համազգային միություն), Մաքսիմ Սուրայկինը (Ռուսաստանի կոմունիստներ), Գրիգորի Յավլինսկին («Յաբլոկո» կուսակցություն), Քսենիա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցություն) և Բորիս Տիտովը (Աճի կուսակցություն)