Ն. ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ ՍՏՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի ավագանու նիստն էր. ընդ որում, փետրվարի 13-ի «կոյուղաջրային» նիստից հետո ավագանիներն առաջին անգամ էին հավաքվել: Հիշեցնենք` ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի բնակիչների խնդրանքով տարիներ շարունակ իրենց մոտ տիրող կոյուղաջրերի գարշահոտության խնդիրը փետրվարի 13-ին տեղափոխել էին Երեւանի քաղաքապետարան: Մասնավորապես վերջիններս կոյուղաջուրը լցրել էին տարայի մեջ եւ փորձել էին մոտեցնել Տարոն Մարգարյանին, սակայն Տարոն Մարգարյանի հրահանգը՝ «դեմն առեք, շուտ, շուտ», լուրջ միջադեպի արդյունք դաձավ: ՀՀԿ ավագանու անդամները գործի դրեցին բռունցքները. ՀՀԿ-ականները ծեծի ենթարկեցին ԵԾ խմբակցության կին անդամներին:

Այս իրավիճակում բավականին զարմանալի էր Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի՝ ՀԷԿ-երի Նառայի հայտարարությունը, երբ ԵԾ անդամներին մեղադրել էր քաղաքապետի դեմ մահափորձ կատարելու մեջ: Նա մասնավորապես ասել էր, որ տարաների մեջ «կիսլատա է»: «Որ ազոտական թթուն լցնեին Տարոն Մարգարյանի վրա, դուք ձեզ լավ կզգայի՞ք»,- հավելել էր հանրապետական տիկինը:
Միջադեպից անցել է 35 օր, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանից հետաքրքրվեց, թե որտեղից գիտեր, որ բանկայի մեջ ազոտական թթու է: ՀԷԿ-երի տիրակալ Նահապետյանը, որ նեղացել էր «Ժողովուրդ» օրաթերթից, փորձում էր արագ-արագ հեռանալ: Այնուամենայնիվ, այդ ընթացքում նա մի քանի բառ ասաց:
-Տիկի՛ն Նահապետյան, միջադեպից անցել է մեկ ամիս եւ Դուք կոնկրետ ասել էիք, որ բանկայի մեջ ազոտական թթու է լցված, որտեղի՞ց գիտեիք, որ կիսլատա է լցված, այլ ոչ թե կոյուղաջուր:
-Ես հարցազրույց չեմ տալու:
-Դուք հստակ հայտարարություն եք արել` ասելով, որ բանկայի մեջ ազոտական թթու է եղել:
-Այո՛, հստակ:
-Կարո՞ղ եք ապացուցել, որ կիսլատա է եղել:
-Դուք անալիզը ունե՞ք:
-Իսկ դուք ունե՞ք
-Այո՛, ես ունեմ:
-Որտեղի՞ց Ձեզ այդ տեղեկությունը:
….Չի պատասխանում:
-Կրկնում ենք` Դուք կոնկրետ ասել եք` տարայում ազոտական թթու կա:
-Ես Ձեզ հարցազրույց չեմ տալիս, Դուք աղավաղում եք իմ բոլոր ասածները:
-Եթե չապացուցեք, որ բանկայի մեջ կիսլատա է, ներողություն խնդրելո՞ւ եք:
-Ո՛չ, ապացուցվել է արդեն վաղուց:
-Վստա՞հ եք: Իրավապահները դեռեւս որեւէ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել, որ բանկայում կոյուղաջուր չի եղել, այլ, օրինակ, եղել է կիսլատա:
-Կոյուղաջրի մեջ եղել է կիսլատա:
-Վստա՞հ եք:
-Այո՛, այո՛ (մեր հարցից զայրացած` հանրապետական տիկինը բղավելով սկսեց հեռանալ,-Ք.Մ):
-Որտեղի՞ց Ձեզ այդ տեղեկությունը:
-Գիտեմ, ստացել եմ այդ տեղեկությունները:
-Ումի՞ց:
-Իրավապահ մարմիններից, գնացեք, իմացեք:
-Փաստորեն, իրավապահ մարմինները Ձեզ ասել են, որ ազոտական թթու է եղել տարայի մեջ:
-Գնացե՛ք, իրենցից հարցրե՛ք:
-Դուք արդեն տեղեկությունը ստացել եք, ասեք` ումի՞ց եք ստացել, իրենցի՞ց եք ստացել: Բա նախաքննական գաղտնի՞քը:
-Ձեր համար իմ ասածը ասած չէ, գնացե՛ք, իրավապահ մարմիններից իմացե՛ք:
-Այսինքն` Դուք ներողություն չեք խնդրելո՞ւ:
-Ոչ մի դեպքում:
-Ըստ Ձեզ` այս հայտարարությամբ օգնեցի՞ք, թե՞ խանգարեցիք Տարոն Մարգարյանին:
Պատասխան չկա: Լուռ փախչում է մեզանից:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյան


-Պարո՛ն Վարդանյան, չամաչեցի՞ք, որ կնոջը բռնությամբ գրկեցիք ու դուրս շպրտեցիք նիստերի դահլիճից:
-Չէ՛, Գոռ Վարդանյանը այնպես հանեց այդ կնոջը, որ ոչ մի բան չլիներ այդ կնոջը: Եվ այդ կնոջը փրկեց այն ամեն ինչից, այն, ինչ իրենք ծրագրավորում էին: Այլ անկյունից նայեք այդ ամեն ինչին:
-Այսինքն` Դուք ներողություն չեք պատրաստվո՞ւմ խնդրել:
-Այնպես հրեցի, որ նա չէր ընկնի: Կարծում եմ, որ իրենք մի տեղ պետք է շնորհակալություն հայտնեն, որ իրենց անվտանգությունը փրկեցինք: Չնայած իրենց կողմից ծրագրավորված սադրանք էր, շնորհակալության խնդիր չկա:
-Ձեր կատարած գործին ինչպե՞ս արձագանքեցին շրջապատը, մտերիմները, տան անդամները:
-Պտտվում, պտտվում, գալիս եք նորից նույն կետին:
-Ուզում ենք իմանալ` գովեցի՞ն Ձեզ, թե՞ հակառակը:
-Դուք հիմա մանկական հարց եք տալիս, որպես մանկապարտեզի երեխային, չի կարելի նման հարց տալ առաջին հերթին, երեւույթը եղել է էքստրիմ երեւույթ, վտանգավոր երեւույթ, եւ իմ բոլոր քայլերը, որոնք արվել են տվյալ նստաշրջանի ժամանակ, զուտ եղել է անվտանգության առումով: Ես արել եմ այն, ինչ կանեի ցանկացած ժամանակ:
-Դուք պատրաստվո՞ւմ եք նման այլ ահաբեկչական գործողություններ կանգնեցնել:
-Ես կցանկանամ` նման իրադարձություններ չլինեն ընդհանրապես, բայց կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է լինի պատրաստ իր կյանքի ամբողջ ընթացքում, եթե լինի նմանատիպ երեւույթներ, այդ պահի դրությամբ ուղղակի կանխի դրանք:
-Հիմա, եթե նորից նման բան լինի, էլի նո՞ւյնն եք անելու:
-Ցանկալի է, որ նման իրավիճակներ չլինեն: Կարծում եմ, որ այդ հարցը լավ կլինի ուղղել իրենց եւ խնդրել, բացատրել, որ, սիրելինե՛րս, ձեզ պահեք այս, այս, այս չափերի մեջ:
-Ձեզ ուժեղ տղա են բնորոշում, ուժեղ տղան տենց բան կանի՞` կնոջը վերցնի, բռնությամբ դուրս հանի:
-Եթե այդ օրը Դուք այնտեղ լինեիք, անձամբ Ձեզ նմանատիպ մի գործողության մեջ վտանգ սպառնար, Ձեր կյանքին ու առողջությանը:
-Փաստորեն Ձեր կյանքին վտա՞նգ էր սպառնացել:
-Ես իմ կյանքին չեմ զգացել, ուղղակի աշխատել եմ մաքսիմում թուլացնեմ լարված իրավիճակը, որը ստեղծված էր դիտավորյալ, եւ իմ բոլոր գործողությունները եղել են զուտ անվտանգության համար, Դուք էլ լինեիք այնտեղ, Ձեզ էլ էի փրկելու:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-Ի ԲԱՆԴԱՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տարիներ շարունակ բարձիթողի վիճակը դարձել է լրջագույն հիմնախնդիր, իսկ այդ ամենի արդյունքում տուժում են սովորական քաղաքացիները: Բանն այն է, որ իրավապահները բացահայտել են ՔԿՀ-ներում պատիժը կրող կալանավորների կողմից քաղաքացիներից խարդախությամբ տարբեր իրեր հափշտակելու հերթական դեպքը: Ընդ որում, գլխավոր հերոսները նախկինում «Նուբարաշեն», այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի ստեղծած հանցախմբի անդամներն են, որոնք այս անգամ էլ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցների անվան տակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռախոսով 15 միլիոն 390 հազար դրամի հափշտակություն են կատարել: Հակոբ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ից քննությամբ չպարզված անձանց հետ 2016թ. դեկտեմբերի 6-ին զանգահարել է «Արմտելեկոմ» ՍՊԸ, ներկայացել որպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակից, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 15 միլիոն 390 հազար դրամ արժողությամբ 37 հատ «Այֆոն 6» եւ «Այֆոն 7» տեսակի բջջային հեռախոսներ, որոնց դիմաց ընկերությանը վճարում չի կատարել: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Մերուժան Գեւորգյանը օժանդակել է նույն խցում պատիժը կրող դատապարտյալ Հակոբ Վարդապետյանին «Պարմա» ՍՊԸ-ից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելուն: Իսկ ահա մեկ այլ դատապարտյալ Սպարտակ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2017թ. մարտին պատիժ կրելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, օժանդակել է նույն խցում պատիժը կրող դատապարտյալ Հակոբ Վարդանյանին 2017թ. մարտի 7-ին «Դե Լաուր» ՍՊԸ-ից առանձնապես խշոր չափերով գույքի հափշտակության կատարմանը: Ըստ շշուկների` նրանք գործել են Սպարտակ Դանիելյանի «ինստրուկտաժով»:
Ստացվում է, որ ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալները ստեղծել են բանդա եւ տարբեր ընկերություններից խոշոր չափերով հափշտակություններ են կատարում: Ամենազարմանալին այն է, որ նախաքննությունը իրականացնող մարմինը շատ դեպքերում չի կարողանում բացահայտել, թե ովքեր են կալանավորներին դրսում օգնում` իրենց գործողությունները իրականացնելու համար: Իրականում, իհարկե, ՔԿՀ ղեկավարությունը տեղյակ է՝ ինչպես են արգելված իրերը հայտնվում կալանավորների ու դատապարտյալների մոտ, նրանք լավ տեղյակ են, թե կոնկրետ ովքեր են «քցումներով» զբաղվում: Բայց արի ու տես, որ ո՛չ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Սերոբ Հարությունյանը եւ ո՛չ էլ ընդհանրապես ՔԿՀ ղեկավարությունը քայլեր չեն ձեռնարկում այդ ուղղությամբ: Թե ինչու, մնում է միայն կռահել. երեւի իրենք էլ են շահույթ ստանում ՔԿՀ-ից կատարված «քցումներից»: Այլապես անհնար է պատկերացնել, թե ինչպես են Ս. Դանիելյանն ու նրա հանցախմբի անդամները, փակ տարածքում գտնվելով հանդերձ, շարունակական հանցագործություններ կատարում: Ու քանի դեռ ՔՀԿ պատասխանատուներից որեւէ մեկը չի դատապարտվել` այս հանցախմբին աջակցելու կամ գոնե պաշտոնեական անփութության համար, հանցագործությունները կշարունակվեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԳՁԳՈՒՄ Է
«Նորք-Մարաշի զինված խմբի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը շարունակում է մեզ խիստ մտահոգել. դատավարությունը ձգձգվում է»,-ասել է նրա պաշտպան Հայկ Ալումյանը: «Այն, ինչ տեղի է ունենում դատարանում, գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ այս գործով հազիվ թե հնարավոր է ակնկալել օրինական դատական ակտ: Վ. Շիրխանյանի վերաբերյալ նրա մյուս փաստաբանները դիմել են ՄԻԵԴ, նրա վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում գործն առաջնահերթության կարգով քննելու մասին: Կառավարությանը վերջնաժամկետ էր տրվել մինչեւ փետրվարի 26-ը իր առարկությունները ներկայացնելու համար: Այդ առարկությունները մեզ դեռ չեն հանձնվել: Ինչպես երեւում է` մեր կառավարությունը միտում ունի ՄԻԵԴ-ում ձգձգելու գործը` փորձելով, հավանաբար, դրա արդյունքում հասնել հաջողության»-ընդգծել է Ալումյանը: Նրա խոսքով` կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել շատ մեծ ծավալի բժշկական փաստաթղթեր` փորձելով ապացուցել, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակն այնքան վատ չէ, որքան մենք ենք ներկայացնում. «Սակայն դրանց մեջ մենք տեսել ենք ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող գրառումներ, որոնք, ամենայն հավանականությամբ, արվել են հետին թվով»,-ասել է նա:

 

 

ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին, պատասխանելով «Ազատության» ռ/կ հարցին` թե հայաստանյան ընդդիմադիրների կարծիքով՝ ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը կպահպանի իշխանությունը վարչապետի պաշտոնում, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը գնում է դեպի ավելի ավտորիտար պետություն, այս մտավախությունները որքանո՞վ են Եվրոպայի համար մտահոգության առիթ, Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահը ասել է. «Իրականում յուրաքանչյուր պետություն իրավունք ունի յուրովի կառուցելու իր քաղաքական դաշտը: Ամենուրեք այդպես է` շատ հաճախ, եթե արմատական փոփոխություններ են իրականացվում, դրանք բուռն քննարկումների են արժանանում: Բնականաբար, եթե ներկայիս կառավարման մոդելը քաղաքացիների սպասելիքները չարդարացնի, ապա հաջորդ անգամ դուք հնարավորություն կունենաք փոխելու այն»: Ռոցկին նաեւ նշել է, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների մասին խոսել է հայաստանյան քաղաքական գործիչների հետ:




Լրահոս