ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԸՆՏՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի ընտրությունից դեռ ուշքի չեկած` առջեւում պատգամավորներին վիճակված է ընտրել ՀՀ վարչապետին: Ինչպես հայտնի է՝ վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին, իսկ առաջադրումներն էլ տեղի կունենան ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում:

Բայց վարչապետի ընտրությունն իր բնույթով տարբերվելու է նախագահի ընտրության կարգից: Առաջին հերթին վարչապետի թեկնածուին պետք է ներկայացնեն ոչ թե որեւէ համամասնությամբ, ինչպես, օրինակ, եղավ նախագահի դեպքում (հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը), այլ խորհրդարանական ցանկացած խմբակցության կողմից: Եվ եթե նախագահի ընտրության դեպքում այն տեղի ունեցավ փակ, գաղտնի քվեարկությամբ, ապա վարչապետի պարագայում այդպես չի լինելու. քվեարկությունն անվանական է կատարվելու, այսինքն՝ բաց: Սակայն սա նախագահի եւ վարչապետի ընտրությունների միակ տարբերությունը չէ: Եթե Արմեն Սարգսյանին խորհրդարանում ընտրեցին ձայների 3/5-ով, եւ իշխող ՀՀԿ-ին անհրաժեշտ եղան նաեւ իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի, նաեւ «Ծառուկյան» խմբակցության ձայները, ապա վարչապետի ընտրության պարագայում ամեն ինչ շատ ավելի պարզ է լինելու:
Ըստ Սահմանադրության` վարչապետը ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդարանում պատգամավորների թիվը 105-ն է, ձայների մեծամասնությունն էլ կազմում է 53 (հաշվարկը կատարվում է պատգամավորների ընդհանուր թվի, այլ ոչ թե նիստին ներկաների քանակով): Հանրապետական խմբակցությունում պատգամավորների թիվը 58-ն է. բնականաբար հաշվի առնելով հարցի կարեւորությունն ու վարչապետի ամենահավանական թեկնածու Սերժ Սարգսյանի աչքին հերթական անգամ բարձրանալու ձգտումը` բնական է, որ այդ օրը ՀՀԿ-ում բացականեր չեն լինի, անգամ չի բացառվում, որ ականատես լինենք մի իրողության, երբ խորհրդարանական առնվազն երեք խմբակցությունները` ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները, մեկ մարդու նման այդ օրը կազմ-պատրաստ ներկայանան խորհրդարան: Եթե նույնիսկ լինեն բացակայություններ /բնականաբար` հարգելի/, ապա ԱԺ կանոնակարգ-օրենքի նորամուծության շնորհիվ` պատգամավորներն իրենց քվեարկությունը կարող են արտահայտել նաեւ գրության միջոցով, եւ խմբակցությունն իրավասու է նրա փոխարեն քվեարկել:
Ստացվում է՝ ՀՀԿ-ին վարչապետ ընտրելու հարցում պետք չէ անգամ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի 7 պատգամավորից բաղկացած խմբակցության ձայները: Իսկ «Ծառուկյան» խմբակցության ձայների կարեւորության մասին խոսելն առավել եւս անիմաստ է:
Սակայն բնական է, որ ՀՀԿ-ն չի ցանկանա Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնել միայն իր ձայների շնորհիվ, որպեսզի ապացուցի, որ Սերժ Սարգսյանն «անփոխարինելի», «համազգային» վարչապետ է նաեւ ուրիշների համար: Եվ եթե փակ քվարկության ժամանակ պատգամավորների մեջ կլինեին այնպիսիները, ովքեր կփորձեին շրջանցել ընդհանուր որոշումը, ինչպես եղավ Արմեն Սարգսյանի դեպքում, ապա վարչապետի քվեարկության ժամանակ դա իսպառ կբացառվի: Այս առումով հետաքրքիր իրավիճակում է հայտնվելու «Ծառուկյան» խմբակցությունը. ինչպես պետք է համընդհանուր որոշման դեպքում ընդդիմադիր խմբակցության անդամները քվեարկեն կողմ Սերժ Սարգսյանին: Չնայած դժվար չէ ենթադրել, որ նրանք, այնուամենայնիվ, կգտնեն հիմնավորումներ` Ս. Սարգսյանին կողմ քվեարկելու համար:
Իսկ ինչ հնարավոր սցենարներ են առկա Սահմանադրությամբ, եթե ինչ-ինչ պատճառներով վարչապետ չընտրվի: Սահմանադրությամբ ամրագրված է, որ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Իսկ Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին: Բայց պարզ է, որ այս տարբերակը գոնե Սերժ Սարգսյանի թեկնածության դեպքում կբացառվի:
Ինչ վերաբերում է ընտրությունից հետո վարչապետի գործունեությանը, նկատենք` Սահմանադրության համաձայն` կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Հետաքրքիրն այն է, որ հանրապետության նախագահի կողմից այս պաշտոններում անձանց նշանակումը ձեւական բնույթ է կրում: Բանն այն է, որ եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով: Արդեն կառավարության կազմավորումից հետո` քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` կրկին պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Քանի որ նման ընտրությունները Հայաստանում անցնցում են կատարվում, ապա այս սցենարները մեր երկրի դեպքում անիրական են:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿԱՐՏՈՖԻԼ ՄԻ՛ ԿԵՐԵՔ, ԹԱՆԿԱՑԵԼ Է

Հայաստանում թանկացումները զգալի չէին լինի, եթե բնակիչների եկամուտները աճեին այնպես, ինչպես բարձրանում են պարենային ապրանքների գները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` առաջին անհրաժեշտության սննդատեսակները շարունակում են թանկանալ:

Օրինակ` առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացը այս տարվա փետրվարին, հունվար ամսվա համեմատ, թանկացել է 0.2 տոկոսով: Հացից բացի` մեկ ամսվա ընթացքում թանկացել է նաեւ միսը` 1 տոկոսով: Հիմնականում բարձրացել է տավարի եւ հորթի մսի գինը` 2.3 տոկոսով: Նույնքան թանկացել է նաեւ խոզի միսը: Իսկ ահա գառան, ոչխարի մսի գինը բարձրացել է 2 տոկոսով: Թարմ ձկան գինը փետրվարին, հունվարի համեմատ, բարձրացել է 0.9 տոկոսով: Առաջին անհրաժեշտության սննդատեսակներից պանիրն ու կաթնաշոռը եւս թանկացել են. այս դեպքում փետրվարին, հունվարի համեմատ, պանրի եւ կաթնաշոռի շուկայում արձանագրվել է 0.7 տոկոսի գնաճ: Թանկացել են կարագը, կաթնամթերքը, մարգարինը, բուսական յուղերը: Եւ չնայած սրան` պատկան մարմինները պնդում էին, որ որոշ ապրանքատեսակների գները Ամանորից հետո կնվազեն: Բայց հակառակ երեւույթն է տեղի ունենում. դրանք թանկանում են ու թանկանում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը անցած տարեվերջին մեկնաբանելով իր գործընկեր Հակոբ Հակոբյանի` «թանակցումը աղքատներին չի վնասում» արտահայտությունը` հայտարարել էր, որ «գնաճը չի ազդի աղքատների վրա, քանի որ նրանք կարտոֆիլ են ուտում»: Բայց հատուկ Խոսրով Հարությունյանի համար տեղեկացնենք, որ ԱՎԾ-ն գնաճ արձանագրել է նաեւ կարտոֆիլի շուկայում` 2.4 տոկոսով:
Փոխարենը էժանացել են աղը, համեմունքները, խոհարարական խոտերը` 0.5 տոկոսով: Իսկ մարմելադը էժանացել է 0.8 տոկոսով: Կակաոն ու շոկոլադի փոշին եւս էժանացել են: «Ի՞նչ ուտեն աղքատները»,- այս տարեսկզբին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից: Հարցին ի պատասխան` Գաբրիելյանն ասաց. «Մեր ազգաբնակչությունը կընտրի այդ ապրանքների տեսակից առավել մեծ կալորիականություն ապահովող ապրանքների այն ցանկը, որը կհամապատասխանի իր բյուջեին»:
Փաստորեն մեր ազգաբնակչությունը պետք է հրաժարվի ոչ միայն մսից, ձկնամթերքից, այլեւ կարտոֆիլից, որովհետւ այդ մթերքները թանկ են: Փոխարենը փորձի իր գոյությունը քարշ տալ աղով, մարմելադով, կակաոյով, շոկոլադի փոշիով եւ այլն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ
3 օր առաջ Նոյեմբերյան քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի բնակիչներից մեկը` մոտ 60 տարեկան տղամարդ, կաթված է ստացել: Երբ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապ օգնության խումբը եկել է, նախկինում առողջական խնդիրներ ունեցած, այդ պատճառով շուրջ մեկ տարի առաջ ջրմուղի հիմնարկությունում աշխատանքից ազատված տղամարդը մահացած է եղել: Դա առաջացրել է մահացածի չափահաս որդու զայրույթը, ով շտապ օգնության խմբին մեղադրելով ուշանալու մեջ, հարվածներ հասցնելով` վնասել է շտապ օգնության ավտոմեքենան, ջարդել է շտապ օգնության բուժաշխատողի մոտ եղած դեղատուփը: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեպքի կապակցությամբ ներկայումս նյութեր են նախապատրաստվում, ճշտվում են պատճառված վնասի չափերը:

 

 

ԴԵՌ ՆԱԽԱՀԱՇԻՎ ՈՒ ՆԱԽԱԳԻԾ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ
Տավուշի մարզով ձգվող միջպետական ավտոճանապարհի շատ հատվածներ ներկայումս շատ վատ վիճակում են, ավտոմեքենաների վարորդները ձգտելով խուսափել ճանապարհին առկա բազմաթիվ փոսերից եւ ասֆալտածածկի իջվածքներից` ավտոմեքենայով անցնում են հանդիպակած գոտի` ստեղծելով վթարային իրավիճակ: 2016թ. սեպտեմբերի 14-ից մինչ այժմ վերանորոգման նպատակով փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածը, այդ պատճառով բեռնատարներն անցնում են Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով: Խոշոր բեռնատարները մաշում, քանդում են նշված ճանապարհի ասֆալտի` առանց այն էլ մաշված, հին ծածկը: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրատվությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության եւ շահագործման աշխատանքների իրականացման նպատակով 2018 թվականին նախատեսված է հատկացնել 590.6 միլիոն դրամ, իսկ Տավուշի մարզպետարանի պատվիրատվությամբ` մարզային նշանակության ճանապարհների պահպանության համար` 111.5 միլիոն դրամ: Նա տեղեկացրեց նաեւ, որ տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրատվությամբ նախատեսված են իրականացնել Այրում-Դիլիջան միջպետական նշանակության վատ վիճակում գտնվող ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներ: Ա. Գեւորգյանը հայտնեց, որ այդ նպատակով հատկացվելիք ֆինանսական միջոցների չափը հայտնի կդառնա նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումից եւ մրցութային գործընթացի իրականացումից հետո:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս