Ինչպես ընտրել ձուն. հեքիաթ և իրականություն

Հավի ձուն առավել հաճախ օգտագործվող սննդամթերքներից մեկն է։ Անցյալ դարի վերջին քառորդում շատերի համար սիրելի և նույնիսկ անփոխարինելի ձվից պատրաստված ուտեստները դասվեցին առողջ ապրելակերպի հետևորդների համար ոչ ցանկալի մթերքների շարքին։ Ձվի օգտագործումն առաջացնում է մի շարք հարցեր, որոնց պատասխանները միանշանակ չեն. արդյունքում առաջ են գալիս թյուր վարկածներ։ Դիետոլոգներն անընդհատ պրպտումների մեջ են` հետաքրքիր է, որ կան սննդակարգեր, որոնց մեջ ընդգրկված է նաև ձուն։ Կատարվել են և կատարվում են բազմաթիվ հետազոտություններ, որոնց արդյունքում ճշտվում են նաև հավի ձվի իրական սննդային արժեքը և առողջության վրա ազդեցության իրական պատկերը։

Կա կարծիք, թե հում ձուն օգտակար է ձայնալարերին և նաև նպաստում է սեռական ակտիվությանը։ Գիտնականները հերքում են նման կարծիքները։ Իրականում հում ձուն վատ է յուրացվում օրգանիզմում։ Բացի այդ, հում ձվի սպիտակուցում պարունակվում է «ավիդին» կոչվող նյութը, որը շրջափակում է B խմբի որոշ վիտամինների գործունեությունը։ Հում ձուն ավելի հաճախակի է դառնում սննդային ալերգիայի առաջացման պատճառ։

Ինչպես ընտրել ձուն

Ընտրությունը կապված է մի շարք նախապաշարումների հետ։

Կեղևի ո՞ր գույնն է ավելի նախընտրելի։ Պարզված է, որ ձվի օգտակարության վրա կեղևի գույնը չի ազդում։ Մուգ գույնի կեղևը պարզապես ավելի ամուր է։
Ձվի օգտակարության աստիճանը կախված չէ նաև դեղնուցի գույնից։ Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա` թռչնի կերն ազդում է դեղնուցի գույնի, սակայն ոչ քիմիական բաղադրության վրա։ Օրինակ, եթե հավի կերին խառնեն եղինջի տերևներ, ապա դեղնուցի գույնը կմգանա։ Կարծիքը, թե մուգ գույնը վկայում է կարոտինի բարձր պարունակության մասին, ճիշտ չէ։

* Հետաքրքիր է, որ նույն հավն ավելի մեծ տարիքում կարող է ածել երկու դեղնուց պարունակող ձվեր։

*Պահպանման ընթացքում ձվի սպիտակուցի մի մասը գոլորշիանում է, դրանից կախված` մեծանում է սպիտակուցի և կեղևի միջև տարածությունը։ Եթե ձուն պահպանելու ժամանակ դրվում է սուր ծայրով դեպի ներքև, ապա նվազում է ներքին ճնշումը։