ՀԱՍԿԱՆԱԼԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՓՆՏՐՏՈՒՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, «Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ:

-Պարո՛ն Մարգարյան, ի՞նչ եք կարծում` քաղաքական ու քաղաքացիական ուժերի նախաձեռնած պայքարն` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, որքանո՞վ կհաջողի:
-Ցանկացած քաղաքական ուժի իրավունքն է որոշակի հարցեր բարձրացնել, պայքարել, գործընթացներ սկսել, հանրահավաքներ անել: Բայց այժմ ես չեմ համարում, որ այս գործընթացում, որ այսօր գնում է, չեմ համարում, որ այդտեղ կա բովանդակային օրակարգ: Ո՞րն է օրակարգը. ես դա չեմ տեսնում եւ դրա համար չեմ հավատում, որ դա ինչ-որ ընթացք կունենա:
-Այսինքն` այն, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը հանրահավաքներ է անում, ազատամարտիկները` նստացույց, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է շուրջօրյա նստացույցերի, չե՞ք կարծում, որ որեւէ արդյունքի կբերեն:
-Բովանդակային օրակարգ չի ձեւավորվել. ի՞նչ են պահանջում: Պահանջում են այն, ինչը սահմանադրական նորմ է: Սահմանադրական նորմը ձեւավորվել է Սահմանադրության ընդունմամբ եւ ԱԺ ընտրություններով: Ձեւավորվել է խորհրդարանական մեծամասնություն, եւ դա նրանց սահմանադրական իրավունքն է` ում առաջադրել որպես հանրապետության առաջին դեմք` վարչապետ տվյալ դեպքում:
-Ստացվում է` անիմա՞ստ է դառնում այդ պայքարը:
-Չէի ուզի այդպես ասել: Բայց ես չեմ տեսնում` այդ պայքարի մեջ ո՞րն է մեխանիզմը. ի՞նչ են հասկանում` ասելով խոչընդոտել վարչապետությանը: Պետք է ձեւավորել Ազգային ժողովում նոր մեծամասնություն եւ առաջադրել նախագահի թեկնածու: Ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում, երբ Սահմանադրությունն ասում է, որ մեծամասնությունն է առաջադրում թեկնածու: ԱԺ-ում մեծամասնություն ձեւավորված է, եւ նրանք են առաջադրելու: Հո չես կարող ասել` ոչինչ, որ ձեւավորվել է մեծամասնություն, բայց պետք է առաջադրենք մեկին, վաղը կընտրենք մյուսին: Դրա համար ես չեմ տեսնում այն լուրջ օրակարգը, որը կարող է որոշակի մի բան անել:
-Տարբեր տարիների խոսվել է նաեւ հեղափոխություն իրականացնելու մասին: Ի՞նչ եք կարծում` հիմա դրա հնարավորությունը որքա՞ն է:
-Գիտեք, ես դա չեմ կարող գնահատել, որովհետեւ ես չեմ տեսնում այն գործընթացը, որը կարող է հանգեցնել դրան: Ցանկացած լուրջ, մեծ հասարակության լուրջ մասնակցությամբ գործընթաց տեղի է ունենում, երբ հասկանալի օրակարգ կա, եւ հասարակությունը այդ օրակարգը համարում է իրենը: Այդ օրակարգն այսօր առաջադրված չէ:
-Իսկ մարդիկ կհավատա՞ն, կգնա՞ն այդ պայքարի ետեւից, թե՞ ոչ:
-Կապրենք, կտեսնենք: Բայց ես կարծում եմ` մեծ շարժում չի տեղավորվի դրա շուրջ: Դա իմ անձնական կարծիքն է:
-Ըստ Ձեզ` կա՞ այս պահին այն ուժը, որն արժանահավատ գաղափարների կրող է եւ ի վիճակի կլինի որեւէ բան փոխելու:
-Չգիտեմ, չեմ տեսնում…
-Այսինքն` նաեւ ռեսուրսի խնդի՞ր եք տեսնում, թեկուզ մարդկանց հավաքելու, համախմբելու առումով:
-Գիտեք` եթե Դուք առաջարկում եք օրակարգ, բայց ասում եք` ա՛յ, եթե ժողովուրդ հավաքվի, մենք կանենք, դա այդպես չի լինում: Օրակարգը պետք է լինի այնպիսին, որ կասկած չթողնի ժողովուրդ հավաքելու: Ժողովուրդը կգնա ճիշտ օրակարգի ետեւից: Իսկ հասարակությունն այսօր հիասթափված է եւ ոչ միայն իշխանությունից, այլեւ ընդդիմությունից:
-Նույն ՔՊ-ում պնդում են, որ իրենք չեն կարող ոչինչ երաշխավորել, մարդիկ են որոշողը` կմիանա՞ն իրենց, թե՞ ոչ:
-Չեմ կարող ոչինչ ասել: Դա իրենց իրավունքն է` ինչ անել, ինչ օրակարգ առաջադրել, իրենք օգտվում են իրենց իրավունքից:
-Ինչպես տեսանք` «Ելք» դաշինքում կարծիքները բաժանվեցին, եւ ի տարբերություն ՔՊ-ի` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրում է պայքարել խորհրդարանի ներսում: Պայքարի այս տարբերակը որքանո՞վ եք արդյունավետ համարում:
-Բոլոր դեպքերում քաղաքական ընդդիմադիր ուժը, եթե ունի տեսակետ, ծրագիր, պետք է աշխատի դրա ուղղությամբ: Իսկ ապրիլից հետո ձեւավորվող իշխանության հարցը որոշվել է մեկ տարի առաջ` ընտրություններով: Հիմա դա գնում է իր ընթացքով: Խորհրդարանն այն տեղն է, որտեղ պետք է տեսակետներ խաչվեն, բանավեճեր լինեն, դրանով է հասարակությունը տեղեկանում, հասկանում` այդ օրակարգն իրե՞նն է, թե՞ ոչ: Հիմա մնացածը չեմ կարող ասել` ով ինչ է ուզում անել, ինչ կարող է անել:
-Դատելով Ձեր տեսակետներից` Դուք չեք լինի Ազատության հրապարակում` որեւէ ուժի կողքին:
-Այդ թեմայով` այո՛:
-Քաղաքական առումով ինչպե՞ս եք գնահատում այն քայլը, որ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե չի հավակնի վարչապետի պաշտոնին, բայց հիմա ՀՀԿ-ականները միայն նրա թեկնածության մասին են խոսում: Սարգսյանն ինքն էլ վերջին հարցազրույցում չէր հերքել այս տարբերակը:
-Գիտեք` ժամանակները փոխվում են: Ես մի բան կարող եմ ասել. որեւէ իրավական խոչընդոտ, որ այսօրվա խորհրդարանական մեծամասնությունն առաջադրի Սերժ Սարգսյանին, ես չեմ տեսնում: Գիտեք ինչ, ես կարծում եմ` երկիրն այնպիսի վիճակում է գտնվում, որ անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ: Եվ հասարակության պահանջն էլ է դա: Եվ անձերից կախված փոփոխության մասին չի խոսքը: Խոսքը համակարգային, երկրում մթնոլորտի փոփոխության մասին է: Այդ փոփոխությունները եթե կգնան, լավ կլինի, չեն գնա, կունենանք այն, ինչ ունենք:

 

 

 

ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՌԱԿՏՎԱԾ ԵՆ 3 ՄԱՍԻ

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ուժերի եւ այդ համատեքստում հասարակական տրամադրությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ:

-Պարո՛ն Ադիբեկյան, հասարակական տրամադրություններն ինչպե՞ս եք գնահատում` կապված Ս. Սարգսյանի հետագա պաշտոնավարման պայքարի հետ:
-Հիմա սպասողական վիճակ է. հանրությունը սպասում է նշանակումների: Այնպես որ այժմ ժողովրդին հանել փողոց, ըմբոստություն անել, իմաստ չունի: Դրա ներքին մղումներն էլ չկան: Եթե ընդդիմությունը փորձում է ինչ-որ մեկին հանել փողոց, լավագույն դեպքում դա կլինեն մարգինալ խմբերի ներկայացուցիչներ կամ իրենց` թվաքանակով քիչ կողմնակիցները: Այնպես որ, հասարակական մեծ ալիք դժվար թե կարողանան բարձրացնել:
-Այսինքն` խնդիրը ուժերի՞ մեջ է, թե՞ հասարակությունը հավատ չունի:
-Ախր քաղաքական ուժը պետք է հզորություն ունենա: Ընդդիմադիր դաշտն այս շրջանում շատ թույլ է: Դասական ընդդիմադիրները` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե գոնե լինեին այստեղ, կունենային հենարան, կարող էին շատերին ներգրավել շարժման մեջ: «Ծառուկյան» դաշինքն էլ կենտրոնամետ է. դա ցույց տվեց նրա աջակցությունը չորրորդ նախագահի ընտրության ժամանակ:
-Եթե առանձին անդրադառնանք պայքար նախաձեռնած ուժերին. ՔՊ կուսակցության դեպքում ի՞նչ շանսեր կան:
-Շատ թույլ է, շատ թույլ… Մենք այդ բոլորն անցել ենք արդեն. առաջինը չեն, երկրորդը չեն: Դժգոհություն բարձրացնելը դեռ մեկի կամքը չի, պետք է քաղաքական լուրջ խմորումներ լինեն:
-Խոսենք Կ. Կարապետյանի եւ Ս. Սարգսյանի վարկանիշների մասին. ի՞նչ վիճակ է ներկայում:
-Կարապետյանը մի քիչ առավելություն ունի ներքին տնտեսական հարցերում, իսկ Սարգսյանը` շատ մեծ առավելություն ունի արտաքին քաղաքական հարցերում: Ընդհանուր որ գումարում ենք` ամենահզոր դեմքը մնում է Ս. Սարգսյանը, հետո նոր` Կ. Կարապետյանը:
-ՀՀԿ-ականները որպես հիմնական թեկնածու Ս. Սարգսյանի անունն են տալիս: Այսինքն` իսկապե՞ս նրան են համարում ամենաարժանավորը բոլորի մեջ:
-Այսպես է. ՀՀԿ-ի պահպանողական թեւը Սարգսյանին կողմ է, նրանք, ովքեր հեռատես են, լայնախոհ, պաշտոնի համար այնքան էլ չեն մտահոգվում, կողմ են, որ գա թարմ ուժ, կարողանա ինչ-որ բան տեղից շարժել: Դրա համար ՀՀԿ-ականները հիմա պառակտված են 3 մասի. մի մասը կողմ է, որ Ս. Սարգսյանը լինի, մի մասը դեմ չի, որ Կ. Կարապետյանը մնա, մի մասն էլ անտարբեր է` ով էլ լինի, ինքը դրանից ոչինչ ո՛չ կշահի, ո՛չ կկորցնի:

Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ՊԱՍԻՎԱՑԱՎ
ԱԺ փոխնախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը պասիվացել ու ավելի լռակյաց է դարձել: Նա այն աստիճան է մեկուսացել, որ անգամ չի մասնակցում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստերին: Մասնավորապես նա չի մասնակցել ո՛չ փետրվարին, ո՛չ էլ մարտին տեղի ունեցած երկուական նիստերին: Սակայն երբ Հայաստան են ժամանում այլ երկրների պատվիրակություններ, նա չի մոռանում ներկա լինել նիստերին` դե, իհարկե, օտարերկրացիներին քծնելու համար: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց դիմել Նաղդալյանին, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

 

ՎԵՐՑՐԵԼ Է
Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Երեւանի քաղաքապետարանում մարտի 7-ին ապօրինի՝ 20 000 դրամից մինչեւ 200 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր բաժանելու վերաբերյալ: Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը սա գնահատել էր որպես խոշոր կոռուպցիոն գործարք: Սակայն գլխավոր դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել: Այժմ ԵԾ-ն դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արթուր Գեւորգյանին, որն ասաց, թե համապատասխան նվեր-քարտ տրվել է նաեւ ԵԾ խմբակցության գործավարին: «Այն պահին, երբ այցելել են տվյալ խմբակցության համար հատկացված աշխատասենյակ, այնտեղ եղել է միայն գործավարը, ով ստացել է նվեր-քարտը եւ ստորագրել»:

 

 

ՓՉԱՑԱԾ ԿԱՅԱՆՆԵՐՈՎ
Երեկ տեղացած ուժգին կարկուտն ահռելի վնասներ է հասցրել ՀՀ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի մի շարք գյուղերի բնակիչներին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արմավիրի մարզի Արգինա գյուղում հիմնականում վնասվել են ծիրանենիները: «Ես ինքս հանձնաժողով եմ ստեղծել, դաշտերում ուսումնասիրություններ ենք կատարել: Մոտավոր հաշվարկներով 30-40 տոկոսով ծիրանենիներն են վնասվել: Մասնագետներն ասում են` եթե ծաղկի 10-15 տոկոսը, մինչեւ վերջ պաշտպանենք, մենք լիարժեք բերք կհավաքենք: Բայց խոսում են, որ առաջիկայում կրկին կարկուտ, ցրտահարություն է լինելու»,- հուսահատված նկատեց Արգինայի գյուղապետ Ռոստամ Արոյանը: Գյուղապետի խոսքերով` գյուղում տեղադրված է վեց հակակարկտային կայան, սակայն դրանցից եւ ոչ մեկը կարկուտից առաջ եւ հետո չի կրակել. «Այդ կայանները այնքան թույլ են, որ հզոր ամպերի դեմ ի զորու չեն պայքարելու»: Մինչդեռ նկատենք, որ կառավարությունը հսկայական միլիոններ է ծախսում` հակակարկտային կայաններ ձեռք բերելու համար, սակայն փորձը ցույց է տալիս, որ դրանք անարդյունավետ են:




Լրահոս